«Ռուսաստանն անհանգստացած է իր սահմանների երկայնքով ԱՄՆ-ի լաբորատորիաներ կառուցելու խնդրով». Գրիգոր Գրիգորյան

«Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս ստորագրված չէ օտարերկրյա զինվորականների բացակայությունը մեր երկրում երաշխավորող փաստաթուղթը, քանի որ Հայաստանն այն դեռ չի համաձայնեցրել ԱՄՆ-ի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով  դեռևս անցած տարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի հետ ավարտական փուլում է գտնվում փաստաթղթի նախապատրաստման նախագիծը, որը կերաշխավորի, որ այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ, որ ամեն ինչ թափանցիկ լինի: ՌԴ արտաքին գործերի նախարարը նման հայտարարություն էր արել՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ իրենք թույլ տվեցին, որ 2016թ. իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկացիները կառուցեն 3 կենսաբանական լաբորատորիա։

«Ռուսաստանն անհանգստացած է, որ իր սահմանների երկայնքով ԱՄՆ-ը  լաբորատորիաներ է կառուցում, և այդ մտահոգությունը տեղին է: ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ստուգի իր կենսաբանական լաբորատորիաները, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը շրջապատում է այդ լաբորատորիաներով: Երբ Լավրովը հայտարարություն արեց, ես ասացի, որ ԱՄՆ-ը դեմ չի լինելու, քանի որ չի եղել նման դեպք, որ որևիցե մեկը մտնի Պենտագոնի կողմից ֆինանսավորված որևէ լաբորատորիա ու հայտնաբերի, որ այնտեղ կենսաբանական զենք են ստեղծում»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Այն, որ Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կենսաբանական լաբորատորիաների ստեղծման փաստով, անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ չէր թաքցրել նաև Սերգեյ Կոպիրկինը: Նա վստահեցրել էր, որ ռուս մասնագետների՝ այդ լաբորատորիաներ մտնելու և ստուգումներ անելու մասին կառուցողական երկխոսությունը շարունակվում է:

«Չստորագրման դեպքում մենք կհայտնվենք բավականին դժվար դրության մեջ:  Մինչև 2008թ. Հայաստանը բալանս էր պահպանում կենսաբանական զենքի ոլորտում, այսինքն՝  պահում էր կենսաբանական  անվտանգության համակարգն իր տնօրինության տակ, թույլ չէր տալիս, որ այլ երկիր մտնի: 2008-ից հետո թույլատրվեց երկու գլոբալ հակառակորդներից մեկին տնօրինել մեր դաշտը: Ես համարում եմ, որ Հայաստանն այսօր դե ֆակտո, շնորհիվ ներկայիս վարչախմբի,  գաղութի կարգավիճակում է՝ ԱՄՆ գաղութի, բայց այդ գաղութացումը սկսվել է դեռ 2008թ.-ից: ԱՄՆ-ը ներկա Կառավարությանն ընկալում է՝ որպես նախորդների շարունակությունը, և այս վարչախումբը չի կարողանում դիմադրել»:

Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ Ռուսաստանը ցանկանում է նման փաստաթուղթ ստորագրել, որովհետև չի վստահում հայ մասնագետների տված եզրակացություններին: Այս խնդրի լուծման համար Գրիգոր Գրիգորյանն առաջարկում է ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում ստեղծել, որի սպաները մասնագիտացված կլինեն կենսաբանական զենք հայտնաբերելու գործում:

ՍԱՊԾ նախկին պետն ասում է՝ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի վերջին տվյալներով՝ այսպիսի լաբորատորիաներ կան ավելի քան 200 երկրում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս