«ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մեծ ներդրում են ունեցել «հեղափոխության» գործում, այսօր պահանջում են դրա հատուցումը». Նարեկ Սարգսյան
Ակտիվիստ Նարեկ Սարգսյանը, որը նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման ժամանակ բերման էր ենթարկվել, այսօր հայտարարեց, որ որոշակի հետազոտություններ է արել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին: Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն աշխատում են խոցելի խմբերի՝ 14-17 տարեկան երեխաների հետ:
Նարեկ Սարգսյանին բերման ենթարկելուց հետո համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որից տպավորություն էր ստեղծվում, թե Նարեկ Սարգսյանը, որը «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասնակիցներին «սատանիստներ» է անվանում, «գեյ» է, և զրուցում է հանրությանը հայտնի Կարաբինայի հետ:
Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ԼԳԲՏ համայնքի հետ սկսել է շփվել 2 տարի առաջ, երբ աշխատում էր Աղվերանում, որտեղ նրան է մոտեցել մի աղջիկ և ասել՝ «բայց քեզ պարիկ նենց կսազեր»:
Ակտիվիստը նշեց, որ այդ կոչին չի պատասխանել և այդ օրից սկսել է գաղտնի կերպով հետախուզել նրանց, ներգրավվել ԼԳԲՏ համայնքի մեջ, մեկ անգամ էլ ներկա է եղել ԼԳԲՏ փարթիի:
Նարեկ Սարգսյանը խոստացավ հետագայում իր բլոգում ներկայացնել իր հետախուզությունների արդյունքները: Նա հաստատեց, որ ինքն այցելել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների տներ: Մնացածի մասին խոստացավ հայտնել իր բլոգում:
«Երբ նստած էի ընկերոջս ծննդյան հավաքույթին, լայվով տեսա այդ «սատանիստական» միջոցառումը: Անմիջապես նստել եմ տրանսպորտ, մտել եմ դեղատուն, 5 րոպեում վերցրել եմ զելյոնկա ու գնացել եմ ընդվզելու, որ ցույց տամ, որ հայը, որ ժամանակաշրջանում էլ որ ուզում է լինի, չի ընդունելու սատանիստական երևույթներ ու ԼԳԲՏ համայնքի գործողություններ»,- նոյեմբերի 2-ի դեպքի մասին խոսելիս ասաց ակտիվիստը:
Նարեկ Սարգսյանի պնդմամբ՝ քանի որ «ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մեծ ներդրում են ունեցել «հեղափոխության» գործում, այսօր պահանջում են դրա հատուցումը»:
Ըստ ակտիվիստի՝ սրանով արտաքին ուժերը փորձում են ներսից քանդել Հայաստանը ու հակամարտություն ստեղծել հայերի միջև:
«Իմ գործողությունները լինելու են ֆիզիկական, մշակելու եմ գործողություններ, հրավիրում եմ բոլորին, իրավաբաններին՝ հասկանալու, թե, օրինակ, ինչպես կարող են լռեցնել սրանց»,- հետագա քայլերի մասին խոսելիս՝ ասաց Նարեկ Սարգսյանը:
«Ոստիկանական համակարգի աշխատակիցները, ի հակառակ իշխանական շատ ուժերի պրոպագանդայի, իմ նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցույց տվել, որ անգամ չուզեցի փաստաբանիս կանչեմ: Նրանք էլ են հայ»,- ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանական բաժանմունքում իր հետ տեղի ունեցածին:
Ակտիվիստը «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասնակիցներին անվանում է «սատանիստներ», քանի որ վստահ է, որ այդ ու նման միջոցառումներով այլ ուժերի համար «պորտալ են բացում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցող «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման ժամանակ պարբերաբար քաշքշուկ էր տեղի ունենում ներկաների ու մասնակիցների միջև:
Ներկայացման ժամանակ ակտիվիստ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ թույլ չի տալու իր երկրում «սատանիստական» ներկայացումներ լինեն: Նա ներկայացման դերասանների վրա զեյլոնկա էր լցնել, որից հետո ոստիկանները Նարեկ Սարգսյանին բերման էին ենթարկել:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ