Դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։ Սաղաթելյանը առողջական վիճակով պայմանավորված ներկա չէր դատական նիստին։
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրաժարվեց Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նշված հոդվածներով նախատեսված արարքների մեջ:
2008 թվականին նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար:
2019 թվականի հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը։
Ավելի վաղ, ՄԻԵԴ-ը «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ: