ՀՀ ԱԳ նախարարը Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Հայաստանի ու Սուրբ Աթոռի հարաբերությունները
Հայաստանը հանձնառու է շարունակելու և առավել խորացնելու Սուրբ Աթոռի հետ սերտ համագործակցությունը ու գործընկերությունը: Նոյեմբերի 9-ին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին հարաբերությունների նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Գալագերի այցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերություններում:
«Ուրախ եմ, որ մենք պահպանում ենք երկկողմ բարձրաստիճան այցերի դինամիկան: Գալագերն իր մեծ ավանդը ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում: Պետք է նշել, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նաև Նորին Սրբության անձնական բարձր շահագրգռվածության արդյունք է, որի համար Հայաստանը երախտապարտ է»,- ընդգծեց Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանի շահագրգռվածությունը խորացնելու հարաբերությունը Սուրբ Աթոռի հետ, որոնք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի ու միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիոսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային արդի հարցերին, փոխադարձաբար ներկայացվել են դրանց հասցեագրման ուղղությամբ երկու պետությունների դիրքորոշումները և մոտեցումները:
«Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը»,- ասաց Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները:
Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագետներն անդրադարձել են նաև այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին:
«Ընդգծեմ, որ պաշտոնական Երևանը և հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի սրբազան քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության ու պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,- շեշտեց Մնացականյանը:
ԱԳ նախարարը գործընկերոջը նաև ներկայացրել է Հայաստանի ներկայիս ներքաղաքական օրակարգը և կառավարության աշխատանքը ուղղված երկրի բարեփոխումները:
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունները ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է աշխարհում:
«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի ողջույնը Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև իր հավաստիքը և աղոթքը հայ ժողովրդի հետագա զարգացման, խաղաղության և ներդաշնակության համար: Այս այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է մեր երկկողմ հարաբերությունները: Երկկողմ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև հաստատվել են 1992 թվականի մայիսին, բայց շփումները մեր միջև ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է աշխարհում»,- ընդգծեց Գալագերը:
Արքեպիսկոպոսի կարծիքով` երկու երկրների հարաբերությունները շատ ավելի լայն են և ընդգրկուն:
«Այն ներառում է բարեգործության և սոցիալական աջակցություն, մշակութային ծրագրեր, հաճախակի տեղի ունեցող երկկողմ խորհրդակցություններ, որոնք վերաբերում են տարածաշրջանային հարցերին և ավելի լայն միջազգային հարաբերություններին»,- եզրափակեց Գալագերը: