Բաժիններ՝

Երբեմն մեր հաջողություններին տրվելով՝ մոռանում ենք կարևորագույն արժեքների մասին

Մարդը, հաճախ տրվելով այս կամ այն հոսքին, կարող է զոհ գնալ փառքի, տրվել փառասիրությանը: Երբեմն մեր հաջողություններին տրվելով՝ մոռանում ենք կարևորագույն արժեքների մասին՝ անգամ չգիտակցելով, որ ինքներս զոհ ենք, համարելով մեր փառքը ձեռքբերում:

Փառքը շոյում է մեր ինքնասիրությունը, կարևոր դարձնում մեզ ինքներս մեզ համար: Փառքը մոտեցնում է մեզ այլոց. մեզ սկսում են սիրել, ճանաչել: Արդյո՞ք նրանք սիրում են մեզ և ոչ մեր անունը, և արդյո՞ք կսիրեն, երբ փառքը լքի, այլևս չհետապնդի մեզ:

Փառքին տրվելով՝ մեզ թվում է, թե մոտենում ենք մարդկանց: Մենք շարունակ փորձում ենք գոհացնել նրանց՝ անշուշտ, չհասնելով ցանկալի արդյունքի: Փառասիրությունը մեզ դրդում է ոչ թե օգնելու մեր մերձավորին, ձեռք մեկնելու նրանց դժվարին իրավիճակում, այլ ներկայացնելու մեզ այլոց առաջ, հիշեցնելու նրանց մեր մասին, սեր հայցելու նրանցից և գոհացնելու նրանց՝ պարտադրված փոխադարձ վերաբերմունքով: Սակայն մի պահ կանգ առնենք և հարցնենք ինքներս մեզ՝ մենք ցանկանում ենք գոհացնել մարդո՞ւն, թե՞ Տիրոջը: Արդյոք ո՞րն է մեր նպատակը՝ հասնել փառքի գագաթնակետի՞ն, թե՞ աստվածահաճո գործերով ավելի մոտենալ մեր Աստծուն:

Հասկանալով ու ընդունելով մեր կատարածը, բուժվելով փառասիրության աղտից, բռնելով ապաշխարության ուղին՝ կարող ենք վերգտնել ներքին խաղաղությունն ու աստվածային լույսը: Թողնելով, որ փառքն ու փառասիրությունը հեռանան մեզնից՝ կբացենք ճանապարհ այլոց նկատմամբ իրական սիրո համար, որը ոչ այլ ինչ է, քան սեր Աստծո հանդեպ:

«Յուրաքանչյուր ծովագնաց հնարավոր է ենթարկվի նավաբեկության, անգամ նրանք, ովքեր մեծ քաջությամբ են նավարկում: Այդպես և նա կարող է ենթարկվել մարմնական վտանգների, ով գլուխը վեր պարզած քայլում է՝ անտեսելով իր առջև ընկածին: Քանի դեռ նավարկում ես բարենպաստ քամու ժամանակ, ձեռք մեկնիր նրան, ով ենթարկվել է նավաբեկության: Քանի դեռ վայելում ես առողջությունն ու հարստությունը, ձեռք մեկնիր տառապյալին: Մի սպասիր նրան, որ քո անձնական փորձով իմանաս, թե ինչ է անգթությունը և ինչ մեծ բարիք է այն սիրտը, որ բաց է տառապյալի առաջ: Մի ցանկացիր ապրել այնպես, որ Աստված Իր ձեռքը բարձրացնի ամբարտավանության վրա (Սաղմոս 73:3)»:

Վիկտորյա Մարկոսյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս