Կինն արդեն 19 տարի փնտրում է իր երեխային, չի գտնում. փաստաբանը մեղավորներին փնտրում է Գլխավոր դատախազությունում
Սուսաննա Պատվականյանն արդեն 19 տարի փնտրում է իր երեխային, որի մասին բժիշկներն ասել են, թե վատառողջ է ծնվել, իրեն էլ երեխայից հրաժարվելու մասին դիմում են տվել լրացնելու: 1984-ին ծնված Սուսաննան ծննդաբերել է 2000թ.-ին ՝ անչափահաս տարիքում, երեխային մեկ անգամ է տեսել, այն էլ, ինչպես ինքն է վստահեցնում, իրեն գաղտնի են ցույց տվել նորածնին: Ըստ ծնողի՝ նա շնչում էր, և որևէ խնդիր չկար: Այս տարիների ընթացքում Սուսաննան չորս փաստաբան է փոխել, վստահ է՝ իր երեխան ողջ է, ուզում է գտնել:
Փաստաբան Մարատ Կոստանյանը ևս ունի այդ վստահությունը, ասում է՝ հակառակ դեպքում իրենց բոլոր գրություններն անմիջապես Գլխավոր դատախազությունով չէին անցնի:
«Վստահորդս 15 տարեկանում սիրած տղայից հղիացել է, ծննդաբերել է, մինչև այդ մտահոգվելով երեխայի առողջությամբ՝ դիմել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որպեսզի պտուղը բարեհաջող ծնվի: Ըստ վստահորդիս՝ գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանն իրենց շատ լավ է ընդունել, խորհուրդներ է տվել՝ ի՞նչ անել, ո՞նց անել, և գումար է պահանջել՝ 500 դոլար, որը 2000-ականների համար շատ մեծ գումար էր, երիտասարդները չեն կարողացել վճարել, բայց հետևելով բժշկի խորհրդին՝ վստահորդս մեկ ամիս մեկուսացել է իր ընտանիքից և եկել է ծննդաբերելու չափահաս քրոջ անձնագրով, որ ձևական կողմն ապահովեն, և առաջ չգա այն հանգամանքը, որ տղային դատեն անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, երեխան էլ դրա ապացույցն է, այդ պատճառով վստահորդս գալիս է ավագ քրոջ անձնագրով, բարեհաջող ծննդաբերում է, երեխային ձևակերպում են ԶԱԳՍ-ում, տալիս են վկայական, հետո մորը հայտնում են, որ երեխան վատառողջ է, չի ապրի:
Թելադրում են հրաժարականի տեքստ, որ մայրը հրաժարվում է երեխայից: Անչափահաս երեխային, որը հետծննդյան ընկճախտում է, անօգնական վիճակում, կողքին մարդ չկա, թելադրում են տեքստը, որ հրաժարվում է, բայց կա ընդհանուր նորմ, որ անչափահասի հետ ցանկացած գործարք իրավունակության խնդիր ունի: Պետք է ներկա լինեն ծնողները կամ մանկավարժները, որոնք կփաստեն, որ երեխան իր արածի համար պատասխանատվություն է կրում:
Հրաժարականի բլանկի վրա գրված է ծննդյան ամիս-ամսաթիվը, անչափահաս լինելու հանգամանքը՝ 1984թ. է ծնվել, դեպքը կատարվել է 2000թ.-ին, թղթի տակ էլ՝ ծննդատան գլխավոր բժշկի ստորագրությունն ու հիվանդանոցի կնիքը:
Վստահորդս գնում է, բայց մայրական բնազդով զգում է, որ երեխան ողջ է, սկսում է փնտրել, գալիս է բժշկական կենտրոն, ասում են՝ «մենք խաբար չենք, մանկատուն են տարել, այստեղ են տարել, այնտեղ են տարել», գնում է բոլոր մանկատները, նման երեխա չի գտնում, հետո, մինչև ինքը մեծանում է, կարողանում է վաստակել, վհատությունից դուրս է գալիս, չնայած մինչև հիմա էլ նրա վրա ազդեցությունը կա, իրավապահ համակարգին չվստահելով՝ 2010-ից ավելի ակտիվ է սկսում զբաղվել, փաստաբաններ է վարձում, ես 4-րդն եմ: Խորհուրդ են տվել դիմել այնտեղ, որտեղ կատարվել է դեպքը»,- ասում է Մարատ Կոստանյանը:
Ըստ փաստաբանի՝ հարցումներ են ուղարկվել բոլոր հնարավոր մարմիններին, որևէ փաստաթուղթ չի գտնվել:
«Տարբեր հարցումներ են եղել՝ և՛ Քաղաքացիական ակտերի գրանցման մարմիններին, և՛ մանկատներին, և՛ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան: Ունենք բոլորի պատասխաններն էլ, որ այդ երեխայի մասին որևէ տեղեկություն չկա, որդեգրման մասին տեղեկություն չկա, ծննդյան մասին տեղեկություն չկա, անհետացել են, փոշիացել են:
Երբ ասում ենք՝ վաճառք, դա շատ մեղմ է ասված, գուցե ավելի սարսափելի բաներ կան, օրինակ՝ օրգանների վաճառք: Ծաղկում է նման հանցավոր բիզնեսը, անխափան աշխատում է, սարսուռով եմ ասում դա, բայց կյանքը ստիպում է սթափ նայել:
Հետո սկսվում է ամենահետաքրքիրը, որն ինձ հիմք է տալիս մտածելու, որ հանցագործ օղակի գլուխը թաղված է ՀՀ Գլխավոր դատախազությունում:
Դեռևս մինչև մեր համագործակցությունը վստահորդս հանցագործության մասին հաղորդում է տվել, ներկայացրել է իրավապահ մարմիններին, գործող նորմի համաձայն՝ ամենաուշը 10 օրում պետք է կա՛մ մերժել քրեական գործ հարուցելը, կա՛մ հարուցել քրեական գործ: Պետք է որոշում լինի, նյութերի նախապատրաստումը տևել է 10 ամիս:
Սկզբից պաս էին տալիս՝ Մալաթիա-Սեբաստիայից՝ Աբովյան, քանի որ վստահորդս այդ շրջանից է: Վաղեմության ժամկետով երեխայի հոր գործը կարճվում է, հանցանքն արձանագրվում է, որ կատարվել է, բայց քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Զանգում եմ քննիչին, ասում եմ՝ Սուսաննա Պատվականյանի փաստաբանն եմ, 6-7 ամիս է արդեն, որոշում չկա, որոշում կայացրեք, խոստանում է շաբաթվա վերջին խնդիրը լուծել:
Զանգում եմ շաբաթվա վերջին, ամբարտավան տոնով ասում է՝ զահլա տարաք, հանցակազմի բացակայության հանգամանքով հրաժարվում է գործ հարուցել, դատարան ենք բողոքարկում, բավարարում են մեր բողոքը, պարտադրում են քրեական գործ հարուցել, այդ որոշումն անմիջապես ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքարկվում է Վերաքննիչ դատարան:
Դեպքը տեղի է ունեցել մի վարչական շրջանում, շրջանի դատախազը պետք է զբաղվի այդ գործով, այս գործով բոլոր որոշումները շրջանցել են վարչական շրջանի դատախազին, Երևանի դատախազին, հասել են Գլխավոր դատախազություն: Ինչո՞վ է այս գործը տարբերվում մնացած գործերից, շահագրգռվա՞ծ են:
Գործի վաղեմության ժամկետը, իրոք, անցել է, բայց մեզ հետաքրքիր չէ՝ մեղավորները կնստե՞ն, թե՞ ոչ, մեզ հետաքրքիր է, որ գործը քրեաիրավական գնահատական ստանա, և երևա այն շրջանակը, այն կառույցները, որոնք ներգրավված են եղել: Գործ, իհարկե, հարուցվում է ու կարճվում՝ հանցակազմի բացակայությամբ: Առերեսում չի եղել՝ բժշկի և վստահորդիս միջև: Այսքանից հետո քննիչը հանկարծ հայտնաբերում է որդեգրման որոշման կրկնօրինակ պատճենը, որը մեզ չեն ներկայացնում՝ գաղտնիության սկզբունքից ելնելով»,- ասաց Մարատ Կոստանյանը:
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ևս պնդում է, որ Գլխավոր դատախազությունը մասնակից է այս գործին:
«Առաջին հերթին, որ մայրը հրաժարական է գրել, ապօրինի է, ստորագրվել է անչափահասի կողմից, հետևաբար՝ փաստաթուղթն իրավական ուժ չունի, ծնողը երեխայից չի հրաժարվել: Մոր և փաստաբանի ձեռքում կա փաստաթուղթ, որը տրված է Ռազմիկ Աբրահամյանի կողմից, որտեղ գրված է, որ երեխայի ծնվելուց երեք ամիս անց որդեգրվել է, ոչ մի մանկատանն այդ երեխայի մասին որևէ տեղեկություն չկա, ուրեմն երեխան մանկատուն չի մտել, ծննդատնից միանգամից որդեգրել են, մայրն այսքան դիմել է բոլոր դատական մարմիններին, «ջրել են», նման բան անելն անթույլատրելի է, կծիկը քանդելու ենք, երբ երեխայի մայրը բարձրաձայնում է խնդրի մասին, հրդեհվում է Ռազմիկ Աբրահամյանի կաբինետը, բոլոր թղթերը վերանում են՝ շատ հետաքրքիր պատահականությամբ, սա ևս փաստ է, որի վրա աչք փակել չի կարելի»,- ասում է Մարինա Խաչատրյանը:
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահը պատրաստվում է հինգշաբթի օրն ակցիա անցկացնել ՀՀ Գլխավոր դատախազության առջև և նամակ-պահանջով դիմել դատախազությանը, որ բացահայտեն բոլոր այսպիսի գործերը, հատկապես՝ այս մեկը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ