Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել
Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:
Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզն այս ռասիստական գրության վերաբերյալ պնդել է, որ այն կրոնական հողի վրա չի կատարվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ևս անդրադարձել է այդ միջադեպին՝ Twitter-ում գրառում անելով.
«Մեր ալևի քաղաքացիների դեմ ուղղված այս տգեղ արտահայտությունների փաստով իրավապահ մարմինները հանգամանալից քննություն են իրականացնում: Ամեն ինչ բացահայտվելու է»:
Հիշեցնենք, որ ալևիները հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային, կենտրոնական լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները: