«Եկեք կեղծ հումանիզմով չտառապենք. Թուրքի հետ լեզու գտնել չի լինի». Մարիամ Ավագյան

«Հնչում է ինչ-որ բանաձև, թվում է, թե Կառավարությունը պետք է ինչ-որ նախագծեր մշակի, իրականացնի, բայց այդ բանաձևը մնում է օդում կախված: Ասենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». սա հսկայական բանաձև է. թե՛ ԱԳՆ-ում, թե՛ մյուս նախարարություններում մենք պետք է տեսնեինք հստակ նախագծերի քննարկումներ. չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Շատ չեն նման բանաձևերը. Մեկը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երկրորդը, որ այս տարածքները պետք է վերաբնակեցնեն: Էլի ոչինչ չի արվել, իսկ երրորդ բանաձևը, որը կրկին լրիվ չի բացում փակագծերը, այն է, որ բանակցային գործընթացի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին:

Մեր պատկերացմամբ՝ բանակցային գործընթացը պետք է ունենա երկու հիմնասյուն. առաջինը, որ արցախյան իրավիճակը 1987-92թթ. հայության դեմ տարվող դրվագներից մեկն է ընդամենը, և երկրորդ, որ Արևելյան Այսրկովկասում տեղ է գտել մի մարդատյաց պետություն, որը սկզբից ցեղասպանություն կատարելով հայության հանդեպ՝ ձերբազատվեց հայկական էթնիկ միավորից, և հիմա ուծացնում, վերացնում է այդ տարածքի բնիկ ժողովուրդներին՝ թալիշ, լեզգի և այլն: Այս վերջին հենասյունը շատ լավ մեկնաբանում է վարչապետի այն հայտարարությունը, որ պետք է բանակցային գործընթացի արդյունքը նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի: Այո, այն ռեժիմը, որ կա Ադրբեջանում՝ չեզոքացնում կամ վերացնում է բնիկ ժողովուրդներին, և բանակցային գործընթացի արդյունքում պետք է հնարավոր լինի այդ տարածաշրջանում կառուցել մի նոր պետություն, պետաիրավական մի կառույց, որտեղ պետք է հաշվի առնեն բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքները:

Մնացած մեկնաբանությունը, որ թուրքի հետ լեզու գտնել չի լինի, այո, այդպես է, եկեք կեղծ հումանիզմով չտառապենք: Թուրքի հետ լեզու գտնել չի լինի: Ունենք իր տարածքում ապրող ժողովուրդներին հստակ ցեղասպանական հոգեվիճակի մեջ պահող ռեժիմ, դա և՛ Թուրքիան է, և՛ Ադրբեջանը: Թե՛ Ալիևի հայրը, թե՛ նա իրենց ցեղասպանական գործողությունների մեջ ներքաշեցին թալիշներին, լեզգիներին. նույն ապրիլյան պատերազմի ժամանակ սոցիալական կայքում թալիշները գրել էին, որ իրենց որդիներին են տանում առաջին գիծ, և որպես քաղաքացի՝ նա չի կարող չգնալ: Այսինքն, իրենց զնդանում գտնվող բնիկ ժողովրդին դարձնում են հայասպան տարրեր: Սրա դեմ պետք է պայքարենք»,- նշեց Մարիամ Ավագյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս