Ալավերդու պղնձաձուլական գործարանն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկին. հանձնում-ընդունումն ընթացքի մեջ է
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներից շատերը, ովքեր մոտ մեկ տարի անգործ էին մնացել, Թեղուտում աշխատանքի են անցել։
Թվով 50-ից ավելի աշխատակիցներ աշխատանքի են անցել Թեղուտում։ Խնդիրն այն է, որ մյուս աշխատանք փնտրողներին միացել են նաև աղացագնդերի արտադրամասի աշխատակիցները. նրանք ևս գործազուրկ են դարձել:
«Աղացագնդերի արտադրամասում, որը փակվել է հոկտեմբերի 1-ից, աշխատում էր 60-ից ավելի մարդ: Հերթափոխով աշխատանք էր, օժանդակ ցեխեր կային: Հիմա հանձնում-ընդունում է գնում, թալանված գործարան է, հլը տեսնենք՝ ինչ է լինելու»,- 168.am-ին հայտնեցին նախկին աշխատակիցները:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցների փոխանցմամբ՝ պղնձաձուլարանի ակտիվներն անցել են «ՎՏԲ-Հայաստան» բանկին:
Անդրադառնալով նոր պղնձաձուլարան ունենալու խոսակցություններին՝ նշեցին.
«Խոսակցություններ կան, որ նոր պղնձաձուլարան կսարքեն: Լավն այն է, որ մասնագետներից շատերը Թեղուտում աշխատանք են ստացել, չեն արտագաղթել, եթե վաղը չէ մյուս օրը պղնձաձուլարանը սկսի աշխատել, աշխատողները տեղում կլինեն, երկրից հեռացած չեն լինի»:
Հավելենք, որ 2019թ. հոկտեմբերի 19-23-ը Չինաստանում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորած պատվիրակությունը: Պեկինում հանդիպել են չինական «Citic» ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):
Մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան՝ շարունակելու բանակցությունները:
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան