«Այսօր՝ Բանգլադեշում, վաղը՝ Հանրապետության հրապարակում, 3-րդ օրը՝ Չարբախում… մենք այս մարդկանց տանջելու ենք, ոչ թե օգնելու». Սերգեյ Բագրատյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Ըստ ներկայացված նախագծի՝ Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնելու են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա, իսկ թույլտվության տրամադրման կամ մերժման կարգը սահմանելու է Երևանի ավագանին։
Ըստ այս փոփոխությունների՝ քաղաքապետարանն է տալու թույլտվություն, թե քանի օրով և քանի ժամ տևողությամբ կարող է տնտեսվարողը գործունեություն իրականացնել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ինքը զրուցել է տնտեսվարողների հետ և պարզել հետևյալ.
«Իրենք ընդհանրապես պատրաստ չեն մեկ օրով առևտուր իրականացնել, համարում են, որ անլուրջ օրինագիծ է, և գտնում են, որ առնվազն պետք է մեկ ամիս լինի, որպեսզի հնարավորություն ունենան առևտուր իրականացնել, թե չէ՝ այսօր՝ Բանգլադեշում, վաղը՝ Հանրապետության հրապարակում, 3-րդ օրը՝ Չարբախում… մենք այս մարդկանց տանջելու ենք, ոչ թե օգնելու։ Ձեր կարծիքը, որ առնվազն մարդիկ մեկ շաբաթ ունենան աշխատելու»,- իր մտահոգությունները ներկայացրեց Բագրատյանը՝ ավելացնելով, որ նման առևտրի կազմակերպումը ձեռնտու է նաև իրականացնել ավտոմայրուղիներին։
Պատգամավորի բարձրացրած հարցերի վերաբերյալ, նախագծի հեղինակը նկատեց, որ թեև ինքն էլ է մտածում, որ կարող էին տնտեսվարողներին տալ առավելագույն ժամկետ, և ասել՝ բերեք և ինչքան, ինչ ուզում եք՝ վաճառեք, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այդպիսի քաղաք ենք ուզում ունենալ։
«Մյուս կողմից, չէ՞ որ այդ տնտեսվարողը ներդրում է արել, օրենքը կարդացել է, որտեղ գրված է, որ պետք է լինի շարժական առևտրի կետ, և էնպես չէ, որ նա շինարարություն է իրականացրել կամ կրպակ կառուցել, և այս օրենքը գալիս է քանդելու այն։ Նա շատ լավ իմացել է, որ այսօր կարող է Մալաթիայում լինել, հաջորդ օրը՝ Կենտրոնում»,- ասաց նա:
Սիսակ Գաբրիելյանի արձագանքից հետո Սերգեյ Բագրատյանն առաջարկեց վերաորակավորում անել և ասել՝ ոչ թե՝ շրջիկ, այլ՝ թափառական առևտրի կետեր։
«Դուք պատկերացրեք Ձեզ այդ վիճակում… իսկ երբ ասում եք, որ՝ մենք չենք պատկերացնում քաղաքն այդ տեսքով, բայց չէ՞ որ հաջորդ օրը նույն տեղն ուրիշն է կանգնելու, այնպես չէ, որ լրացուցիչ տեղ են պահանջում։ Ես գտնում եմ, որ օրենքը պետք է բխի շահերից, ոչ թե օրենք ունենալու նպատակահարմարությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում