Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում կառավարությունը
Մեծ ոգևորությամբ կառավարությունն ազդարարեց «Ռայան Էյր» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Հնչեցին փոխադարձ գովեստի խոսքեր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի և կառավարության անդամների կողմից։ «Ռայան Էյր» ընկերության մուտքը կարծես ոգևորությամբ ընդունեցին նաև քաղաքացիները։ Բայց հետո պարզվեց, որ այնքան էլ ոգևորվելու հիմքեր չկան։ Էժան գնով Եվրոպա հասնելու հեռանկարներն ամենևին էլ միանշանակ չեն։ Կան բազմաթիվ մութ կետեր, որոնք թաքնված են ընկերության առաջարկած գնի տակ։
Եվ հետո, դրա դիմաց կառավարությունը պարտավորվել է որոշակի ֆինանսական արտոնություններ տալ։ Խոսքը նախ՝ «օդի հարկից» հրաժարվելու մասին է։ Դա գումար է, որը գնում է պետական բյուջե։ Այսինքն` «Ռայան Էյր» ընկերության կողմից էժան թռիչքներ իրականացնելու դիմաց միայն այս մի արտոնության մասով կառավարությունը վճարում է շուրջ 20 եվրո։ Բայց, իհարկե, դա միակ արտոնությունը չէ։
Կառավարությունը բյուջետային փոխհատուցում կտա Գյումրիից թռիչքներ իրականացնելու համար։ Այս պահին փոխհատուցման չափը գաղտնի է պահվում։ Ու մինչ կառավարությունը չի պատրաստվում գաղտնազերծել ավիափոխադրողի նկատմամբ ստանձնած ֆինանսական բեռի չափը, ինչը նախկին իշխանությունները հրաժարվել էին վերցնել, տարբեր թվեր են շրջանառվում. մեկ ուղևորի հաշվով՝ ընդհուպ մինչ 75-80 եվրո։
Իրականում թե ինչքա՞ն է լինելու կառավարության փոխհատուցումը, ի վերջո, հայտնի է դառնալու։ Բայց այլ կերպ, թերևս, դժվար էր պատկերացնել, որ կարող էր նման էժան գնային առաջարկ ներկայացվել։ Չի կարող այնպես լինել, որ մի ընկերության դեպքում թռիչքի գինը, ասենք` 360, մեկ այլ ընկերության դեպքում` 36 եվրո լինի։ Պարզ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այնպես չէ նաև, որ դա կապված է բացառապես հարակից այլ ծառայությունների անհամեմատ ավելի թանկ լինելու հետ։
Ինչքան էլ կառավարությունը խուսափում է բացահայտել «Ռայան Էյր» ընկերության՝ հայաստանյան շուկայում հայտնվելու գաղտնիքները, դրանք մի օր ջրի երես են դուրս գալու։ Ու լավ կլիներ, որ քաղաքացին ի սկզբանե իմանար, թե ի՞նչ է վճարելու որոշ մարդկանց էժան ուղևորությունների կազմակերպման համար և ի՞նչ է ստանալու ինքը դրանից։
Հազիվ թե կարելի է կարծել, որ հայաստանյան շուկա ընկերության մուտք գործելուց հետո բոլորը վազելու են Եվրոպա։ Իհարկե, կլինեն նաև այդպիսիք, բայց դա չէ, որ դրդել է կառավարությանը մտնել նման ծանրության տակ։ Կառավարության նպատակը ոչ այնքան՝ Հայաստանի քաղաքացիներին էժան գներով Եվրոպա հասցնելն է, որքան՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելը։
«Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,- այն բանից հետո, երբ «Ռայան Էյր» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020թ. հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնելու Հռոմ-Երևան, Միլան-Երևան, ամռանից՝ նաև Բեռլին-Երևան և Մյունխեն-Գյումրի ուղղություններով, իր ֆեյսբուքյան էջում շտապեց Հայաստանի քաղաքացիներին աչքալուսանք տալ Նիկոլ Փաշինյանը։
Զբոսաշրջիկների հոսքերի ավելացման առումով վարչապետի լավատեսությունը հիմնված է հաշվարկների՞ վրա, թե՞ ենթադրություն է, առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում կոնկրետ կամ մոտավոր ցուցանիշներ այս նախաձեռնության և զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ ներկայացված չեն։
Մնում է հուսալ, որ դրանք, այնուհանդերձ, կան։ Այլ հարց է, թե որքանո՞վ կիրականանան։
Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվում էր «թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանի նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունների աննախադեպ աճի մասին, հնչում էին կարծիքներ, որ դա բերելու է զբոսաշրջային հոսքերի կտրուկ ավելացման։ Բայց փորձը ցույց տվեց, որ այդ սպասումները, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, խիստ չափազանցված էին։
Զբոսաշրջիկների թվի ավելացում հայաստանյան շուկայում, անշուշտ, նկատվում է։ Բայց այնպես չէ, որ դա հեղափոխության բացառիկ շնորհն է։
Մինչ այդ էլ նման երևույթ կար` զբոսաշրջիկների հոսքերն ավելանում էին ու շատ ավելի մեծ տեմպերով, քան իշխանափոխությունից հետո։
Պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր ընդհուպ մինչև 18,7 տոկոսով։ Ու դրա վրա էական ազդեցություն էին ունեցել նախկին կառավարության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ ռուսաստանյան զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու պայմանները դյուրացնելու ուղղությամբ։
Այդ քայլերի ազդեցությունն այսօր էլ կա։ Բայց դա չի խանգարել, որպեսզի զբոսաշրջային հոսքերի աճի տեմպը հեղափոխությունից հետո դանդաղի։
Իշխանափոխության առաջին տարում, չնայած ձևավորված այդքան մեծ սպասումներին, զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան ավելացան 10,5 տոկոսով։ Այս տարվա առաջին կեսին աճը կազմել է 12,3 տոկոս։ Այսինքն` ինչպես անցած, այնպես էլ՝ այս տարվա առաջին կեսին աճի տեմպը զգալիորեն ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։
Հիմա կառավարությունը հույս ունի, որ «Ռայան Էյրի» մուտքով կավելանան նաև նշված երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկները։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Այլ հարց է, թե ինչպիսի՞ն կլինեն դրա տնտեսական օգուտները, և արժե՞ր արդյոք ստանձնել նման փոխհատուցման բեռ։
Զբոսաշրջությունը կարևոր գործոն է տնտեսության զարգացման համար։ Ընդունված հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում թողնում է օրական 80-100 դոլար։ Բայց այդ գումարի շատ փոքր մասն է հարկերի տեսքով մտնում բյուջե։ Ու դեռ պետք է հաշվարկել` ավիաընկերության նկատմամբ կառավարության ստանձնած ֆինանսական պարտավորությո՞ւնն է ավելի մեծ, թե՞ զբոսաշրջիկի թողած արդյունքը։
Ավիափոխադրումների գները, անշուշտ, կարևոր դեր ունեն զբոսաշրջության համար։ Այնուհանդերձ, այնպես չէ, որ դա միակ գործոնն է ոլորտի զարգացման և հոսքերի ավելացման համար։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պակաս կարևոր չեն։ Զբոսաշրջիկներին Հայաստան բերելուց առաջ պետք է մտածել նախ՝ դրանց վերացման մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ