«Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը «Հայաստան» հիմնադրամը չի իրականացրել. ներսում մի ԾԻԳ են սարքել՝ առանձին տնօրենով և կնիքով». Հայկակ Արշամյան
«Ես իմ անուշ Հայաստանի…». այս տարի համահայկական դրահամահավաքը տեղի կունենա այս նոր կարգախոսով և լոգոյով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Այս տարվա մեր թեման խմելու ջուրն է ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև արևային էներգիան: Իսկ մեր կարգախոսը՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», ավելի բացված այն լինելու է՝ «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին: Այլ փոփոխություններ էլ են կատարվել. առաջին չորս ժամը հեռուստամարաթոնը հեռարձակվելու և կազմակերպվելու է ՀՀ-ում՝ Հանրային հեռուստատեսությամբ, իսկ հաջորդ 6-8 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը հույս հայտնեց, որ լավ արդյունք կունենան, քանի որ նվիրատուներին գրավելու նոր գործիքներ ունեն, այդ թվում՝ հիմնադրամի նորացված կայքը:
«Պետք է ուղղակի մարդկանց համոզել, որ ճիշտ տեղում են գումարներ տալիս: Եթե կարողանանք դա անել, ապա հրաշալի արդյունք կունենանք, եթե չկարողացանք, կունենանք այնքան, ինչքան կունենանք»,- ասաց Հայկակ Արշամյանը:
Այս համատեքստում անդրադառնալով ռուսաստաբնակ նվիրատուներին, նա նշեց, որ նրանց հետ բանակցություններ չեն վարվել անցած տարի: «Ես կարծում եմ՝ եթե մարդիկ ուզում են որևէ բան անել ՀՀ-ում, կարող են անել: Ոչ մի ստիպողականություն, ոչ մի ճնշում կամ այլ գործիքներ չենք ուզում օգտագործել որևէ մեկի հանդեպ՝ անհատի կամ գործարարի: Մենք գիտենք, թե նախկինում այդ գործարարների ներգրավվածությունն ինչպես է եղել. նրանց ասել են՝ ինչ-որ բան կանես, դրա դիմաց ինչ-որ բան կստանաս: Հիմնադրամը նման գործունեություն այլևս առաջ չի տանելու»,- վստահեցրեց Արշամյանը:
168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով մեր դիտարկմանը, թե գաղտնիք չէ, որ նվիրատվությունների դեպքում ևս, ուզենք թե չուզենք, անձնական կապերն են աշխատում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը վստահեցրեց, թե իրենց համար հին և նոր բարերար չկա:
«Եթե մարդը ժամանակին բարեգործություն է արել, իրեն ուղղակի վանել և ասել են՝ գնա դու այն ժամանակ…»,- նշեց նա:
Հարցին՝ եթե ինքը՝ բարերարն է ետ կանգնում նախկին ցանկություններից, արդյոք նոր իշխանություններն ունե՞ն, այսպես ասած, իրենց բարերարներին, որոնք եկել են փոխարինելու հներին, Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Մենք նախատեսում ենք հանդիպումներ ունենալ գործարար աշխարհի հետ: Սկսելու ենք ներկայացնել և՛ մեր նոր ծրագրերը, և՛ մեր նոր կայքը, գործունեությունը, և այդ դիրքից ենք փորձելու իրենց ներգրավել հիմնադրամի աշխատանքների մեջ: Ես վստահ եմ՝ այս տարի կլինի այնպես, ինչպես անցած տարի: Անցած տարի մենք առանձնապես չենք խոսել՝ մեզ գումար տվեք, բայց և՛ հները շարունակեցին տալ, և՛ նորերը տվեցին: Ընդ որում՝ հները տվեցին այն նույն գումարը, որը տալիս էին նախկինում, օրինակ, Սամվել Ալեքսանյանը նույն 100 միլիոն դրամը փոխանցեց, էլի կային, բանկեր կային նաև: Այս տարի անպայման փորձելու ենք տարբեր շրջանակների հետ հանդիպել, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների: USAD-ի հետ հիմա Փոքր Վեդիում մի փոքր ծրագիր ունենք ջրի հետ կապված, պայմանագիրն արդեն ստորագրված է»:
Դիտարկմանը՝ կեսկատակ-կեսլուրջ կարծիքներ կան, թե հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի կալանավորումը ճիշտ ժամանակին էր, և որ այդ փաստը կօգնի նոր իշխանություններին լուրջ գումարներ հավաքագրել, մեր զրույցակիցը վստահեցրեց, որ համընկնումը պատահական է՝ հիշեցնելով Հաշվեքննիչ պալատի սկսած ուսումնասիրությունները և դրան հաջորդած գործընթացը:
«Մենք արկղերով նյութեր ենք տվել, առնվազն երեք տարվա բոլոր ծրագրերը նայվել են: Մենակ այնտեղ մի բան կա. նրանք չեն նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը հիմնադրամը չի իրականացրել, այլ հիմնադրամի ներսում մի հատ ԾԻԳ են սարքել՝ առանձին գործադիր տնօրենով, կնիքով, և իրենց անձնակազմն իրենց գործն արել է և թողել-գնացել:
Այսինքն՝ առանձին գրասենյակ է եղել հիմնադրամի ներսում, որի ղեկավարը եղել է Արման Ծատուրյանը: Այլ կերպ ասած՝ Արա Վարդանյանի կողքին ևս մի գլխավոր տնօրեն է եղել՝ իր կնիքով և գործունեությամբ: Հիմնադրամի հետ դա ոչ մի կապ չունի, այո, ֆորմալ առումով հիմնադրամի ներսում է եղել, բայց փաստացի լրիվ առանձին գործունեություն է եղել»,- ասաց «Հայաստան» հիմնադրամի ներկայիս գործադիր տնօրենը:
Մարիամ Պետրոսյան