«Եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, ու ինչ-որ բաներ պահանջեն, այդ դեպքում որևէ բանի չենք հասնի». Ալեն Սիմոնյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Մոտ 2 ժամ տևած նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվեց նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին:
Օրակարգի մասին լրագրողների հետ խոսեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նշեց, որ հանդիպման ժամանակ չեն խոսել Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերի կամ Հոկտեմբերի 27-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ նիստում հնչել են հարցեր Հանրային խորհրդի, Ստամբուլյան կոնվենցիայի, Սերժ Սարգսյանի վերջին գնահատականի, 2020 թվականի Պետբյուջեի մասին:
Հանրային խորհրդի մասին խոսելիս Ալեն Սիմոնյանը վերահաստատեց իր տեսակետը՝ նշելով, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է:
Սիմոնյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկ անելու հարց չի քննարկվել: «Եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որ ներկայացումն է վատը, ու դրա հետևանքով ինչ-որ բաներ պահանջեն, կարծում եմ, որ այդ դեպքում որևէ բանի չենք հասնի: Մեկին կլկլոց ա դուր գալիս, էթում ա էդ երգչի հետ, չի համարում դա թուրքական, արաբական, դնում է էդ երգերը իր պատին, հետները նկարվում-գրում ա՝ «իմ ախպերս», դա նորմալ ա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և այլ քաղաքացիներ պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հիմնավորելով, որ Հարությունյանը ունի ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթույց հեգնական վերաբերմունք ազգային արժեքների նկատմամբ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ