
ՍԱՏՄ ղեկավարը հորդորում է փողոցից միս չգնել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորում է ոչ մի դեպքում փողոցից, մեքենաների բեռնախցիկներից և սանիտարական վատ պայմաններում գտնվող միս չգնել: Այս մասին Ավետիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Վերջերս մեզ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հաճախ են ուղարկվում թարմ մսի փողոցային անթույլատրելի վաճառքը փաստող լուսանկարներ: Թեև նման իրացումը կանխելու կամ արգելելու իրավական հիմք ՍԱՏՄ-ն չունի, սակայն պատրաստ ենք աջակցել տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին խնդիրը լուծելու հարցում: Հորդորում եմ նախ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից, որը չունի դրա անվտանգությունը փաստող անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ, և ապա՝ նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել տեղի ՏԻՄ և իրավապահ կառույցներին կամ զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010 206040 համարով: Հրաշալի կլինի, եթե նկարեք և լուսանկարներն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով մսի անօրինական վաճառքի տեղը, հասցեն: Ուղարկեք նաև ՍԱՏՄ facebook-ի պաշտոնական էջին ՝ https://www.facebook.com/snund.am/ »,- գրել է նա:
Ավետիսյանը նշել է, որ 2020թ. հունվարի 15-ից արգելելու են մսի սպանդանոցային ծագման մասին հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չունեցող մսի վաճառքը: