«Այն դատավորին, ով իմ իրավունքները խախտում է, ես հարգել չեմ կարող». Ռուբեն Սահակյան
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:
Հայկ Ալումյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:
Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում, և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց… դե, նա շատ կատուներ է պահում»:
168.am-ի հետ զրույցում Ռուբեն Սահակյանն ասաց, որ գնահատական չի տալիս կարգապահական վարույթի վերաբերյալ, քանի որ հարցն իրեն է վերաբերում:
«Ասեմ՝ ինչո՞ւ այդպես ասացի: Դա վրդովմունք էր, որն առաջացավ ինձ մոտ դատական նիստից հետո: Երբ ես փորձում էի հիմնավորել, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել, խոչընդոտելու նպատակ չի կարող ունենալ, անհրաժեշտություն չունի, և ուզում էի, օրենքի տառը ներկայացնելով, պատճառաբանել, բացատրել, դատարանն ինձ անընդհատ ընդհատում էր: Իրեն թվում էր, թե ես թեմայից շեղվում եմ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը:
Վերջինս նշում է, որ ինքը փորձում էր ասել իր ասելիքը, որպեսզի դատավորն իմանա, որ ինքը թեմայի մեջ է, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը համառորեն թույլ չէր տալիս, իսկ թե ինչո՞ւ թույլ չէր տալիս, ինքը չգիտի, և գուցե որևէ մեկը հարցնի՞ նրան:
«Ես ուզում էի նրան բացատրել օրենքը, թե ինչ է նշանակում խոչընդոտելը: Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ասվում է, որ խափանման միջոց դատարանը կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը»,- հիշեցրեց Ռուբեն Սահակյանը՝ շեշտելով, որ ինքը չի խոսում թաքնվելու վտանգի մասին, որովհետև դատարանը որոշմամբ հերքել էր:
Նա նաև հավելեց, որ ուզում էր բացատրություն տալ այն մասին, թե ինչ է նշանակում խոչընդոտել, ինչը կարելի է անել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործելու միջոցով, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու կամ այլ ճանապարհով:
«Հիմա ինչ ես ասում եմ, ասում եմ այն տեքստից, որն ուզում էի ասել դատարանում, ու ինձ թույլ չտրվեց, և ինչը դատավորն ամբողջությամբ արտագրել է իր որոշման բովանդակության մեջ: Նոր բան չեմ ավելացնում»,- ասաց փաստաբանը՝ ընդծելով, որ իր նպատակն էր՝ դատարանին բացատրել, որ սրանցից ոչ մեկը Ռոբերտ Քոչարյանի դեպքում չեն կարող պատճառ լինել՝ նրան կալանքի տակ պահելու համար:
Ինչ վերաբերում է անօրինական ազդեցություն գործելուն, Ռուբեն Սահակյանը նշեց, որ չկա այնպիսի անձ, որն անգամ տեսականորեն կարող է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն իր վրա նման ազդեցություն է փորձում գործել:
«Ինձ համար այդ դատարանը հարգելի չէ: Եթե նկատել եք, ես ուշ եմ վեր կենում իմ տեղից դատական նիստերի ժամանակ և աշխատում եմ «հարգելի դատարան» բառակապակցությունն այլևս չօգտագործել, թեև այս տեքստում բազմիցս հենց այդպես էլ գրել եմ: Հարգանքը պետք է փոխադարձ լինի: Ես դատարանին հարգում եմ, բայց այն դատավորին, ով իմ իրավունքները խախտում է, ես հարգել չեմ կարող: Իմ պաշտպանյալի իրավունքները խախտող դատավորին «հարգելի» ասելիս՝ ես պետք է կեղծավորություն անեմ»,- նշեց փաստաբանը:
Ըստ Ռուբեն Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանը չի ժխտում, որ 0038 հրաման գոյություն ունի, չի ժխտում, որ ստորագրել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, Ռոբերտ Քոչարյանը կարիք չունի ժխտելու՝ գումար բաժանվե՞լ է, թե՞ ոչ. ինքը դրանից տեղյակ չէ: Նա կարիք չունի ժխտելու նաև, թե գործի նյութերին հետագայում՝ նախաքննության ժամանակ, միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Դրա անհրաժեշտությունը նա նույնպես չունի, որովհետև ինքն այդ ժամանակահատվածում չի պաշտոնավարել:
«Ես դատավորին ասում էի՝ մեղադրանքը 31 պարբերություն է պարունակում, և դրանցից որևէ մեկի մեջ մեղադրանք չկա: Եթե մեղադրանք չկա, ինչի՞ն խոչընդոտի Ռոբերտ Քոչարյանը: Ինչքան էլ դատախազները և տուժող կողմի ներկայացուցիչները փաստարկներ ներկայացնեն, ինչպես երկու օր առաջ եղավ, բայց դրա տակ հիմք չկա»,- նկատեց Ռուբեն Սահակյանը:
Մեր հարցին, թե մինչև կարգապահական վարույթ հարուցելն արդյո՞ք Փաստաբանների պալատի նախագահի կողմից փորձ չի եղել իր հետ զրուցելու, հարցը քննարկելու, նա պատասխանեց. «Եկեք՝ չմեկնաբանեմ: Չէ, այդպիսի բան չի եղել, բայց դրա կարիքն էլ չկար»:
Հարցին էլ, թե ի՞նչ որոշման է սպասում, ո՞րը կարող է լինել ամենախիստ «պատիժը», որն ինքը կարող է սպասել Փաստաբանների պալատից, փաստաբանը պատասխանեց, որ դա իրեն չի հետաքրքրում:
Նա նաև նշեց, որ արտոնագրի հետ կապված խնդիր չի կարող լինել:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ