«Մինչև բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը չվերականգնվի, կարգավորման ցանկացած սկզբունք կլինի ոչ համապարփակ». Դավիթ Բաբայան
«Արցախյան հիմնահարցի բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է իրավիճակի ապակայունացումը թույլ չտալու և ստատուս-քվոն պահպանելու վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առարկային:
Հիշեցնենք, որ օրերս «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել Փաշինյանի հետ զրույցի բովանդակությունից՝ ասելով. «Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարևոր է, որովհետև մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու, և ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»:
Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան կողմին ինչ է հայտնի բանակցային սեղանին ներկայումս դրված սկզբունքների, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, նշեց, որ՝ լինեն Մադրիդյան սկզբունքները, Քի Վեսթը կամ այլ գաղափարներ, դրանք մի հավաքական մոտեցում են, որտեղ, բնական է, ընդգրկված են թե հայկական երկու կողմերի, և թե ադրբեջանական կողմի առաջարկները:
«Բայց չկա վերջնական փաստաթուղթ: Եթե Ադրբեջանը շարունակում է պնդել իր դիրքորոշումները՝ Զանգեզուրն է ուզում, Երևանն է ուզում, ապա ինչի՞ մասին է խոսքը: Հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության, կայունության պահպանման և լիարժեք ձևաչափի վերականգնման վրա: Մինչև բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը չվերականգնվի՝ Արցախի մասնակցությամբ բոլոր փուլերում որևէ սկզբունք, որևէ մոտեցում, որևէ այլ հռչակված սկզբունքներ կլինեն ոչ համապարփակ: Արդեն վաղուց հասկանալի է, որ որևէ առաջընթաց կարծես թե չի գրանցվում բանակցություններում, բայց ես այդ տեսակետն այնքան էլ չեմ կիսում, որովհետև առաջընթացը միայն կարգավորման տեսանկյունից չպետք է դիտարկենք, որովհետև կարգավորումը ներկա դրությամբ անհնարին է այնպես, որ Ադրբեջանը ճանաչի Արցախին, Արցախը՝ Ադրբեջանին: Այսինքն՝ լիարժեք կարգավորում, հստակեցվեն սահմանները:
Այս պահի դրությամբ դա անհնար է, առաջին հերթին՝ Ադրբեջանի պահվածքի պատճառով: Դրա համար հիմնական շեշտը դրվում է իրավիճակի ապակայունացումը թույլ չտալու և ստատուս-քվոն պահպանելու վրա: Իսկ կոնկրետ այլ քայլեր, չեմ կարծում, որ իրատեսական է իրականացնել: Տեսեք, թե որքան դժվար է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև Ադրբեջանը, ըստ ամենայնի, դրանք տորպեդահարում է: Այս իրավիճակում, թերևս, անհնարին է որևէ այլ խնդրի ինչ որ հստակ սցենարի մասին խոսել, քանի որ չկա լիարժեք ձևաչափ, Ադրբեջանը մաքսիմալիստական, ռևանշիստական մոտեցումներից չի հրաժարվում, ուստի բնական է, որ հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, բանակցային գործընթացի շարունակականության ապահովման վրա»,- նման կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ եթե հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Արցախը, չի մասնակցում բանակցություններին, ինչի՚՞մասին կարող է խոսք լինել:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ ՀՀ իշխանությունները ներկայումս այնքան ակտիվ չեն շրջանառում այդ պահանջը, որքան իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ի սկզբանե ողջունել են պաշտոնական Երևանի հայտարարությունները, որ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը պետք է վերականգնվի բանակցություններում: «Ողջունել ենք, բայցև հավելել ենք, որ դա շատ բարդ, դժվարին, ժամանակատար ու աշխատատար գործընթաց է, որովհետև Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է, և այդպես էլ կա: Պաշտոնական Երևանը չի հրաժարվել իր մոտեցումներից, բայց, օբյեկտիվ պատճառներից ելնելով, Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտում է գործընթացին: Բնական է՝ երկար ժամանակ և մեծ աշխատանք է պահանջվելու: Աշխատանք տարվում է, սակայն դա աշխատատար գործընթաց է»,- հստակեցրեց Դավիթ Բաբայանը:
Նշենք նաև, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը բազմիցս հայտարարել է, որ ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից՝ Մադրիդյան սկզբունքներից, որոնք կարգավորման հիմք չեն կարող լինել. «Պետք են նոր, իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված՝ մենք կարող ենք ակնկալել առաջընթաց: Բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում»: