Նախկինների աշխատանքը նորերը կրկին իրենց են վերագրում
Առաջին դեպքը չէ, երբ ներկայիս իշխանությունները նախկին իշխանությունների ձեռքբերումները ներկայացնում են՝ որպես իրենց հաջողություն, ձեռքբերում։
Օրերս Հանրային հեռուստատեսությամբ (Հ1) ցուցադրվեց ռեպորտաժ, որը ներկայացնում էր, թե ինչպես է մեկ ամիս առաջ ավարտվել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհի վերանորոգումը։ Տեսանյութը պատրաստել էր ՀՀ Կառավարությունը։
Ներկայացվում էր, որ այդ ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել էր 60-ականներին, իսկ այս տարի 7 ամսվա ընթացքում կարողացել են ճանապարհն ամբոջովին հիմնանորոգել, որի ֆինանսավորման 20 տոկոսն ապահովել է Կառավարությունը, իսկ մնացածը՝ Համաշխարհային բանկի տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
Նշենք, որ Համաշխարհային բանկի այս ծրագիրը՝ 55 մլն դոլար արժողությամբ, 2013-2015 թվականներին բանակցվել և ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ: Նշված ճանապարհի վերանորոգումն այդ ծրագրի մեջ ներառվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, Էկոնոմիկայի նախարարության (նախարար` Ճշմարիտյան ) առաջարկությամբ` զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում: Աշխատանքներն իրականացնում էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ), որի ղեկավարն այն ժամանակ Աշոտ Կիրակոսյանն էր։
Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղից դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը նման էր բանուկ մայրուղու, քաղաքացիները վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնել էին խնդրին։ Այն ժամանակ կառավարությունը, խնդրին կարևորություն տալով, դիմել էր Համաշխարհային բանկի օգնությանը։
Ինչ վերաբերում է բյուջեի համաֆինանսավորմանը, ապա դրա իրականացումը Համաշխարհային բանկի հետ կնքված համաձայնագրով նախատեսված միջազգային պարտավորություն է, որը Կառավարությունը պարզապես չէր կարող չիրականացնել։
Սակայն այս ամենի մասին այսօր պատմող ռեպորտաժում որևէ հիշատակում չկա։ Այսպիսով, հերթական անգամ նախկին իշխանությունների ձեռքբերումները ներկայացվում են՝ որպես օրվա իշխանությունների գրանցած հաջողություն։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի