Նյու Յորքի կենտրոնում վառել են Սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը
Նյու Յորքի կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել քաղաքի Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը վառելու ամենամյա արարողությունը։
Ավելի քան 23 մետր բարձրությամբ շուրջ 60 տարեկան ծառը, որը կանգնեցված է Ռոքֆելլեր-փլազա հրապարակում, զարդարել են վիթխարի լուսաշղթաներով, որոնց միագումար երկարությունը կազմում է շուրջ 8 կիլոմետր: Դրանց վրա կա շուրջ 50 հազար գույնզգույն լամպիկ: Գագաթին ամրացրել են բյուրեղապակյա 70-թեւանոց վիթխարի աստղը՝ շուրջ 450 կիլոգրամ քաշով: Այն 3 միլիոն բյուրեղներից ստեղծել են Ավստրիայի Swarovski ֆիրմայի վարպետները: Ավանդաբար ԱՄՆ-ում Ծննդյան տոների շրջանն սկսվում է այն օրը, երբ Ռոքֆելլեր-փլազայի եղեւնու վրա վառվում են լույսերը: Սպասվում է, որ այդ ժամանակահատվածում օրական այդ ծառի մոտ կգա շուրջ կես միլիոն մարդ: Մեգապոլիսի կենտրոնում եղեւնին կանգնած կմնա մինչեւ 2020 թվականի հունվարի 14-ը, ինչից հետո այն կուղարկեն փայտասղոցարան:
Սուրբծննդյան գլխավոր եղեւնին Նյու Յորքի կենտրոնում կանգնեցրել են նոյեմբերի 9-ին: Ծառը մեգապոլիսին նվիրել է Նյու Յորքի նահանգի բնակչուհի Քերոլ Շուլցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: