Բաժիններ՝

«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում. «Փաստինֆո»

ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբեկելու փորձի համար:

Այս մասին Արա Բաբլոյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:

«Ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզ լինելով, որեւէ մեկը չունեցավ այդքան խիզախություն ու ազնվություն ասելու՝ պարոն Բաբլոյան իրականում համոզվեցինք, որ Դուք ճիշտ էիք: Ես հուսով եմ, որ եթե կա արդարություն, եթե կա ազնվություն, եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ, որ ընդունեն՝ իրականում Արա Բաբլոյանը չի արել խախտում, չունի դիտավորություն` ինչ-որ մի բան հապճեպ անել, Հրայր Թովմասյանին ընտրել: Թող բարի լինեն, բարձրաձայնեն ու ներողությունն էլ խնդրեն»,- «Փաստինֆո»-ին ասա Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման և 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։

Իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին Արա Բաբլոյանը որեւէ նորություն չունի: Լսել է՝ օրերս լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նաեւ այդ գործից են հարցրել: Վերջինս նշել է միայն, որ նախաքննություն է ընթանում: Այդքանը:

«Ես գիտեմ մի բան, որ ինքս արել եմ այնպես, ինչպես ամենուր եմ աշխատել, նույն մոտեցումներն են եղել թե վարչապետի ընտրության ժամանակ, թե երկրի նախագահի, թե ՍԴ նախագահի եւ թե այլ հարցերի: Եթե եղել են թղթաբանական որոշ գործավարական փնթիություններ , ապա դա որեւէ կապ չունի իմ աշխատանքի ոճի հետ, բայց իրավական խախտում, որը կարող է բերել նման մեղադրանքի, ես թույլ չեմ տվել եւ այդպիսի խախտում գոյություն չունի: Նույնիսկ այն պահը, որ ասում են, թե ես ամսի 2-ին ստորագրել եմ, բայց 5-ին է դրվել կայք, քանի որ 7 օր էր պահանջվում, եթե նույնիսկ 5-ը համարեն առաջին հայտարարություն, ես 2-րդ հայտարարությունը արել եմ ամսի 12-ին՝ 7 օրը պահպանված է, այսինքն իրավական որեւէ խախտում չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում շարունակեց Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանն արդեն իսկ նշել է՝ ոչ միայն Հրայր Թովմասյանի եւ Նիկոլ Փաշինյանի, պարագայում է նույն կերպ վարվել, այլեւ Ֆելիսք Ցոլակյանի, Արարատ Միրզոյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի եւ բոլոր նրանց դեպքում, ովքեր ընտրվել կամ նշանակվել են կառավարության կազմում:

«Այո, կան մարդիկ, որոնք կարդում են ու հասկանում են, կան մարդիկ, որոնք չեն կարդում ու կան մարդիկ , որոնք կարդում են, չեն հասկանում: Բարեբախտաբար, Արա Բաբլոյանը, եթե մի բան կարդում է, հասկանում է: Եթե համարենք, որ այդ մարդիկ պետք է դիմում տային, ապա այդ մարդիկ կխախտեին մեր Սահմանադրությունը, որովհետեւ, եթե դիմում տալու ճանապարհով ենք գնում, իրենք դեռ 7 օր կհամարվեին պատգամավոր եւ, եթե 7 օր հետո հետ չեն վերցնում դիմումը, նոր է իրենց պատգամավորական լիազորությունները դադարում են, իսկ այդ մարդկանց պատգամավորական լիազորությունները, ում անունները ես հնչեցրեցի, իրավունքի ուժով են դադարել, որպեսզ գործընթացը շարունակվի եւ ԿԸՀ-ն կարողանա նոր մանդատ տրամադրել»,- բացատրեց ԱԺ նախկին նախագահը: Ըստ Բաբլոյանի, ամեն ինչ շատ պարզ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս