Հոգեբուժարանի տնօրենը պարզաբանել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը սահմանափակման պատճառը
Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը սահմանափակել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը՝ թունավորումներից զերծ պահելու նկատառումներով: Սակայն սահմանափակումը որոշ պացիենտների շրջանում բողոք է առաջացրել:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկում եղած հրապարակմանը, ներկայացրել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ այս թեմայով պարզաբանումը:
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել: Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը»,-նշել է խոսնակը:
Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են: