«Երբ նախարարի ներկայացուցչին ամենակարևոր պահին դուրս են հանում, արդեն անհասկանալի է՝ այդ քվեարկությունը փա՞կ է եղել, բա՞ց է եղել, ի՞նչ են իրար մեջ խոսել». ԿԳՄՍ փոխնախարար

Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ն արդեն իսկ գրել էր, որ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար ընտրությունների ու նշանակման շուրջ:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին փուլում տնօրենի մրցույթի կարգի համաձայն` ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 5 կողմ ձայն (խորհրդի անդամները 8-ն են)։ Նշված մրցույթն ընթացել էր կարգի կոպիտ խախտումով. թեկնածուներից մի քանիսը բացահայտ արտահայտել են իրենց բողոքն ու դժգոհությունը` հասցեագրելով դրանք նաև կրթության նախարարին և Արմավիրի մարզպետին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացության հիմքով մրցույթը չեղարկվի և հայտարարվի նոր մրցույթ։

Մրցույթի նախնական պաշտոնական արդյունքներով` 5 ձայն էր ստացել Էջմիածնի թիվ 12 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը, ով, ըստ մարզում շրջանառվող լուրերի, մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ Սոնյա Բուդաղյանի մտերիմն է և Գրետային անձամբ է ներկայացրել Արմավիրի մարզպետին։ Էջմիածնում տարածված խոսակցությունների համաձայն` Ներսիսյան Գրետան մինչև մրցույթն ասել էր, որ մարզպետարանի ու համայնքի ձայներն առել է, ու իրեն պակասում է ընդամենը 1 ձայն, որը ստանալու համար անհաջող բանակցության փորձ էր արել խորհրդի անդամ հանդիսացող ծնողներից մեկի հետ։ Դպրոցի խորհրդի նախագահն է մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանը։

Եվ ահա սեպտեմբերի 30-ի ընտրություններից հետո, երբ կայացել է​ դպրոցի​ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված 2-րդ մրցույթը, Էջմիածին քաղաքի N 3 դպրոցում​ սպասում են տնօրենի նշանակմանը:

Այս անգամ մրցույթին մասնակցել է 4 թեկնածու, այդ թվում՝ մարզպետի որոշմամբ դպրոցի​ տնօրենի պաշտոնատար նշանակված (Էջմիածնի​ N12 դպրոցի նախկին ուսուցիչ) Գրետա Անդրեասյանը և նույն դպրոցի ուսուցիչ Լիլիթ Բադալյանը, ովքեր​ քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 4 և 3 ձայն։ Խորհրդի նիստին մասնակցել են 8 անդամներից 7-ը ( բացակայել է ծնողական խորհրդի ներկայացուցիչներից մեկը)։ Ըստ էության դպրոցի մանկավարժները և ծնողները քվեարկել են իրենց անփոփոխ նախընտրությամբ՝ Լիլիթ Բադալյանի օգտին, քանի որ, մեր տեղեկություններով, մրցույթի հաջորդ օրվանից դպրոցում տեղի է ունեցել ստորագրահավաք, որից հետո դպրոցի կոլեկտիվը նամակով դիմել է​ փոխվարչապետին՝ խնդրանքով, որ տնօրեն նշանակվի հենց նա։

ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանված կարգի համաձայն՝​ մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում առավելագույն ձայներ ստացած թեկնածուների անձնական գործերն ուղարկվում են փոխվարչապետին, ով էլ համապատասխան մարզպետին առաջարկում է պայմանագիր կնքել կոնկրետ թեկնածուի հետ։ Դպրոցի կոլեկտիվը նամակը հասցեագրել է և սպասում է փոխվարչապետի որոշմանը՝ այն հույսով, որ իրենց ձայնը լսելի կլինի կառավարության ավելի բարձր օղակներում, քանի որ մարզի մակարդակում դա հնարավոր չեղավ։

Անհասկանալի է նաև, թե ինչու խախտումով մրցույթ իրականացրած խորհրդի նույն կազմին իրավունք և հնարավորություն տրվեց երկրորդ անգամ որոշել դպրոցի ղեկավարման ճակատագիրը։​

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը 168.am-ին պատասխանեց, որ, եթե մրցույթ է հայտարարված, կարգով այնպես է, որ խորհրդի անդամներին չես կարող փոխել:

«Եթե այնտեղ կան խորհրդի անդամներ, ում 3 տարին լրացել է, ուրեմն նրա լիազորությունները դադարում են, և, որքան գիտեմ, այնտեղ բոլոր անդամները լեգիտիմ են: Այդ պատճառով չի փոխվել կազմը»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը՝ խոստանալով ավելի ուշ ավելի հստակ պարզաբանել խնդիրը:

Մեր այն հարցին, թե այս դպրոցի ոդիսականը, ի վերջո, ինչո՞վ է ավարտվելու, ասաց, որ հարցն այժմ գտնվում է փոխվարչապետի տիրույթում, քանի որ, ըստ կարգի, քանի դպրոցը մարզային ենթակայության է, փոխվարչապետը պետք է նշանակի տնօրենին:

«Էքսցենտրիկ իրավիճակ չի եղել: Մեր նախարարության ներկայացուցիչն էլ գրել է, որ ամեն ինչ անցել է կարգին համապատասխան, հանգիստ, հանդարտ վիճակում, և երկու հավակնորդների միջև ձայները բաշխվել են 3/4  հարաբերակցությամբ, և այս դեպքում հարցը լուծում է փոխվարչապետը»,- ասաց Լուսինե Առաքելյանը՝ նշելով, որ գործընթացն ամիսներ չի տևելու հաստատ, օրերի հարց է:

Ինչ վերաբերում է առաջին մրցույթը չեղարկելուն, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ այն չեղարկվել է, որովհետև կոպիտ խախտում է եղել:

«Նախարարության ներկայացուցչին, ով պետք է այնտեղ պարտադիր ներկա լինի ու հետևի կարգի պահպանմանը, դպրոցի խորհրդի նախագահը քվեարկության պահին ասել է՝ դուք չեք կարող ներկա գտնվել, ու հանել է նրան, ու, ցավոք, մեր ներկայացուցիչը չի կարողացել պաշտպանել մեր կարգը, չի կարողացել ոչ մի կերպ պնդել, որ դա կարգի խախտում է, ու քվեարկությունն ընթացել է նրա բացակայությամբ: Այնինչ նա սկզբից մինչև վերջ ներկա պետք է գտնվի: Եվ երբ նախարարի ներկայացուցչին ամենակարևոր պահին դուրս են հանում, արդեն անհասկանալի է՝ այդ քվեարկությունը փակ է եղել, բաց է եղել, ի՞նչ են իրար մեջ խոսել: Եվ սա հիմք է, որ այդ մրցույթը չեղարկվեր, որովհետև այն անցել է կարգի կոպտագույն խախտմամբ, ու այդ արդյունքները մենք չենք ընդունել՝ որպես լեգիտիմ արդյունքներ»,- ասաց Լուսինե Առաքելյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունը Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուին նկատողություն չի հայտարարել նշված խնդիրներն արհեստականորեն ստեղծված լինելու համար, հատկապես որ, նման տեղեկություն ունենք, Լուսինե Առաքելյանն ասաց, որ նախարարությունը նման լծակ չունի:

«Դա պետք է մարզպետարանից ճշտել, քանի որ կրթության վարչության պետը գործում է մարզպետարանի ենթակայության ներքո: Մենք չենք իրենց լիազոր մարմինը: Մենք չունենք լիազորություն մարզպետարանի աշխատակցին նկատողություն տալ»,- եզրափակեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Մարզպետարանի լրատվական ծառայությունից 168.am-ին պատասխանեցին, որ կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանին նկատողություն տրված չէ:

Տեսանյութեր

Լրահոս