Դատարանը մերժեց պաշտպանների՝ դատախազ Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Կարեն Բիշարյանն այսօր միջնորդել էր գործով որպես մեղադրյալ դատախազ ներկայանալու համար, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

Հ. Խուդոյանը որպես ինքնաբացարկի հիմնական հիմք ներկայացրեց դատախազ Բիշարյանի 2018 թվականի փետրվարի 23-ին Ազգային Ժողովում արած հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին և մյուս գեներալներին գործով անգամ որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն չկա:

Փաստաբանի համար անհասկանալի է, որ այդ հայտարարությունից 1.5 տարի անց Կարեն Բիշարյանը ցանկանում է պաշտպանել Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը:

Խուդոյանին միացան նաև Քոչարյանի մյուս փաստաբաններն ու մյուս մեղադրյալների փաստաբանները:

Կարեն Բիշարյանը պատասխան ելույթի ժամանակ ասաց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին ԱԺ լսումների ժամանակ  ինքը ոչ թե իմպերատիվ դիրքորոշում է արտահայտել, որ չկա Քոչարյանին որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն, այլ գրեթե բառացի ասել է, որ ցանկացած անձի, նաև Ռոբերտ Քոչարյանին, հարցաքննելը չպետք է լինի աննպատակ:

Այնուհետև նա հավելեց, որ այդ լսումներից հետո են սկսել քննել 0038 հրամանն ու 2008 թվականի մարտի 1-ին զորքի ներգրավման մասին հանգամամքները, ու դրանից 4 ամիս 10 օր հետո գործով ձեռք բերված տվյալները փոխվել են, ինչի արդյունքում էլ նա ցանկանում է այս գործում ներգրավվել որպես մեղադրող դատախազ և պաշտպանել մեղադրանքը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս