«Իշխանության են եկել անփորձ և մեծամիտ կադրեր, որոնց աշխատանքի արդյունքում գյուղատնտեսությունն արձանագրել է տնտեսության աճի կտրուկ անկում»
Ամեն տարի բարձրաձայնվում է մրգերի ու բանջարեղենի՝ Թուրքիայից, Պակիստանից ներկրման մասին, սակայն կարծես թե պետությունը դեռևս լուծումներ չի գտել:
«Այս տարվա 6 ամսվա կտրվածքով Հայաստան է ներկրվել 3496 տոննա լոլիկ և 4041 տոննա կարտոֆիլ: Լոլիկն ամենաշատը՝ 2756 տոննա, ներկրվել է Թուրքիայից, 150 տոննա կարտոֆիլն էլ՝ Պակիստանից, իսկ այն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես ազատ ու ինքնիշխան պետություն, չի ընդունում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, ավելորդ է խոսել այս երկու երկրներից ներկրվող պտուղ-բանջարեղենի հնարավոր վտանգների մասին: Իսկ այն, ինչ կատարվում է, խոսում է այն մասին, որ ներկա իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ բան է երկրի պարենային ապահովվածությունը, երկրում արդյունավետ ռազմավարական ծրագրեր իրականացնելը, աղքատ գյուղացուն աջակցելը, գյուղական աղքատությունը և արտագաղթը նվազեցնելը, շատ բերք ստանալը, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Տարիներ շարունակ հրապարակավ քննադատել եմ նախկին իշխանություններին՝ երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացելու համար, ինչպես նաև առաջարկել եմ երկրի գյուղատնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու արդյունավետ ծրագրեր, ուղիներ: Նշել եմ նաև, որ, եթե գյուղական աղքատության նվազեցման և գյուղատնտեսության զարգացման նպատակով մեր երկիր մտած վարկային և դրամաշնորհային միջոցների գոնե կեսն էլ նպատակային ծախսվեր, ապա այսօր մենք կունենայինք զարգացած ագրարային երկիր: Այդպես էլ շատերին անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ փակեցին Գյուղատնտեսության նախարարությունը: Արդյունքում ի՞նչ շահեցինք: Ոչի՛նչ: Որքան էլ բարձր գոչենք, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր է, միևնույն է՝ պետք է ընդունենք, որ եղել և մնում է ագրարային երկիր: Եվ հենց դրա համար էլ անհրաժեշտ է զարգացնել երկրի գյուղատնտեսությունը և կանխել արտագաղթը գյուղերից»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում լոլիկի և կարտոֆիլի շատ բերք ստանալու համար պետք է ունենալ շատ վարելահողեր և կիրառել մշակման ճիշտ ագրոտեխնիկա:
«Նախ՝ սակավահող Հայաստանում տարիներ շարունակ իրականացված սխալ ագրարային քաղաքականության արդյունքում վարելահողերի կեսից ավելին դեգրադացվել և դարձել է հետագա մշակության համար ոչ պիտանի, և ներկայիս կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսվում է այդ հողերը դարձնել մշակելի, սակայն այդ ուղղությամբ մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել:
Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտն անհնար է պատկերացնել՝ առանց մեքենայացման: Այսօր, երբ բազմաթիվ զարգացած երկրներ գյուղատնտեսական գործընթացներում կիրառում են հեռահար կառավարմամբ բարձր տեխնոլոգիաներ, կոմպլեքս մեքենայացում, հզոր, բայց քիչ ծախսատար, հեշտ շահագործելի, բազմաֆունկցիոնալ, ունիվերսալ, արագաշարժ, հարմարավետ գյուղատնտեսական նոր տեխնիկա (տրակտորներ, մեքենա-սարքավորումներ, գյուղատնտեսական գործիքներ և այլ միջոցներ), մեր երկրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հիմնականում օգտագործում են խորհրդային ժամանակներից գյուղերում ժառանգություն մնացած հնամաշ գյուղատնտեսական տեխնիկան, ինքնաշեն մեքենա-սարքավորումներ:
Թվում էր, թե երբ գյուղատնտեսության ոլորտում հայտարարվեց հեղափոխություն, ապա առաջին հերթին կստեղծվեին մեքենա-տրակտորային ծառայություններ, որոնք մատչելի սակագներով գյուղատնտեսական ծառայություններ կմատուցեին, սակայն այսօր Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության սեկտորում չկա գյուղատնտեսության մեքենայացման բաժին կամ մասնագետ, որ զբաղվի գյուղատնտեսության մեքենայացման հարցերով: Վերջերս վերացրեցին նաև գյուղատնտեսության մեքենայացման տեսչությունը:
Ինչպե՞ս կարելի է խոսել երկրում կարտոֆիլի արտադրություն զարգացնելու մասին, երբ երկրում կարտոֆիլատնկիչներն ու կարտոֆիլաքանդիչները հիմնականում կամ գոյություն չունեն, կամ էլ ինքնաշեն են: Էլ չեմ նշում միջշարային և բուկլից կուլտիվատորների և հողամշակման մեքենաների մասին: Էլ չեմ խոսում կարտոֆիլահավաք կոմբայնի մասին: Կարտոֆիլ մշակելիս շատ կարևոր է նաև պայքարը հիմնական վնասատուի՝ ցեցի դեմ, որն այդպես էլ հանրապետությունում մնաց չլուծված: Ցեցը մեծ վնաս է հասցնում նաև լոլիկին: Ի դեպ, նախորդ տարիներին Արարատի և Արմավիրի մարզերում մեծաքանակ լոլիկ էր աճեցվում, որի մի մասից մածուկ էր պատրաստվում և արտահանվում:
Հիմա լոլիկ քիչ են մշակում, իսկ ջերմոցային պայմաններում ստացված լոլիկի ինքնարժեքը բարձր է ստացվում՝ վառելիքի թանկ լինելու պատճառով,- նշեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը՝ հավելելով,- Մենք, որպես քաղաքացիական հասարակություն, կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության սեկտորին առաջարկել ենք մեր մասնագիտական և փորձառնական աջակցությունը, բայց պատասխան չենք ստացել: Ռազմավարական ծրագրերի մասով նախարարության սեկտորի հետ երկխոսությունը և առողջ բանավեճն ավելորդ ենք համարում, քանի որ նրանց հետ սկզբնական հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ բանավեճի ժամանակ նախարարությունն իր ծրագիրն է պնդելու, մենք էլ՝ մեր: Նախկին իշխանությունների թալանչիներից հետո, գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցած կադրային փոփոխությունների արդյունքում, իշխանության են եկել ոլորտին անփորձ և որոշ չափով մեծամիտ կադրեր, որոնց աշխատանքի արդյունքում տնտեսական բարձր աճի ցուցանիշ գրանցած գյուղատնտեսությունն արձանագրել է տնտեսության աճի կտրուկ անկում»:
Անի Կարապետյան