«Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելով՝ իշխանությունները հույս ունեն ազդել սթափ, իրավագիտակից քաղաքացիների վրա՝ նրանց զերծ պահելու համար Հրայր Թովմասյանին աջակցելուց». Գոհար Մելոյան

«Ես այս դեպքը մեկնաբանում եմ այն համատեքստում, որ ի դեմս Արսեն Բաբայանի՝ մենք երկրում ունենք քաղբանտարկյալ: Նա ի սկզբանե ձերբակալվել էր անհիմն, ինչն այսօր հաստատեց նաև դատարանը, որովհետև համաներման տակ ընկած հոդվածի հիման վրա էր անձը ձերբակալվել, իսկ դա ձերբակալությունը բացառող հանգամանք էր: Սակայն դատարանը, հաստատելով ձերբակալության չհիմնավորվածությունն ու իրավաչափության հետ աղերս չունենալը՝ որոշում կայացրեց կալանքի վերաբերյալ: Նա կալանավորվեց երկու ամսով՝ իշխանության յուրացմանն օժանդակելու մեղադրանքով»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Վերջինս պնդում է, որ ակնհայտ է՝ Արսեն Բաբայանի պարագայում նրան կալանավորելու որևիցե անհրաժեշտություն չկար, այսինքն՝ եթե դիտարկում ես կալանքի հիմքերը, որևէ մեկը չի բավարարում նրան կալանավորելու որոշում կայացնելու համար, ինչը հերթական անգամ փաստում է տվյալ անձի քաղբանտարկյալ կարգավիճակը:

«Գագիկ Հարությունյանը 2018թ. մարտի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մարտի 2-ին, ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքի, առձեռն ներկայացվել է Ազգային ժողով, և հենց այդ օրն էլ մուտքագրվել է: Այս ամբողջ գործի մեջ կարմիր թելով գնում էր այն, որ փորձում էին հիմնավորել, թե այն իրականում ստացվել է  մարտի 5-ին, սակայն Արսեն Բաբայանը հրահանգել է թիվը կեղծել ու դիմումը մուտքագրել կեղծ ամսաթվով՝ մարտի 2-ին»,- նշեց Գոհար Մելոյանը:

Նա հիշում է, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը եղել է ՍԴ փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու անձը, որևէ իրավաչափության խնդիր չկա, և իրավապահ մարմիններն առաջնորդվում են միայն դավադրության տեսությունով:

«Իշխանությունների առաջնահերթությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ամեն կերպ պաշտոնից հեռացնելն է: ՀՔԾ-ն նշում է, որ այն ժամանակ գործել է 2002թ. ԱԺ կանոնակարգ օրենքը, իսկ դրա համաձայն՝ պաշտոնատար անձի հրաժարականի դիմումն ԱԺ նախագահին ներկայացնելուց հետո ԱԺ նախագահն այդ մասին հայտարարությամբ էր հանդես գալիս 4-օրյա նիստերի մոտակա նիստի ժամանակ: Այդ ժամանակ փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ն էին նիստերը, և ՀՔԾ-ն ասում է, որ հատուկ այնպես են արել, որ այդ դիմումն ամեն գնով հրապարակեն հենց այդ օրը: Սակայն հանրությանը ցանկանում եմ տեղեկացնել և կրկին իրավապահ մարմիններին կոչ անել զերծ մնալ իրավական ակտերի խեղաթյուրումից, որովհետև այդ ժամանակ գործել են ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումները, որը բխում է 2016թ. անցումային դրույթներից, համաձայն որոնց՝ ընդամենը հրաժարականի դիմումը ստանալուց հետո է ԱԺ նախագահը հանդես գալիս հայտարարությամբ, և այլևս պահանջ չկա դա հրապարակել քառօրյա նիստերին»,- նկատեց սահմանադրագետը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն հղում է անում նախկին օրենքներին, որպեսզի հարմարեցնեն իրենց մեղադրանքին:

Այս իրավիճակում, ըստ բանախոսի, վերանում է դիտավորության հարցը, և եթե անգամ դիմումը մարտի 5-ին մուտքագրվեր, որևէ խնդիր չէր առաջանում:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին հարկադրել են հրաժարական ներկայացնել, Գոհար Մելոյանն ասաց, որ Գագիկ Հարությունյանի անցած հետագիծը վկայում է, որ նա այն անձը չէ, որին հնարավոր լինի հարկադրել ինչ-որ բանի:

«Ե՛վ Գագիկ Հարությունյանի, և՛ Արա Բաբլոյանի, և՛ Առուշան Հակոբյանի, և բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս գործին, ցուցմունքներից ակնհայտ է, որ մեղադրանքն իրականության հետ աղերս չունի»,- ասաց սահմանադրագետը:

Նրա կարծիքով՝ տվյալ դեպքում իշխանության յուրացման մասին խոսք կարող էր գնալ այն ժամանակ, եթե տվյալ քաղաքական ուժը միաժամանակ ընտրեր ՍԴ 5 անդամների, քանի որ ՍԴ 170-րդ հոդվածի համաձայն՝ որոշումների մեծ մասը կայացվում է անդամների թվի պարզ մեծամասնությամբ:

«Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելով՝ իշխանությունները հույս ունեն ազդել սթափ, իրավագիտակից քաղաքացիների վրա՝ նրանց զերծ պահելու համար Հրայր Թովմասյանին աջակցելուց: Հասել ենք մի վիճակի, երբ ներքին իրավական անվտանգության սպառնալիք կա արդեն»,- ասաց սահմանադրագետը:

Գոհար Մելոյանը կարծում է, որ իրավական պետությունում հնարավոր չէր լինի ձերբակալել Հրայր Թովմասյանին, սակայն արդեն հնարավոր չէ կանխատեսել իշխանությունների գործողությունները, ու արդեն զարմանալի չէ, թե ինչքան է հնարավոր աղավաղել մեր երկրի իրավական նորմերը և անձանց նկատմամբ նմանաբնույթ ռեպրեսիաներ կիրառել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս