
«Թյուր է այն կարծիքը, որ կրթության աշխարհիկ սկզբունքը բացառում է կրոնական բովանդակություն ունեցող առարկայի դասավանդումը». Վահե Թորոսյան

Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական համակարգից հանելու շուրջ քննարկումները շարունակվում են, ու թեև դեռ հստակություն չկա՝ այն իսկապես դուրս կգա դպրոցական ծրագրերից կամ ոչ, մտահոգություններն այս առումով չեն դադարում:
168.am-ի հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանն անդրադառնալով թեմային՝ նշեց, որ այս առարկայի շուրջ գաղափարական «բախումները» նոր չեն և ծագել են առարկայի ներդրման պահից.
«Վերջին ժամանակներում և հատկապես հետհեղափոխական իրականության մեջ այդ բախումներն այնքան սրվեցին, որ հրապարակ նետվեց առարկան լրջորեն վերանայելու, նույնիսկ նրա ուսուցումը բացառելու հարցը: Նախօրեին մամուլում հրապարակված նյութերից պարզ է դառնում, որ կրթության ոլորտի պետական լիազոր մարմինը դասընթացի «ճակատագիրը» տեսնում է Հայոց պատմության շրջանակներում տարրալուծելու մեջ, ինչը, իմ կարծիքով, անհեռատես և սխալ մոտեցում է: Առարկան ունի իր ինքնուրույն դիմագիծը և այս տարիների ընթացքում հասցրել է սիրվել աշակերտների կողմից: Այլ հարց է, որ երբեմն արհեստականորեն փորձ է արվում անհարկի շահարկել առարկայի ուսուցումը` այն ներկայացնելով որպես խտրականությանը և անհանդուրժողականությանը նպաստող միջոց: Նույնիսկ այդ պարագայում առանձին խնդրահարույց դիպվածներ կարելի է լուծել դասընթացի ճիշտ մատուցման, մեթոդաբանության ճշգրտման, դասավանդող անձնակազմի պատշաճ վերապատրաստման միջոցով, սակայն ոչ առարկայի իսպառ բացառման»,- ասաց նա:
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե պնդումներ կան, որ Հայաստանի Հանրապետությունում կրթությունն ունի աշխարհիկ բնույթ, և հետևաբար՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան խախտում է աշխարհիկության սկզբունքը, նա նկատեց.
«Ամենևին ոչ: Ներպետական օրենսդրությունը, մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, որոնցից մեկն էլ հանդիսանում է ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը: Հայոց եկեղեցու պատմության դպրոցական առարկայի ծրագրում ևս նշվում է, որ նրա մշակման հիմքում ընկած է կրթության աշխարհիկ սկզբունքը, այսինքն՝ այն հանդիսանում է կոնկրետ էթնոմշակութային, էթնոդավանական և քաղաքակրթական ուղղվածության կրոնագիտական կրթության տեսակ: Ընդհանրապես թյուր է այն կարծիքը, որ կրթության աշխարհիկ սկզբունքը բացառում է կրոնական բովանդակություն ունեցող առարկայի դասավանդումն աշխարհիկ կրթական հաստատություններում: Կրոնական առարկա դասավանդվում է աշխարհի բազմաթիվ, այդ թվում՝ աշխարհիկ համարվող պետություններում: Դա նաև պայմանավորված է տվյալ պետության կրոնական արժեքներով և ավանդույթներով: Ավելին, կրոնի բացառումը պետական կրթական համակարգից, նույնիսկ, որոշ իմաստով, կարող է հակասել «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունք հռչակված համամարդկային արժեքների առաջնայնության, ինչպես նաև 11-րդ հոդվածով սահմանված դրույթների հետ, համաձայն որի՝ կրթության բովանդակությունն ապահովում է սովորողների աշխարհաճանաչման ձևավորումը գիտելիքների և կրթական ծրագրերի ժամանակակից մակարդակին համապատասխան, ապահովում է սովորողների կողմից ազգային և համամարդկային մշակութային արժեքների յուրացումը: Մեր պարագայում այդպիսի արժեք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Սրանից կարելի է եզրակացնել, որ պատմակրոնական առարկայի ուսուցումը ցանկալի է և անհրաժեշտ է երեխայի և առհասարակ մարդու լայնախոհության և աշխարհաճանաչման, ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից լինելու համար»:
Ըստ Վ. Թորոսյանի՝ այս գործընթացները պայմանավորված են Եկեղեցու դերակատարությունը թուլացնելու և հասարակական հարաբերություններում նրա ազդեցությունը նվազեցնելու հետ. «Եկեղեցին, անկախ մեր կամքից և ցանկություններից, պատմական կտրվածքով անգնահատելի դեր է ունեցել հայ էթնոսի պահպանման և հարատևման գործում: Այդ դերակատարությունն այնքան զգալի է եղել, որ քրիստոնեական արժեքները, ինչ-որ առումով, այսօր մեր ազգային ինքնության մի մասնիկն են դիտարկվում: Իհարկե, սա չի հանգեցնում «ով քրիստոնյա չէ, հայ չէ» թեզին, քանի որ ազգությունն ու կրոնը տարբեր ընկալումներ են: Սակայն մեր պատմության յուրօրինակությունը, գոնե որոշակի պատմափուլից սկսած` ազգայինի ու կրոնականի ինքնատիպ ինտեգրման մեջ է, որը թույլ է տվել մեզ դարեր ի վեր շարունակել մեր ընթացքը պատմական դժվարին քառուղիներում: Վերջապես չպետք է մոռանալ, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր մեր Հիմնական օրենքում ունի ազգային եկեղեցու կարգավիճակ, ինչը նույնական չէ մյուս կրոնական կառույցների իրավական կարգավիճակին: Պետությունը միաժամանակ ճանաչել է եկեղեցու բացառիկ առաքելությունն ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում: Այսինքն՝ պատմականորեն որևէ այլ հոգևոր կառույց նման կարևոր գործառույթ չի վերցրել իր ուսերին: Սրանում է կայանում ազգային եկեղեցու բացառիկությունը: Եվ մեզնից պահանջվում է հաշվի նստել այս իրողության հետ, այլ ոչ թե արհեստական միջամտություններ կատարել»:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ