Տեղեկություն չունեմ. Փորձագետը՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնում աշխատող քաղաքագետին արտաքսելու մասին

Նոյեմբերի 11–ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում աշխատող քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը գործուղման էր մեկնել Տաջիկստան` համաժողովի։ Նոյեմբերի 16–ին Երևան վերադառնալիս նրան արգելել են մուտք գործել երկիր։ Քաղաքագետին 12 ժամ պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և հետո արտաքսել Ռուսաստան։

Ազգային անվտանգության ծառայությունից aysor.am-ին ասել են. «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»։

Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն։ Ըստ դրա` օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե նա ունի՞ որևէ տեղեկություն՝ կատարվածի վերաբերյալ:

«Տեղեկություն չունեմ, բացի այն տեղեկությունից, ինչը ավելի վաղ շրջանառվել է Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքի էջում և հայկական լրատվամիջոցներում: Եթե պարզաբանելու բան կա, ապա դա ԱԱԾ խնդիրն է»:

Նշենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում նոյեմբերի 19-ին գրել է.

«Հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝

Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, որ իմ մուտքը դեպի ՀՀ փակ է այն պատճառով, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ անվտանգության համար։

Հայտարարում եմ, որ նշված տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առընչություն ունենալ իմ անձի հետ։

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին։

Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին»։

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս