ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է 62 հազար գործազուրկ, նրանց մեծ մասն աշխատանք է փնտրում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է աշխատանք փնտրող ավելի քան 61 հազար մարդ. Երևանում աշխատանքի տոնավաճառի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վիճակագրական կոմիտեի սեպտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում կա 62 հազար գործազուրկ, որոնց թիվը մոտ 2000-ով պակաս է, քան տարեսկզբին:
«12 հազար մարդ հաշվառված է միայն Երևանում: Գործազուրկների 73 տոկոսը կանայք են, աշխատանք փնտրողների մեծ մասը ևս կանայք են: Իրենք ցանկություն ունեն աշխատելու»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում ավելի քան 70 գործատու առաջարկում էր 1000-ից ավելի աշխատանք: Գործազրկության խնդիրը լուծելու առաջին քայլը, ըստ Զարուհի Բաթոյանի, պետք է լինի մարդկանց ավելի շատ իրազեկելը:
«Մարդիկ պետք է իմանան այս աշխատատեղերի գոյության մասին, և նման տոնավաճառները հենց այդ նպատակն ունեն: Մենք մարզերում արդեն կազմակերպել ենք տոնավաճառներ: Կարևոր է փոխել մոտեցումը, կոչ ենք անում փորձ ձեռք բերելու համար օգտագործել բոլոր հնարավորությունները՝ կամավորություն, ցածր վարձատրվող աշխատանք, պրակտիկա»,- ասաց նախարարը:
Տոնավաճառին աշխատանք փնտրելու էին եկել՝ ինչպես երիտասարդները, այնպես էլ՝ մեծահասակները:
«Ես բակալավրի չորրորդ կուրսի ուսանող եմ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում եմ՝ որպես կամավոր, բայց թողնելու եմ նաև ինքնակենսագրականս, որ հետագայում, եթե որևէ գործատու ինձ համար հարմար աշխատատեղ ունենա, առաջարկի: Մանագիտությամբ տնտեսագետ եմ, փնտրում եմ հաշվապահի, հաշվետարի, մարքետոլոգի աշխատանք»:
«Էլեկտրաեռակցող եմ, ման եմ գալիս, տեսնեմ՝ ինձ համար ի՞նչ հարմար աշխատանք կա: Եթե դա էլ չլինի, այս հասակիս պատրաստ եմ պահակություն անել»:
«Ես անաչափահաս եմ, այդ պատճառով ինձ համար դժվար է աշխատանք գտնել: Քոլեջում եմ սովորում, շուտով ֆինանսիստի որակավորում կստանամ: Արդեն հասցրել եմ դիմել մի քանի տեղ»:
Գործատուները վստահեցնում են՝ առաջարկում են միջինից բարձր աշխատավարձով աշխատանք, փնտրում են լավ մասնագետների:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ