
«Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ որևէ պախարակելի բան չկա». Քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվություններին, հայտնեց, որ հրապարակել է հինգ պայմանագիր, դրանցով ընդհանուր առմամբ 21 մեքենա են նվիրել Երևան քաղաքին:
«Դրանից զատ, ընթացքի մեջ է առնվազն տասը պայմանագրեր, որոնցով քննարկվում է, որ քաղաքը նոր գույք կստանա՝ կրկին մեքենաներ»,- նշեց նա։
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ թեև այս պրակտիկան Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ չի ձևավորվել, սական քաղաքապետ Մարությանը խրախուսում է այս պրակտիկան, և այն միջազգայնորեն տարածված է:
«Հայկ Մարությանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանից նվեր կընդունի այնպես, ինչպես բոլորից, ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել նրանից նվերներ ընդունելուց՝ նման բան չկա»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ «Ալեքս հոլդինգի» հիմնադիր սեփականատեր գրանցված է մեկ անձ, ով Սամվել Ալեքսանյանը չէ, այլ Հայկ Իսրայելյանն է:
Ավելին՝ քաղաքապետարանը չունի գործիքակազմ՝ պարզելու, թե այս կամ այն կազմակերպության հետևում ով է կանգնած:
«Եթե դուք կարծում եք, որ դա «Ալեքս հոլդինգն» է և կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, ես չեմ կարող, առավելևս՝ Հայկ Մարությանը, անել հայտարարություններ ասեկոսեների հիման վրա, հատկապես, որ Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ որևէ պախարակելի բան չկա»,- եզրափակեց նա:
Զվարթ Խաչատրյան