Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբերը հանդես եկան համատեղ համերգով
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին ելույթ ունեցան Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբերը համատեղ:
Համերգը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մասնավորապես, նախարար Արայիկ Հարությունյանի աջակցությամբ:
Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ դպրոցն իր գոյության 80 տարվա ընթացքում նպաստել է պետության մշակութային ներուժի ստեղծմանը:
«Պահպանելով տարիների ընթացքում ձեռք բերված ավանդույթները՝ դպրոցն անընդհատ կատարելագործել է ուսումնական գործընթացը, հասել նոր նվաճումների, կերտել իր պատմությունը: 80 տարին մեկ ակնթարթ է պատմության համար, սակայն արվեստի զարգացման համար՝ տարողունակ մի ժամանակաշրջան: Այս տարիների ընթացքում հայազգի երաժիշտները դուրս են եկել միջազգային ասպարեզ»,- ասաց Կոստանդյանը:
Նա ընդգծեց, որ իրենք շատ են կարևորում արտաքին աշխարհի հետ մշակութային կապերի ընդլայնումը:
Դպրոցի տնօրենը ողջունեց նաև հայ-շվեյցարական նվագախմբի հայաստանյան բեմելը:
«Այս նվագախմբի կայացման գործում շատ մեծ է մեր հայրենակից, Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, Ժնևի կոնսերվատորիայի ռեկտոր Եվա Հարությունյանի ավանդը»,- ասաց Մարտուն Կոստանդյանը:
Եվա Հարությունյանը շնորհավորեց դպրոցի տնօրենին, ուսուցչական ու աշակերտական կազմերին դպրոցի 80-ամյակի առթիվ:
«2018 թվականին Երևանի Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի սաները սիմֆոնիկ նվագախմբով համերգով հանդես եկան՝ կազմված հայ և շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Այս իրադարձությունը կայացավ մեր երկու երկրի Ազգային ժողովների հովանու ներքո: Այսօր՝ մեկ տարի անց, Ժնևի կոնսերվատորիայի սաները պատիվ ունեն ներկա գտնվելու և այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հոբելյանին»,- ասաց Հարությունյանը և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին՝ իր անսպառ էներգիայի, աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի համար:
Համերգային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան նաև Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի երգչախմբերը: Համերգի մի մասի դիրիժորը Ժնևից ժամանած Խուան Դավիդ Մոլանոն էր, իսկ մյուս մասինը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Համերգի այլ երաժշտական հատվածները ղեկավարեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Սարինե Ավթանդիլյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:
Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: