Զուգահեռաբար՝ Իրանում ու Վրաստանում անկայունությունը բարենպաստ տարածաշրջանային իրավիճակ չի ստեղծում Հայաստանի համար, որն արտաքին աշխարհին կապվում է այս երկու երկրների միջոցով միայն. վերլուծաբան
«Ներքաղաքական զարգացումներն Իրանում և Վրաստանում կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգության վրա, դրանով իսկ անդրադառնալով նաև Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում՝ Իրանում ու Վրաստանում առկա ներքաղաքական ճգբնաժամային իրավիճակին և, մասնավորապես, վրացական զարգացումներին:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լարված է իրավիճակը հարևան Վրաստանի ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմությունն իշխանությունից պահանջում է անցում համամասնական ընտրակարգին: Վերջին օրերին Վրաստանում բավականին մարդաշատ և լարված բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ: Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին կրկին մեծ ակցիա իրականացնել Թբիլիսիում։ Այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի նոյեմբերի 26-ին նշանակված նիստը՝ խստանալով չհրաժարվել փողոցային պայքարից, մինչև չհասնեն բոլոր պահանջների բավարարմանը։
Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանում ընդդիմությունը մարտական է տրամադրված իշխանության առջև դրված պահանջները պարտադրելու հարցում, քանի որ կասկածներ կան 2020 թվականին անցկացվելիք ընտրությունների թափանցիկության հարցում, երբ իշխանությունը փորձում է պահպանել մեծամասնական ընտրակարգը:
«Այս օրերին մենք տեսնում ենք, որ իշխանությունը ցանկանում է հանդարտեցնել երկրում տիրող իրավիճակը, որին ոչ միշտ է նպաստում իրավիճակներին իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի զիջումների միջոցով: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով կհաջողվի քաղաքական կյանքն առողջացնող որոշումներ կայացնել: Հակված եմ կարծել, որ իշխանությունն ընդառաջ կգնա պահանջներին: Ըստ իս՝ առաջիկա շաբաթն այդ իմաստով կարևոր կլինի: Բայց պետք է հասկանանք, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է, և մոտ ապագայում Վրաստանում ներքաղաքական կրքերը բավականին ակտիվ են լինելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա, ըստ վերլուծաբանի, թեև փակ է տեղեկատվությունը մեծամասնությամբ, Իրանում տիրող իրավիճակը ևս մտահոգիչ է, քանի որ հասարակական տրամադրությունները բենզինի թանկացման և ընդհանրապես թանկացումների դեմ չեն հանդարտվում: Բնականաբար, նրա որակմամբ, տարածաշրջանում զուգահեռաբար երկու երկրում նման անկայունությունը բարենպաստ իրավիճակ չի ստեղծում տարածաշրջանում և հատկապես Հայաստանի համար, որն արտաքին աշխարհին կապվում է այս երկու երկրների միջոցով միայն: «Բնականաբար, սրանք ներքին զարգացումներ են, և Հայաստանից առանձնահատուկ քայլեր չեն պահանջվում, քանի որ ազդելու լծակներ, այս ամենը կառավարելու հնարավորություններ Հայաստանը չունի: Բայց Հայաստանը կարող է հետևել իրավիճակին՝ համապատասխան դիրքավորումների համար անհրաժեշտության դեպքում: Բայց կարծում եմ, որ երկու երկրում էլ իրավիճակը չի երկարաձգվի այնքան, որպեսզի հանգեցնի իրավիճակի լուրջ ապակայունացման տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի համար»,- ասաց նա: