Բաժիններ՝

«Երուսաղեմը մնում է Երուսաղեմ․․․». Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը՝ հայ համայնքի, նրա առջև ծառացած մարտահրավերների մասին

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական Աթոռներից է։ Մայր Տաճարը Սրբոց Հակոբյանց եկեղեցին է, իսկ նստավայրը՝ Երուսաղեմի Հայոց Վանքը հայկական թաղամասում:  Երուսաղեմի հայկական թաղամասը հնագույն էթնիկ–կրոնական շրջան է, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։  Այստեղ են գտնվում նաև Հակոբիկ ասորիների Սուրբ Մարկոս վանքը և եկեղեցին, հայկական պատրիարքարանը, ձեռագրատունը, գրադարանը, տպարանը, Ժառանգավորաց Վարժարանը և Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին  և այլ պատմական ու կրոնական կառույցներ։

168.amԵրուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանի հետ զրուցեց այս տարածաշրջանում ապրող հայերի, նրանց խնդիրների, հայապահպանության մարտահրավերների մասին:

Վարդապետը թեև Իսրայելում և Պաղեստինում ապրող հայերի թվի մասին հստակ տեղեկություն չհայտնեց, բայց ասաց, որ նրանց թիվը մոտավորապես 5000 և ավելի է, ապա տեղեկացրեց նաև, որ Հորդանանի Հաշեմիտական Թագավորությունում ևս ապրում են մոտ երկու հազարից ավելի հայեր, որոնք ուղղակիորեն կապված են Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը։

Մեր խնդրանքով Տեր Տիրան վարդապետ Հակոբյանն առանձնացրեց Երուսաղեմի և հարակից հայ համայնքների ազգապահպանության հիմնական մարտահրավերները՝ նկատելով, որ դրանք այն խնդիրներն են, որ ունեն աշխարհի բոլոր հայ համայնքները՝ Հայոց լեզվի պահպանություն, Հայ ինքնության պահպանություն, խառնամուսնություններ:

Իսկ այս մարտահրավերներին դիմագրավելու համար վարդապետը կարևորեց հայ եկեղեցու և դպրոցի դերը.

«Երուսաղեմում ունենք երկու գործող վարժարաններ։ Ա․ Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան, որ հիմնադրվել է 1843-ին Ռամլեում։ Այն միայն արական սեռի համար է։ Բ․ Սրբոց Թարգմանչաց Երկրորդական վարժարանը, որ հիմնադրվել է 1929 թ․ և գործում է ցայսօր՝ երկսեռ վարժարան է և երկրում գործող հրեական և պաղեստինյան ընդհանուր կրթական ծրագրերին համազոր է։ Ճանաչված է Իսրայել պետութեան և Պաղեստինի Ինքնավարության կողմից։ Այստեղ են սովորում Երկրի տարբեր մասերից եկած հիմնականում հայ և խառնածին երեխաներ՝ Երուսաղեմից, Բեթղեհեմից, Ռամլեից։ Նաև Յորդանանում, Ամման՝ Յուզբաշյան-Կյուլպենկյան Վարժարանը, որոնք նույնպես ծառայում են հայապահպան առաքելության մեջ:

Որոշակի ներդրում ունեն Երուսաղեմում, Ամմանում, Յաֆայում, Հայֆայում, Պետահ Տիկվայում գործող ակումբներն ու միությունները։ Ընթերցանության և հատկապես հայոց պատմությանը ծանոթանալու առաքելութեան մէջ կարևոր դեր է խաղում Կյուլպենկյան Մատենադարանը՝ իր հարուստ գրապահոցով։ Եվ անշուշտ նաև մենք բոլորս՝ հոգևորական, թե աշխարհական, միշտ քաջալերում ենք մեր նոր ու հին սերունդներին հայերեն խոսել, գրել և կարդալ։

Պետք է ասել, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետություն հաճախակի այցելությունները դրական լիցքեր ու ոգևորություն են հաղորդում շատերին»:

«Ինչպիսի՞ն են Հայ եկեղեցու և այլ հարանվանությունների հարաբերությունները»՝ հարցին ի պատասխան՝ Հայր Տիրան վարդապետ Հակոբյանը նշեց.

«Ընդհանուր առմամբ բարիդրացիական,  սակայն Երուսաղեմը մնում է Երուսաղեմ․․․ Այսինքն, սրբատեղիներում մեր սրբազան իրավունքների պահպանությունը դժվար է, քանի որ միշտ չէ, որ հույներն ու կաթոլիկները իրենց քրիստոնյավայել են պահում։ Յուրաքանչյուր ոտնձգությանը հետևում է մեր կոշտ արձագանքը։ Երբեմն էլ փորձում ենք հիշեցնել, որ հանուն Քրիստոսի պետք է խաղաղությամբ լուծել խնդիրները։ Ընդհանուր առմամբ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ ունենք Իսրայելացիների և Պաղեստինցիների հետ։

Մենք պահպանում ենք մեր իրավունքները և փորձում խաղաղության մեջ մնալ բոլորի հետ, եթե, անշուշտ, իրենք դա գնահատում են ու նույնկերպ արձանգանքում։

Հարգում ենք մյուսների (բայց ոչ դարերի ընթացքում նաև մեզնից խլած) իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ամրագրված են Գոյավիճակով (Status Quo) և գրված ու չգրված ավանդություններով։ Անշուշտ, այսօր շատ ու շատ չճշտված ու չկարգավորված հարցեր ու իրավակարգավորումներ են առկա, որոնք կարոտ են հստակ ամրագրման ու լուծումի։ Թշնամանք չենք հրահրում, բայց դա թուլության նշան չէ, այլ՝ խաղաղասիրության, և հավատի ու Աստծու սիրո մեջ մնալու հանձնառություն»:

Մեր զրուցակիցը նաև կրոնական մոլեռանդության օրինակներ մատնանշեց.

«Տեսե՛ք, Երուսաղեմում ապրում են հատկապես երեք Միաստվածական կրոնների հետևորդներ ու կրողներ:

Երբեմն կրոնական մոլեռառանդությամբ պայմանավորված՝ ի հայտ են գալիս ատելության տարբեր ախտանիշներ։ Օրինակ՝ մեզ վրա կամ մեզ տեսնելիս՝ թքելը, մեր հետևից՝ մա՜հ բղավելը, թշնամական հայացքով մեզ (հատկապես քրիստոնյա հոգևորականներիս) նայելը և այլն»։

Վարդապետից հետաքրքրվեցինք նաև 2018 թվականի հայաստանյան հայտնի քաղաքական իրադարձություններին հայ համայնքի վերաբերմունքի մասին և թե կա՞ն արդյոք հայեր, ովքեր տեղափոխվել են Հայաստան կամ ցանկություն ունեն ապրել Հայաստանում, հատկապես այդ իրադարձություններից հետո, ինչին նա արձագանքեց.

«Ընդհանուր առմամբ, 2018-ի իշխանափոխությունը կամ հեղափոխությունը դրական է ընդունվել մեր և մեր համայնքի կողմից, անշուշտ, հույս ունենալով, որ ընդհանուր ցուցիչը դրական տեղաշարժ պիտի արձանագրի՝ ինքնագիտակցության, պետականության անվտանգության, Արցախի հարցի կարգավորման, հոգևոր, բարոյական ու մշակութային կյանքում։

Վերադարձի մասին՝ ինձ այդպիսի մեկը դեռ հայտնի չէ, սակայն այդպիսի խոսակցություններ առկա են»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս