Բաժիններ՝

«Հասարակությունը պիտի իմանա, որ իր երբեմնի սիրված դերասանը կարող է ի պաշտոնե դերասանություն անել, ստել հանրությանը». Դավիթ Խաժակյան

Չնայած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումներին, թե այսօր արդեն գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ու նրա հետ առնչվող ընկերությունները որևէ նվիրատվություն քաղաքապետարանին չեն արել ու որևէ «Կամազ» չեն նվիրել, ինչն օրեր առաջ 168.amի հետ զրույցում ասել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, այսօր քաղաքապետարանն այլ տվյալներ հրապարակեց: Այս տվյալներից երևում է, որ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն, իհարկե, արել է:

«Հասարակությունը պետք է իմանա, որ իրենց երբեմնի սիրված դերասանը երբեմն կարող է նաև ի պաշտոնե դերասանություն անել, ստել հանրությանը և տալ կեղծ տեղեկություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ կեղծ տեղեկություն էր այն, որ քաղաքապետն աներկբա հերքում էր Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը, ավելացնելով, որ նույնիսկ Սամվել Ալեքսանյանի հետ որևէ փոխկապակցված անձ այդ նվիրատուների ցանկում առկա չէ:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը հաջորդած ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս»  խմբակցության ղեկավարը վերահաստատել էր ասածը՝ պնդելով, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին աղբատար մեքենաներ է նվիրել:

Քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսից հետո Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շնչակտուր հասավ նախասրահ, որտեղ ընթանում էր ասուլիսը, ու լրագրողների հետ զրույցում հերքեց Խաժակյանի ու խմբակցության մյուս անդամների պնդումները, թե երբեմնի օլիգարխ, այսօր գործարար Սամվել Ալեքսանյանը կամ նրան առնչվող որևէ ընկերություն նվիրատվություն է արել Երևանին, հետո էլ ավելացրեց, որ չի հիշում նվիրատուների անունները, բայց նրանց մի քանի օրից պատվոգրեր կտան քաղաքի զարգացմանն օժանդակելու համար:

Նվիրատուներից 2-ը՝ «Ն և Ս Քոնսթրաքշն»  ՍՊԸ-ն և «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն շինարարական կազմակերպություններ են: Խաժակյանի համար սա բնավ  պատահական չէ: Սրանով վերահաստատվում է նրա մյուս դիտարկումը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ կազմակերպությունները շինթույլտվություններ ստացել են հենց այդ «Կամազների»  դիմաց, ինչը նշանակում է, որ այդ «Կամազները»  ոչ թե նվեր են, այլ պետական գործառույթների կատարման դիմաց տրված հատուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ խոստանալով առաջիկայում  ասածները փաստերով ապացուցել:

Երևանի ավագանու «Լույս»  խմբակցության ղեկավարի համար այսօր  քաղաքապետ  Հայկ Մարությանի անսպասելի արձակուրդը պայմանավորված է, իր խոսքով, նվիրատվությունների գործընթացի խայտառակ բացահայտումներով:

«Քաղաքապետի բացակայությունն այս պահին ամենավատ բանն է, ինչ կարող է պատահել արժանապատիվ պաշտոնյայի հետ: Դու իրականացրել ես մի գործընթաց, որի պատասխանը դու չես տալիս,  թողնում ես, որ տա քո մամլո խոսնակը, և դու խուսափում ես այդ պատասխանատվությունից»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ քաղաքապետն ի սկզբանե գիտեր, որ այս ցանկի հրապարակումն այսպիսի աղմուկ է առաջացնելու:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին ներկայացնում էր պարզաբանումներ աղմկահարույց նվիրատվությունների մասին:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս