«Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են սխալներ, բայց ոչ միտումնավոր ու հանցավոր». Նորատ Տեր-Գրիգորյանց

Հարցազրույց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության  նախարարի  պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ

– Պարոն գեներալ, Դուք նոր եք վերադարձել Սիրիայից, որտեղ այս օրերին թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան թիրախավորել է Սիրիայի հյուսիսը՝ կտրուկ փոխելով իրավիճակը Մերձավոր Արևելքում: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում և ի՞նչ վտանգներ եք տեսնում մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության համար, հատկապես, երբ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ կրկին խոսեց Արցախյան հիմնախնդրի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Իլհամ Ալիևին:

– Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը մի բան է ասում, Թրամփը՝ մեկ այլ, թերթերը գրում են, շատ կանխատեսումներ են արվում, բայց ես՝ որպես ռազմական գործիչ, համարում եմ, որ Էրդողանը, չվախենալով որևէ երկրի արձագանքից, ցուցադրելով իր ռազմական ոգին, պանթուրքիստական քաղաքականությունը, գրավում է տարածքներ անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության պատրվակի ներքո և, չգիտես՝ ինչու, այդ գոտին ստեղծում է՝ սիրիական, ու ոչ՝ սեփական տարածքում:

Որոշակի ժամանակ անց՝ գուցե մեկ-երկու տարի անց, նա հանդես կգա մեկ այլ հավակնությամբ, կասի, որ այս գոտին նեղ է, փոքր է, ընդլայնել է պետք: Այսպես նա ավելի հեռուն կգնա: Նա իր քաղաքական հավակնությունները փորձում է կառուցել Օսմանյան կայսրության սահմանների շրջանակում, իսկ Սիրիան եղել է Օսմանյան կայսրության կազմում:

Նա վերջերս խոսել էր այդ մասին, կհիշեք, ուստի այդ պլանով է առաջնորդվում՝ մտահոգություն չունենալով, որ վատթարացնում է հարաբերություններն ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի հետ: Բայց Թուրքիան մշտապես դիվանագիտորեն հաղթանակում է՝ խորամանկություն, ստոր վարքագիծ ու ճկունություն դրսևորելով: Ներկայումս ևս՝ քրդերի ուղղությամբ հարձակման դեպքում, այդպես է:

Թուրքիան թիրախավորել է քրդերին, որոնց ամերիկացիները դավաճանաբար լքեցին: Քրդերի շարքում, ի դեպ, նաև հայեր կան: Թուրքիան իր գործողությունը քրդերի դեմ փորձում է պատճառաբանել այն պատրվակով, որ քրդերին վերացնելով՝ Միացյալ Քրդստանի հեռանկարն է ոչնչացնում, բայց այդ պատրվակով տարածքներ է գրավում: Քրդերի նախնիները վարձու մարդասպաններ են եղել և սպանել են հայերի, իսկ ներկայումս նրանք բարեկամություն են անում մի շարք ժողովուրդների հետ: Այստեղ բարդ իրավիճակ է:

Որոշ հայեր կարծիքներ են հայտնում, որ կարող են քրդերին ապաստան շնորհել Հայաստանում, ինչպես Սիրիայի հայ համայնքին, իսկ դա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ բավական է մեկ քուրդ մտնի Հայաստան, և Էրդողանը կմտածի, որ ահաբեկիչները Հայաստանում են, և կսկսի ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Էրդողանը շատ վտանգավոր է, և նման իրավիճակը կարող է չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար: Կանխատեսումներ կդժվարանամ անել, դա շատ պատասխանատու գործ է, իսկ ես ողջ Սիրիայում չեմ եղել, պետք է տիրապետել իրավիճակին ամբողջությամբ: Ես մոտավոր կարող եմ կանխատեսումներ անել, բայց դա ճիշտ չի լինի:

– Ինչպե՞ս կարող է այս ամենն անդրադառնալ մեր տարածաշրջանի և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:

– Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, և Թուրքիան, Ադրբեջանն արմատական իսլամիզմի առաջնագծում են: Նրանք մշտապես համաձայնեցնում են իրենց գործողությունները, մշտապես միասին են, իբրև թե Թուրքիան Ղարաբաղի պատճառով է փակել սահմանները Հայաստանի հետ:

Թուրքիան պահանջում է հայերից հեռանալ, տարածք հանձնել, ադրբեջանցի փախստականներին թույլ տալ իբրև թե վերադառնալ Ղարաբաղ, և այլն, բայց որ Թուրքիան գրավել է ողջ Արևմտյան Հայաստանը, և, որ հայ փախստականներին այնտեղ չի վերադարձրել, լռում է, միջազգային հանրությունը ևս լռում է: Բոլորը, չգիտես՝ ինչու, ամաչում են Թուրքիայից, իսկ Թուրքիան լկտիանում է: Այն, որ նրանք Ղարաբաղի հարցում համագործակցում են, վաղուց է հայտնի: Ադրբեջանը նույն Թուրքիան է, Նախիջևանում ովքե՞ր են, թուրքերը:

Ներկայումս Թուրքիան զբաղված է Սիրիայով, մի քանի ճակատով, ամեն երկիր չէ, որ կարող է պատերազմել, թեև Թուրքիան ամուր պետություն է: Բայց չէ՞ որ մենք էլ ներկայումս Զինված ուժեր ունենք, սրանք այն ժամանակները չեն, երբ իմ ծնողների սերունդն առանց զենք է եղել, չի կարողացել պաշտպանվել, թուրքերը քրդերի, գերմանացիների հետ վերացրել են անզեն հայ ժողովրդին: Ներկայումս Հայաստանը նախկինը չէ, Հայաստանը զինված է, ունի բանակ, ես այդ Զինված ուժերի կազմակերպիչն եմ:

Ես հպարտանում եմ, որ արժանացել եմ այդ երջանկությանը, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը խնդրեցին ինձ գալ Հայաստան և զբաղվել զինված ուժերի ստեղծմամբ: Մենք ստեղծեցինք այդ բանակը, ու այն, ի դեպ, բավականին հզոր է: Բնականաբար, առաջնագծում շատ բան կարող է լինել: Հիմա սկսել են ուսումնասիրել, ստեղծել են հանձնաժողով՝ որոշելու համար, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականին: Իսկ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Ի՞նչ փնտրել այդտեղ:

– ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ակնկալում է, որ որպես խորհրդատու՝ մասնակցելու եք հանձնաժողովի աշխատանքներին: Ներկայո՞ւմս ինչ կարծիքի եք այդ մասին:

– Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ես ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել: Օրինակ՝ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, մինչև անգամ Մոսկվա հասավ, ի՞նչ՝ պետք էր բոլորին վերացնեին՝ Ստալինի գլխավորությա՞մբ: Կենտրոնացան ու ետ մղեցին: Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են: Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է:

– ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ցավոտ անակնկալներ չեն լինի:

– Ես պարոն Տոնոյանի հետ ծանոթ չեմ: Ինձ հրավիրել է ՀՀ Անվտանգության խորհուրդը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, և իմ կարծիքը հարցրել են ՀՀ ռազմական անվտանգությանը վերաբերող թեմաների վերաբերյալ, բայց պարոն Տոնոյանը չի ցանկացել ծանոթանալ, ես չեմ նեղանում, դա նրա անձնական գործն է: Մենք ստեղծել ենք Զինված ուժեր, այն պաշտոնը, որը նա զբաղեցնում է, և նա այդ պաշտոնում նույնիսկ չի հետաքրքրվում մարդկանցով, ովքեր բանակ են ստեղծել, ովքեր ստեղծել են պաշտպանություն, ովքեր կոորդինացիա, կառավարում, գործակցություն, կրակի համակարգ են ստեղծել, և այլն, հենց այդ պատճառով չգիտեմ՝ ինչ ասել:

Ես այն ժամանակ ասել եմ, որ, եթե ինձ հրավիրում են՝ որպես ռազմական մասնագետ, ես պատրաստ եմ աջակցել, ես շատ բան գիտեմ, կարող եմ համագործակցել, բայց անպայմանորեն դրանից հետո անցկացնել հզոր հրամանատարաշտաբային կամ տակտիկական, օպերատիվ զորավարժություններ զորքերի ներգրավմամբ՝ վերացնելու համար այն թերությունները, որոնք եղել են 2016 թվականին: Իսկ մենք գիտենք, թե ինչպիսի թերություններ են եղել: Դրանից հետո հարկավոր է անցկացնել ուսումնառազմական, պրակտիկ կոնֆերանսներ հրամկազմի մասնակցությամբ:

Այսինքն՝ պետք է բացահայտել ու վերացնել, քանի որ ռազմական գործում կառավարման, կոորդինացիայի, փոխգործակցության համընհանուր սկզբունքների խախտումը կարող է հանգեցնել պարտության և զոհերի: Եթե եղել են սխալներ, իսկ դրանք իսկապես եղել են, բայց միտումնավոր չեն եղել, հանցավոր չեն եղել, այլ դա սովորական պատերազմ է: Ես Աֆղանստանում պատերազմել եմ և գիտեմ, թե ինչ է պատերազմը: Բայց Աֆղանստանում այլ պատերազմ էր. մենք հակառակորդի մեջ էինք, նրանք՝ մեր: Իսկ այստեղ այլ է, պատերազմի այլ տեխնոլոգիա է գործել:

Այս ամենին պետք է շատ լուրջ վերաբերվել, հայրենասիրաբար, հարգելով բոլոր ղեկավարներին, հրամանատարներին, սպաներին, որոնք այդ ժամանակ ենթարկվել են կրակահերթերի, վիրավորվել են, զոհվել են, և այլն: Այդ հրամանատարների գլխավորությամբ մեր հրաշք զինվորները հետ են մղել հսկայական ուժ, նրանց պետք է գովել և շնորհավորել: Այո, թերություններ եղել են, ենթակա են վերացման: Ռազմական գործում նման տրամաբանություն պետք է լինի: Իսկ այստեղ այլ է՝ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ:

Բայց Անդրանիկ Քոչարյանն ապրի, ղեկավարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, լավ է: Իսկ եթե Տոնոյանն առաջարկեր գալ նաև այն մարդկանց, ովքեր պատերազմել են, կնստեինք, կխոսեինք ռազմական գործի մասին, ես վատ չէի համագործակցի և աջակցեի, որոնք կբխեին Հայաստանի շահերից և կլինեին ի օգուտ Հայաստանի: Բայց նման բան տեղի չի ունենում: Երեք տարի է անցել, հանձնաժողով են ստեղծել, ի՞նչ է դա նշանակում:

– Պարոն գեներալ, Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Դուք հանձնաժողովի աշխատանքներին կմիանաք Ձեր Սիրիա կատարած այցից հետո:

– Ինձ դեռ չեն զանգահարել ու առաջարկել: Ես մինչ այդ ասել եմ, որ չեմ ցանկանում մասնակցել նման բաների, Սիրիա պետք է մեկնեի և գրեցի պարոն Քոչարյանին, որ չեմ մասնակցի: Եթե հիմա առաջարկեն, չգիտեմ՝ պետք է մտածեմ. այնքան բաներ են տեղի ունեցել, այնպիսի իրավիճակ է, այնպիսի ելույթներ են եղել՝ Բալասանյան, Շարմազանով, իրավիճակն այնպիսին է, որ պետք է նախ փորձել գլուխ հանել երկրի կառավարումից, երկրից՝ ապահովելով, առաջին հերթին՝ երկրի անվտանգությունը և զբաղվելով տնտեսությամբ, իսկ նրանք դատական գործերով են զբաղվում: Բայց պետք է առաջ ընթանալ, պայմաններ ստեղծել հզոր պաշտպանության և հարձակման համար, երբ անհրաժեշտ կլինի:

– Պարոն գեներալ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, հնչող հայտարարությունները՝ թե դրսից, թե ներսից, ինչպե՞ս եք գնահատում, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանի դիտարկումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես Վիտալի Բալասանյանին աջակցում եմ: Նույնիսկ նրա հոդվածի տակ իմ մեկնաբանությունն եմ գրել: Ես աջակցում եմ, նա լուրջ, կարգին մարդ է, նա ճիշտ է նկարագրում իրավիճակը, պատահական չէր զբաղեցնում Ղարաբաղի ԱԽ ղեկավարի պաշտոնը: Բոլորն ունեն թերություններ, բայց չի կարելի այդ թերությունները համարել հանցագործություն: Թերությունները թերություններ են, ո՞վ չունի:

Ես ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Ղարաբաղի շուրջ: Ղարաբաղում մշտապես կա հակառակորդի կողմից ագրեսիայի ռիսկ: Հենց այդ պատճառով մեր զինված ուժերը պետք է զբաղվեն ռազմական քաղաքական պատրաստվածությամբ, կատարելագործելով սեփական գիտելիքները, փորձը, վարժանքներ պետք է իրականացվեն: Երբ հակառակորդն է զորավարժություն սկսում, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դրանք կարող են հանկարծակի վերաճել ռազմական գործողությունների: Կարող է մի կողմից՝ կրակեն, մյուսից՝ հարձակվեն:

Պետք է վարել խաղաղ բանակցություններ և հասցնել մինչև վերջ: Ապացուցելով, որ Ղարաբաղը մեր հողն է, ոչ թե պարզապես այնպիսի հայտարարություններով, ինչպես պարոն Փաշինյանը, երբ ասում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ Ալիևը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Հիմարություն են խոսում, պետք է շատ ուշադիր լինել, վարել բանակցություններ և ապացուցել, որ Ղարաբաղը 21 թվականին տվել են Ադրբեջանին, պետք է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի այդ պայմանագիրը չեղարկվի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը:

Տեսանյութեր

Լրահոս