Փաշինյանի տապալված «լայվը»
«Հեղափոխական» Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ «բարի ավանդույթ» է դարձել իշխանությունների «լայվային» քաղաքականությունը, երբ պետական քաղաքականություն իրականացնող անձինք՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, պարբերաբար ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսում են տարբեր խնդիրների մասին՝ փորձելով նման կերպ շահել ժողովրդի սիրտն ու արժանանալ նրա համակրանքին։ Այս մշակույթը Նիկոլ Փաշինյանի «ֆիրմային» ժեստն է դարձել՝ հատկապես այն շրջափուլերում, երբ իշխանության հանդեպ որոշակի անվստահության և վարկանիշի անկման շղարշ է ավելանում․ հենց նման դեպքերի համար Փաշինյանը գործի է դնում իր, այսպես կոչված՝ «պահեստային զենքը»։ Նախօրեին տեղի ունեցավ հերթական «լայվը», որի ընթացքում Փաշինյանը խոսեց մի շարք հարցերի մասին՝ իրեն բնորոշ պոպուլիզմի ու դեմագոգիայի ժանրին համապատասխան։ Պետք է արձանագրել, որ այդ «ուղիղ եթերը» ոչ թե փարատեց հանրությանն անհանգստացնող հարցերը, այլ նոր հարցեր առաջացրեց։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ չի տիրապետում Արցախի բանակցային գործընթացի ընդհանրական փաթեթին։ Նա իր խոսքում հիմնականում լղոզված խոսեց ղարաբաղյան հակամարտության տարբեր թեմաների մասին և իրեն հարմար «ռակուրսից» այն հրամցրեց հանրությանը։ Ֆեյսբուքյան եթերից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները որևէ հստակ մոտեցում չունեն Արցախի հարցի բանակցությունների վերաբերյալ։ Նա ոչ մի բառ չասաց Իլհամ Ալիևի հայտարարությունների ու հակահայկական հոխորտանքների վերաբերյալ, իսկ Ադրբեջանի տարբեր շրջանակներից, պետք է փաստենք, որ վերջին շրջանում բավական կոշտ ու սուր հայտարարություններ են հնչում։
Ըստ էության նա չխոսեց ոչ բանակցային գործընթացից, ոչ խնդրի կարգավորման սկզբունքներից։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հարցով ընթացող գործընթացին, խոսելով առկա վտանգների մասին՝ այն համեմատեց «երեք, չորս, հինգ տարի առաջ եղած իրավիճակի» հետ՝ նշելով, որ «հիմա ավելի վտանգավոր չէ, քան այդ ժամանակաշրջանում»: Ըստ էության, եթե նայենք տարիների կտրվածքով, խոսքը 2014-2016 թվականներին նախապատերազմական փուլի մասին է, որն էսկալացիոն էր և բավականին վտանգավոր էր՝ դիվերսիոն հարձակումներ, հրետանու կիրառում և այլն: Եթե առկա վտանգների համեմատությունն այդ ժամանակաշրջանի հետ նշանակում էր, որ ներկայումս էլ բավականին մեծ ռիսկեր կան, ապա նախորդ շաբաթ ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ հաղորդագրություններն իրավիճակի փոփոխությունների մասին երևի թե հենց դրա մասին էին խոսում: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանրության մոտ փորձեց «սրտացավ ու կարեկից» վարչապետի իմիտացիա ստեղծել, ինչը որոշակի ադեկվատություն ունեցող հատվածի մոտ առաջացրեց հերթական մտահոգություններն ու հարցերը։
Անդրադառնալով պետական պահպանության պետ Գրիգորի Հայրապետովի ազատման հանգամանքին և այդ փաստի շուրջ սոցցանցերում և որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տարբեր տեղեկություններին, ասեկոսեներին, Փաշինյանն իր խոսքում զավեշտով նշել է․ «Պատկերացրեք՝ ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ Ալիևի հետ առաջին շփման ժամանակ դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ։ Դուք հասկանո՞ւմ եք սա»։
Ի՞նչ է ստացվում. պետության ղեկավարը, ով պատասխանատու է երկրի անվտանգության և սահմանադրական կարգի պահպանման համար, իր խոսքում հնչեցնում է դպրոցականին հարիր հիմնավորումներ ու պարզաբանումներ՝ դրանով իսկ ապացուցելով, որ Հայրապետովի ազատման հիմնական պատճառն այն է, որ նա եղել է «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական թիկնապահը» և, համապատասխանաբար, մաս է կազմել «ժողովրդին կեղեքող ու հալածող ռեժիմի գործունեությանը»։ Խոսքը համակարգին նվիրված այն անձնավորության մասին է, ով իր կյանքի 30 տարիները նվիրել է պետության ղեկավարի անվտանգության գործին՝ ուղղակիորեն ծառայելով պետական ինստիտուտին։ Եվ նման պրիմիտիվ գնահատական ու որակում հնչեցնելը, թե «այսինչի կամ այնինչի թիկնապահն է», և այլն, խոսում է Փաշինյանի ոչ պետական մտածելակերպ ունենալու մասին։
Միանշանակ սա դավադրապաշտ մարդու արտահայտություն է, քանի որ, եթե այդպես է, ուրեմն պետք է հրաժարվել այն բոլոր ձեռքբերումներից ու նախագծերից, որոնք արվել են մինչև 2018թ. ապրիլի 23-ը, այլապես դրանք նույնպես նախորդների «ոճրագործության» արդյունք պետք է համարել։ Փաշինյանի այս գործելաոճը գերազանցում է բոլշևիկների անդառնալի հետևանք ունեցած այն քաղաքականությանը, երբ հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին «մաքրել» ցարական Ռուսաստանի կադրերից, այդ թվում՝ զինվորականներից, գիտնականներից ու բժիշկներից, որոնց ցանկացած առիթի դեպքում փորձում էին հիշեցնել իրենց «բուրժուական» անցյալի մասին։ Փաշինյանի գործելաոճը հասկանալի է, նա ունի մի պարզ բանաձև՝ հին «կոռումպացված ռեժիմի» կողմից արված, նրանց օրոք նախաձեռնված լավ նախագծերն ու ձեռքբերումները համապատասխանում են «հեղափոխության» տրամաբանությանը (ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Ֆրանկոֆոնիա, Ինովացիոն տեխնոլոգիաների միջազգային ֆորում, ջրամբարաշինություն, CEPA և այլն), իսկ պետական ստրուկտուրաներում ու մյուս բնագավառներում առկա թերությունների ու բացերի ողջ պատասխանատուն «քրեաօլիգարխիան» է։
Ըստ էության հենց նմանօրինակ քաղաքականության ականատես ենք դառնում, երբ ողջ քաղաքական համակարգը աշխատում է այս մանիպուլյացիոն մեխանիզմով։ Իր ողջ խոսքի ընթացքում Փաշինյանը դարձյալ քննադատեց նախորդ իշխանություններին՝ փորձելով յուրաքանչյուր բնագավառում տեսնել նախկինների հետքերը։ Հետաքրքիր ոճ է՝ օգտվել նախկինների թողած քաղաքական և տնտեսական կապիտալից, օգտվել և ինքնագովազդվել նախկինների ձեռքբերումներով, հաջողություններով, իսկ եթերներում ու բարձր ամբիոններում՝ փնովել նրանց։
Արմեն Հովասափյան