Բաժիններ՝

Հայաստանում ցանկանում են «սպիդի» վակցինա՞ փորձարկել. Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում Մարինա Խաչատրյանի հայտարարությունները

Հայաստանում այս պահին շրջում են «սպիդով» հիվանդ օտարերկրյա տրանսգենդերներ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է նաև, որ «հիմնավոր կասկածներ ունի նաև, որ Հայաստանում ցանկանում են «սպիդի» վակցինա փորձարկել»:

168.am-ը Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս հայտարարությունները:

Մեր դիտարկմանը, որ քաղաքացին ասում է, թե հիմնավոր կասկածներ ունի, որ ՀՀ-ում ցանկանում են «սպիդի» վակցինա փորձարկել, ինչպես նաև հեռուստատեսությամբ հայտնել է, որ մեր երկրում շրջում են «սպիդով» հիվանդ օտարերկրյա տրանսգենդերներ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախարարությունը  որևէ բան չունի ասելու։

«Չենք մեկնաբանում. սրա պատասխանը մենք վաղուց տվել ենք»,- ասաց նախարարի խոսնակը՝ հիշեցնելով նախարարության կողմից ավելի վաղ տարածված մի հաղորդագրություն, որով կոչ է արվում խտրականություն չդրսևորել` պայմանավորված հիվանդությամբ։

Ըստ նախարարության  կայքում հրապարակված այդ հաղորդագրության՝ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը համընդհանուր մատչելի է: Այդ ծառայությունները հասանելի են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում՝ մեր երկրի քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիների համար:

Նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ կոչ են անում բացառել ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող, ինչպես նաև ցանկացած այլ հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, պահպանել նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և չտարածել խուճապ բնակչության շրջանում:

Խուճապի չտարածմանը, անշուշտ, կնպաստեր Առողջապահության նախարարության հրատապ արձագանքը՝ Մ. Խաչատրյանի կողմից հեռուստատեսությամբ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ:

Առողջապահության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ.

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս