«Հիմնավոր չեմ համարում այն եզրակացությունը, որ այդ վերլուծության շնորհիվ կայացրել էր պարոն Բագրատյանը, որ թվերը ճիշտ չեն». ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2019թ. առաջին 8 ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 7 տոկոս ցուցանիշ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով, մշակող արդյունաբերության աճը 10.4 տոկոս է կազմել։ Արտահանման ընդհանուր աճը կազմել է 4.6 տոկոս, ծառայություններինը` 15.5, շինարարությանը՝ 4,4, զբոսաշրջության աճը` 12.3 տոկոս։ Տնտեսական տարվա հունվար-օգոստոս ամիսների այս ցուցանիշները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ապրանքների արտահանման առնչությամբ նախարարը երկու հանգամանք առանձնացրեց. «Առաջինը՝ այս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդ տարվա հատկապես երկու տարիների ցուցանիշը, սական ուրախալին այն է, որ առաջին ամիսների ընթացքում ունեինք նվազում նախորդ երկու տարիների համեմատությամբ, իսկ վերջին ամիսների ընթացքում ունենք վերականգնում, ընդ որում, նախարարությունը կանխատեսում է, որ տարին կավարտենք մոտ 7 տոկոս արտահանման աճով» :
168.am–ի հարցին, թե արդյո՞ք ներկայացվող ցուցանիշները «տնտեսական հեղափոխության» տրամաբանության մեջ են, և արդյո՞ք 2018 թ. հայտնի քաղաքական իրադարձություններից հետո պարբերաբար հրապարակվող տնտեսական աճի մասին վկայող ցուցանիշների ազդեցությունն իրենց վրա զգում են քաղաքացիները, նախարարը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխության հիմնական գիծը նա է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է իր գաղափարները կենսագործելու պատասխպանատուն և այդ գիտակցումը պետք է կրի»:
Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի այդ նախաձեռնությունը հաջողությամբ կենսագործելու համար:
«Տնտեսական հեղափոխության» արդյունքների մասին նախարարը նշեց. «Դեռևս ականատես չենք այն օգուտների, որոնք, կարծում ենք, որ պետք է լինեն տնտեսական հեղափոխության արդյունքում, բայց վստահ ենք, որ այդ ճանապարհն անցնում ենք ճիշտ ուղղությամբ»:
Լրագրողի խնդրանքով նախարարը մեկնաբանեց նաև տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ…» գրառումը, որում նա մասնավորապես անդրադարձել էր 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերին՝ մասնավորապես նշելով, որ պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը, և նշել մի քանի ցուցանիշներ, որոնք, ըստ նրա՝ կեղծված են. «Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում»:
Տիգրան Խաչատրյանը անդրադարձավ հրապարակված թվերին և նշեց. «Հիմնավոր չեմ համարում այն եզրակացությունը, որ դրա արդյունքում այդ վերլուծության շնորհիվ կայացրել էր պարոն Բագրատյանը, թե թվերը ճիշտ չեն. թվերը ճիշտ են, բայց որպեսզի դրանում մարդ ունենա համոզվածություն՝ պետք է գնա, բոլոր գործոնները վերլուծի առանձին և նոր եզրակացություն անի» :
Զարուհի Դիլանյան