Բաժիններ՝

«Եղիշե Չարենցի ու Կոմիտասի միակ հանդիպումն ու այդ ողբերգական օրվա միակ հուշը՝ կապույտ ծաղիկը»

Չարենցի կյանքը լի է ողբերգական ու, զուգահեռ՝ նաև փառահեղ դրվագներով։ 20-րդ դարի այս հանճարեղ հային վիճակված էր, որ իր սիրելի մարդիկ շուտ լքեն այս աշխարհը։ Այդպես եղավ Արփենիկի, Աղասի Խանջյանի հետ։ Արփենիկի մահը նա իր ստեղծագործություններում հաղթահարեց շատ ուշ։

Նա Արփենիկին շատ բանաստեղծություններ ձոնեց հատկապես 1935-1937 թվականների ընթացքում։ Աղասի Խանջյանի մահը շատ ծանր տարավ Չարենցը։ Մի կողմից՝ նա հարգում ու սիրում էր Խանջյանին, իսկ մյուս կողմից՝ հասկանում էր, որ Խանջյանի կորուստն արյան ծովի սկիզբն է դնելու։

Մյուս կողմից՝ Չարենցն իր «կողքին ուներ» մարդկանց, որոնց այդպես էլ չտեսավ, սակայն հասցրեց այդ անհատներին սիրել, պաշտել ու նույնիսկ կռվել նրանց հետ։ Այդպես այս աշխարհից շուտ հեռացան Մայակովսկին, Եսենինը, Տերյանն ու Կոմիտասը։ Նա իր տան սենյակում պահում էր մահվան մահճում պառկած Մայակովսկու քանդակը, որ վերցրել էր քանդակագործից՝ Սերգեյ Մերկուրովից։

Կարդացեք նաև

Չարենցը պաշտում էր Տերյանին, քանի որ իր գրականության ակունքները հենց գալիս էին տերյանական պոեզիայից, սակայն ինչ-որ պահի սկսեց մերժել Տերյանին, հետո նորից ընդունեց Նաիրյան հսկայի մեծությունը։ Այս երկու մեծերն «իրար հանդիպել են» միայն մեկ անգամ։ 1913 թվականին է եղել այդ հանդիպումը։ Չարենցը հեռվից տեսել է Տերյանին, ով թեյարանում նստած է եղել։

Չարենցը մանրակրկիտ տալիս է Տերյանի դեմքի նկարագրությունը և նշում, որ Տերյանը նման էր իր պոեզիային․ «Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայրաստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք- և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային»։ («Վահան Տերյան․ անտիպ և անհայտ էջեր», «Տիգրան Մեծ», Երևան-2014)։

Սա երկու հսկաների առաջին ու վերջին հանդիպումն է եղել։ Այդ ժամանակ Չարենցը 15-16 տարեկան պատանի էր։ Չարենցի հաջորդ մեծությունը Կոմիտասն էր։ Նա իր կյանքի յուրաքանչյուր օրն անցկացնում էր Կոմիտասի երգով։

Հուշագիրները պատմում են, որ շատ անգամ գնում էր Բակունցի մոտ ու լսում, թե ինչպես էր մեծ գորիսեցին Կոմիտաս երգում։ Եվ երբեմն հուզվում էր, երեխայի նման գլխարկը քաշում դեմքին։ Այս երկու մեծերը ևս հանդիպեցին միայն մեկ անգամ, սակայն ցավալիորեն այդ ժամանակ Չարենցը տնային կալանքի տակ էր, իսկ Կոմիտասը՝ մահացած։ Այդ ողբերգական «հանդիպման» մասին կա բացառիկ հուշ Ռուբեն Զարյանի մոտ․

«Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Ներս եկողը չէր հեռանում։ …Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը»։ (Եղիշե Չարենց «Աստղիկ գրատուն», Երևան-2012)

Չարենցը Կոմիտասի աճյունի վրայից վերցնում է մոմե երկնագույն մի ծաղիկ և պահում՝ իբրև մասունք։ Այդ ծաղիկը մինչ օրս պահվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։ Սա երկու մեծերի «հանդիպումից» մնացած միակ հուշն էր։ Այս ծաղկի հետ մեկտեղ՝ Չարենցի տուն-թանգարանը հետագայում ստացավ նաև Կոմիտասի թաշկինակը։ 1913 թվականին Պոլսում համերգի ժամանակ ելույթ է ունենում Կոմիտասի աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը, և աղջիկն այնքան լավ է նվագում, որ Կոմիտաս Վարդապետը թղթե թաշկինակի վրա մակագրում է ու նվիրում Աղավնի Մեսրոպյանին։

Միայն 1952 թվականին Աղավնին այդ թաշկինակը նվիրում է Չարենցի դստերը՝ Անահիտին։ Կոմիտասի հուղարկավորության մասին շատ հետաքրքիր մեկ այլ հուշ ունի նաև Միքայել Մազմանյանը, ով ներկայացնում է, թե Կոմիտասի թաղումից հետո ինչպես սկսեց լաց լինել Չարենցը․

«Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։

Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցն այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։

Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.

– Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։
(«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական):

Այս հուշերից, թանգարանում պահվող կապույտ ծաղիկից հետո ենք միայն հասկանում, թե իրականում որքան էր պաշտում Չարենցը Կոմիտասին։ Ու պատահականություն չեն նաև գրված այն գործերը, որոնցում մեծ պոետը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կատարած աշխատանքը, նրա վեհությունն ու ողբերգական հոգին։ Ժամանակները խառն էին, ու Չարենցը 40-ամյա կյանքի ընթացքում ստիպված էր ձեռնաշղթաների ուղեկցությամբ ճանապարհել մեկ՝ իր կնոջը՝ Արփենիկին, մեկ՝ իր Կոմիտասին։

ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս