«Ոչ մեկը չգիտի՝ ինչպես լուծել այս խնդիրը»․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես է թիմն անցկացնելու Լիգայի գավաթի հանդիպումն ակումբի աշխարհի առաջնությունում խաղից մեկ օր առաջ:
«Մենք դեռ չգիտենք, թե ինչպես է դա տեղի ունենալու: Մենք գաղափարներ ունենք, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է: Մենք պետք է որոշում կայացնեինք և դա արեցինք, քանի որ այլընտրանքային լուծումները միայն ավելի շատ խնդիրներ են ավելացնելու:
Ցանկանո՞ւմ ենք խնդիրներ լուծել ՖԻՖԱ-ի հետ: Ես այդպես չեմ կարծում: Ցանկանո՞ւմ ենք խնդիրները լուծել ԱՊԼ-ի հետ: Հավանաբար՝ ոչ: Մենք հարգում ենք մրցակցությունը:
Կարծես թե մենք չենք ցանկանում խաղալ Լիգայի գավաթի խաղարկությունում, բայց այդպես չէ: Այն, ինչ ինձ դուր չի գալիս այս մրցաշարում, երկխաղյա կիսաեզրափակիչ է: Ես դա չեմ հասկանում, ինձ դուր չի գալիս: Մնացած առումներով՝ լավ մրցաշար է:
Աշխարհի ակումբային առաջնությունում խաղում են միայն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի դեպքում, և դա կյանքում 5 միլիոն անգամ չի պատահում, ուստի մենք կօգտվենք այդ հնարավորությունից:
Հիմա իրավիճակ է ստեղծվել, և ոչ ոք չգիտի, թե ինչպես լուծել այն: Կարծում եմ, որ մրցաշարի մեկնարկից առաջ պետք է մտածել նման բաների մասին: Չի կարելի պարզապես հույս դնել, որ ինչ-որ մեկը դուրս կմնա, և ամեն ինչ կարգին կլինի: Միգուցե դա է պատճառը, որ թիմերը դուրս են գալիս մրցաշարից, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես է ամեն ինչ գործում:
«Արսենալի» դեպքում մենք փորձեցինք դա անտեսել: Տղաները պարզապես ցանկանում էին ֆուտբոլ խաղալ, ուստի անցան հաջորդ փուլ, բայց խաղից առաջ պարզ էր, որ դա հեշտ չի լինի»,- ասել է Կլոպը:
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) քննարկում է «Լիվերպուլի» խաղը հունվարի երկրորդ շաբաթը հետաձգելու տարբերակը, քանի որ դեկտեմբերի 18-ին մերսիսայդցիները մեկնարկում են աշխարհի ակումբային առաջնությունում:
Այժմ «Լիվերպուլը» պետք է խաղա 19 հանդիպում՝ նոյեմբերի սկզբից մինչև հունվարի 11-ը, երբ թիմը կխաղա «Տոտենհեմի» դեմ: Այս ընթացքում «Լիվերպուլը» պետք է թռչի Զալցբուրգ, Լոնդոն (երկու անգամ), Բորնմութ և Դոհա։ 2.5 ամսվա ընթացքում թիմը կանցնի առնվազն 12.500 մղոն:
Ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլն» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին կխաղա «Ասթոն Վիլլայի» հետ:
Այնուամենայնիվ, EFL-ն քննարկում է այս խնդրի անսովոր լուծում: Հաղորդվում է, որ կազմակերպությունը տեսնում է խաղն անցկացնելու հնարավորությունը Սուրբ Ծննդյան տոներից առաջ և արդեն իսկ քննարկել է «Լիվերպուլի» հետ այդ տարբերակը, որով թիմը տարբեր կազմեր կընտրի Լիգայի գավաթի և ակումբային աշխարհի առաջնության խաղերի համար, որոնք անցկացվելու են Դոհայում:
Սիրարփի Աղաբաբյան