«Քցոցի փարթի»
Ցանկացած խորհրդարանական հանրապետության պայմաններում բավական կարևոր, անգամ առանցքային է հասուն և կայացած պառլամենտ ունենալու հանգամանքը, հատկապես, երբ հենց այնտեղ պետք է տեղի ունենա քաղաքական հիմնական երկխոսությունը։ Սակայն այն, ինչին ականատես ենք դառնում այս օրերին պառլամենտական Հայաստանում՝ դուրս է բոլոր տեսություններից և դասագրքային ճշմարտություններից։ Ներկայումս այսօր ունենք այնպիսի պառլամենտական համայնապատկեր, երբ պառլամենտական ընդդիմությունը դարձել է ավելի «իշխանական», քան բուն իշխանությունը։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քաղաքական գործունեությանն ու ընդհանուր հռետորաբանությանը։
Նախ՝ այս քաղաքական ուժը ցույց տվեց, թե որքան անսկզբունքային է և որքան փաշինյանասեր։ Ինչպես հայտնի է՝ մոտ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստանը» հանդես էր եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական։ Միաժամանակ, «զարմանալի զուգադիպությամբ», այս թեման անընդհատ քննարկվում էր կառավարության նիստի ընթացքում, այլ կերպ ասած՝ իշխանությունների օրակարգում առաջնային հարցերից մեկն էր։ Սա այն փուլում էր, երբ հրաժարական տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ապա՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Լուսավոր Հայաստանի» այս նախաձեռնությունն ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից բավականին դրական ընդունվեց, ավելին՝ քառօրյայի քննարկումների ժամանակ բոլոր իմքայլականները կուրծք ծեծելով՝ խոսում էին «օրենքի հրատապության, օր առաջ ընդունելու» մասին և այն մասին «թե ինչքան կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել խորհրդարանական ընդդիմությունը»։
Կարծես ամեն ինչ նորմալ էր, և առաջին ընթերցումն անցավ գրեթե առանց միջադեպի՝ ստանալով 112 կողմ ձայն։ Սակայն հարցի հետագա ընթացքը բավականին անկանխատեսելի եղավ, քանի որ ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Երկուշաբթի օրն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները:
Ստացվում է, որ հիշյալ օրինագիծն իշխանությունները մերժեցին՝ ըստ էության ոչ մի փաստարկ չներկայացնելով։ Առավոտյան տեղի ունեցած քվեարկությունից պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին, այն չընդունվեց՝ ստանալով 19 կողմ և 89 դեմ ձայներ: Այս ամենը համադրելով՝ կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանին հավատարմության երդումը Մարուքյանի ու լուսավորականների մոտ այն աստիճան խորն էր, որ անգամ նրանք մի փուլում բացահայտ տոտալ գրոհների շարք էին սկսել իշխանություններին բովանդակային ու խորքային քննադատության ենթարկող ՀՀԿ-ի նկատմամբ։ Միաժամանակ ՀՀԿ-ից հնչող հակափաստարկներն ու փոխադարձ վիրավորանքներն իրենց վրա ընդունելով՝ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի համար դարձել էր շատ լուրջ պաշտպանիչ վահան։ Ինչպես հետագայում ժամանակը ցույց տվեց և ամեն ինչ դրեց իր տեղը՝ Փաշինյանը շատ արագ լքեց Մարուքյանին՝ նրան կանգնեցնելով փաստի առաջ և քաղաքական ընկճախտի սինդրոմ պարգևելով։
Նման մի «ծառայություն» էլ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն անձամբ մատուցեց Փաշինյանին, երբ ճգոստոսի 4-ին վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, և հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։ Ինչպես հիշում եք, նա այդպես էլ չբացահայտեց, թե ինչ գաղտնի-խորհրդավոր փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել, ինչու է այդ հույժ կարևոր փաստաթուղթը Փաշինյանը պահում ու միայն արձակուրդի օրերին ծանոթանում, և, ի վերջո, ինչո՞ւ չի հրապարակում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրականում նման բան կար։
Մինչ որոշ գործիչներ գլխի էին ընկել, որ դա սովորական հնարք էր Փաշինյանի կողմից, և ոչ մի փաստաթուղթ էլ իրականում չկա, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։ Օրեր անց Մարուքյանը հայտարարեց, թե իրեն հրավիրել են կառավարություն՝ ցույց տալու փաստաթուղթը։
«Ես կարծում եմ, որ, եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- ժանրի կանոններին համապատասխան՝ այն ժամանակ ասել էր Էդմոն Մարուքյանը։ Սեպտեմբերի 6-ին, Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ առավոտյան գնացել է Կառավարություն. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»: 168.am-ը երեկ նրանից հետաքրքրվել էր՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում հասանելի դարձնել նաև հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը»,- պատասխանել էր Է.Մարուքյանը։
Մեզ հայտնի էր դարձել, որ խոսքն ընդամենը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել էր 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո՛, գորշ գույներով էին նկարագրել իրավիճակը, և երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ է եղել և ներկայացվել է կառավարություն, այնտեղ մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են, և այն օբյեկտիվ չէ։ Արդյունքում, և՛ կառավարությունն էր հրաժարվել այն հիմք ընդունել, և՛, ինչն ավելի ուշագրավ է, Համաշխարհային բանկը նույնպես այլևս այդ զեկույցի մասին որևէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Սա էր ամբողջ «բոլոլան», կինոյի ավարտը։
Ինչևէ, այսօր ունենք մի պատկեր, երբ «Լուսավոր Հայաստանն» ամբողջովին տրվել է Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքներին, կատարել նրա համար ռիսկային ու տարբեր փուլերում բավականին կարևոր հարցերի ֆիգուրանտի դերը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինչպես ասում են՝ այս անգամ էլ է «քցում» Մարուքյանին։
Փաստացի Փաշինյանը «Լուսավորին» նախ՝ իր նպատակների համար դարձրեց քաղաքական գործիք, հետո հրաժարվեց նրանց ծառայություններից՝ այդ կերպ հերթական անգամ ցնցելով ընդդիմադիր կուսակցության նրա միֆը։
Իրավիճակը նմանվում է լքված այն սիրուհու վիճակին, որի պաշտոնյա սիրեկանը ժամանակին «սարեր» ու «թանկարժեք ընծաներ» էր խոստանում, իսկ կարճ ժամանակ անց՝ լքում է նրան՝ անգամ հեռախոսահամարը փոխելով։
Ցավալիորեն տխուր իրավիճակում է հայտնվում թիմը. Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, ովքեր բացահայտումներով վերահսկում են իշխանական քաղաքապետի գործունեությունը, հայտնվում են անհարմար իրավիճակում։ Նրանք պայքարում են, իսկ թիմի ղեկավարն ինչ-ինչ պայմանավորվածությունների պատճառով ողջ քաղաքական թիմին անհարմար իրավիճակում է դնում։ Վերջում՝ հայտնվում են «ֆեյք» ընդդիմության դերում, որին լիակատար արհամարհում և քննադատությունների թիրախ է դարձնում հենց այդ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Արթուր Գալստյան