«Մենք այսօր ունենք աշխատավարձով և օրինական եկամուտներով ապրող կառավարություն, ներառյալ՝ վարչապետը». Արման Եղոյան
«Սահմանադրական դատարանի նախագահը, ըստ սահմանման, չի կարող ենթարկվել քաղաքական հետապնդման, որովհետև ինքն ի պաշտոնե չի կարող զբաղվել քաղաքականությամբ, չի կարող լինել քաղաքական գործիչ, չի կարող ունենալ կուսակցական նախընտրություն, հետևաբար՝ ինքը չի կարող հայտնվել որևէ տեսակի քաղաքական գործընթացներում, հետևաբար՝ դառնալ որևէ տեսակի քաղաքական հետապնդման զոհ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Միաժամանակ նա նկատեց, թե այլ հարց է, եթե Թովմասյանն ինքն իրեն համարում է քաղաքական գործիչ. «Իր վերջին հարցազրույցից երևաց, որ այդպես է, և ինքն իրեն համարում է, որ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, հետևաբար՝ իր վերաբերյալ քննվող գործերն էլ պետք է համարի տրամաբանորեն քաղաքական հետապնդում, ինչն ասացի, որ ըստ սահմանման և ըստ օրենքի՝ ուղղակի հնարավոր չէ»:
Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ պատգամավորն ասաց, որ ցանկացած քաղաքացի կարող է հրավիրվել նախաքննություն իրականացնող ցանկացած մարմին և տալ բացատրություն՝ իրենց մոտ քննվող գործի վերաբերյալ.
«Դա ոչ թե աղմուկ առաջացրեց, այլ առաջացրին մի խումբ իրավապաշտպաններ՝ քաղաքական հետաքրքրվածություն ունեցող, քաղաքականության մեջ մտած, մեկ-երկու բացառությամբ: Մամուլում էլ դա քննարկվեց, թե ո՞նց կարող է՝ տանիք, մեքենա… նման հարցադրումներ էին արվում, բայց հարցը տանիքի մեջ չէր, հարցը մեկ ամբողջ քրեական գործի մեջ դետալները պարզելու մեջ է»:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել, սակայն ստացել է աշխատավարձ, պարգևավճարներ, բենզինի գումար, ունի ծառայողական մեքենա: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանը հետևյալն ասաց.
«Դե, եթե հաշվի առնենք, որ արդեն այս հարցը ձեռք է բերել քաղաքական հնչեղություն, և եթե գործի գնալ ասելով՝ նկատի ունենանք այս կամ այն գործերով քննության մասնակցությունը, պետք է գործով նայենք, թե կոնկրետ գործով քննության մասնակցությունն ինչպես է: Ես, ճիշտն ասած, պատճառաբանությունների մասին տեղյակ չեմ: Եթե այդ հարցը գա Ազգային ժողով…»:
Եղոյանն ասաց, որ որպես պատգամավոր՝ չի պատրաստվում բարձրացնել, օրինակ՝ Վահե Գրիգորյանի հեռացման հարցը, իսկ խմբակցությունում, ըստ նրա՝ նման հարց չի քննարկվել:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերաբերյալ Արման Եղոյանն ասաց, որ, եթե այս տեմպով շարունակվի, ապա համաձայնագրի ամբողջական վավերացումը տեղի կունենա հաջորդ տարի.
«2018թ. վավերացրել է ԵՄ 9 երկիր, այս պահի դրությամբ վավերացրել է ևս 9 երկիր, այսինքն՝ 18, ակնկալում ենք, որ շուտով Իտալիան էլ կվավերացնի, Ֆրանսիայում էլ արդեն գտնվում է վավերացման փուլում, մյուս երկրներում էլ համանման իրավիճակ է: Վավերացումը զուտ տեխնիկական հարց է, ես չեմ տեսնում որևէ քաղաքական խոչընդոտ: Համաձայնագրի 80 տոկոսն արդեն ուժի մեջ է, արդեն ճանապարհային քարտեզը կա, արդեն կիրառվում է, հակակոռուպցիոն ռազմավարությունն արդեն հաստատվել է, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն արդեն հաստատվել է, շուտով կլինի մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, և այդպես շարունակ»:
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ պատգամավորն ասաց, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք ունեն մտահոգություններ՝ վիզաների ազատականացումից հետո ապօրինի ներգաղթի ծավալների աճի հետ կապված.
«Մենք հիմա աշխատում ենք այդ երկրների հետ, մասնավորապես՝ Ոստիկանությունն աշխատում է այդ հարցերով, ռեադմիսիայի հետ կապված հարցերով, և կարող եմ ասել, որ այն խնդիրները, որոնք 1 տարի առաջ մենք ունեինք մի շարք պետությունների հետ, այս պահին արդեն չունենք: Մնացել են մի փոքր խումբ խնդիրներ՝ մեկ-երկու փոքր պետությունների հետ կապված, և հիմա մենք իրենց հետ աշխատում ենք: Այստեղ նաև շատ էական է, որ 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ապաստան հայցողների թիվը մոտ 30 տոկոսով նվազել էր: Երկխոսությունը սկսում ենք ոչ թե մենք, այլ երկխոսությունը պետք է սկսեն իրենք. մենք բանակցում ենք երկխոսություն սկսելու շուրջ»:
Դիտարկմանը՝ նախորդ իշխանությունների ժամանակ ժամկետներ էին նշվում, որ 2020 թվականից կարող է մեկնարկել վիզաների ազատականացման երկխոսությունը, նա արձագանքեց՝ ասելով, որ դա բացառված չէ.
«Եթե այս տեմպով շարունակենք, 2020 թվականից կարող է սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը, որը կարող է տևել մի քանի տարի: Բայց երկխոսությունը սկսելուց հետո անշեղորեն 99 տոկոսով տանում է դեպի ազատականացում: Հարցն ուղղակի այդ ճանապարհի երկարության մեջ է՝ շուտ թե ուշ: Այստեղ ես շատ դրական տեղաշարժեր եմ տեսնում, և մենք շատ պոզիտիվ ենք տրամադրված»:
Հաղորդման ընթացքում Արման Եղոյանն անդրադարձավ նաև նախարարների ու փոխնախարարների պարգևավճարների շուրջ ստեղծված աղմուկին և նշեց, որ այս կառավարությունը «կոռուպցիոներ չէ».
«Դա նշանակում է՝ պետական միջոցները չհանել ու օգտագործել մասնավոր նպատակով, բնականաբար, ապօրինի ճանապարհով: Վարչապետը դեռ հունվարից ասաց, որ այս նախարարները պետք է ստանան նորմալ աշխատավարձեր: Կային ժամանակներ, որ նախարարը կարող է աշխատավարձ էլ չստանար ընդհանրապես, դրա կարիքն էլ չունենար ինքը, չիմանար էլ՝ ինչքան աշխատավարձ է ստանում ինքը: Մենք այսօր ունենք աշխատավարձով և օրինական եկամուտներով ապրող կառավարություն, ներառյալ՝ վարչապետը, փոխվարչապետը, նախարարները՝ բոլորը»:
Մանրամասները՝ 168.TV-ի տեսանյութում