Բաժիններ՝

Արմավիրի մարզում սեպտեմբերի 30-ին թեժ է լինելու

Արմավիրի մարզում ցանկալի տարբերակով հարց լուծելու հույսը, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, նախկին մարզպետներից «ժառանգություն» մնացած խորհրդականը, մշակույթի և կրթության վարչության պետն ու ՀՀԿ-ն ոչ հեռավոր անցյալում լքած Կրթության վարչության պետի կողմից հովանավորվող «տնօրենացուներն» են:

Այսպես, ըստ մեզ հասած լուրերի, Էջմիածին քաղաքի N 3 դպրոցում թեժանում են դպրոցի տնօրենի պաշտոնի մրցույթի և մրցույթից հետո կատարված իրադարձությունների վերաբերյալ կրքերը։

Հիշեցնենք, որ Էջմիածնի 3-րդ դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայքարում էին  6-7 թեկնածուներ, ովքեր մինչ օրս բարեհաջող կերպով շարունակվող ավանդույթի համաձայն` արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ Սոնյա Բուդաղյանի հետ, և նրանցից յուրաքանչյուրը, փոքր բացառությամբ, վստահ է եղել, որ հենց իր օգտին  կքվեարկեն մարզպետարանի ազդեցության տակ գտնվող անձինք:

Տնօրենի մրցույթի կարգի համաձայն` ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 5 կողմ ձայն (խորհրդի անդամները 8-ն են)։ Նշված մրցույթն ընթացել էր կարգի կոպիտ խախտումով. թեկնածուներից մի քանիսը բացահայտ արտահայտել են իրենց բողոքն ու դժգոհությունը` հասցեագրելով դրանք նաև կրթության նախարարին և Արմավիրի մարզպետին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացության հիմքով մրցույթը չեղարկվի և հայտարարվի նոր մրցույթ։ Մրցույթի նախնական պաշտոնական արդյունքներով` 5 ձայն էր ստացել Էջմիածնի թիվ 12 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը, ով մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ Սոնյա Բուդաղյանի մտերիմն է և Գրետային անձամբ է ներկայացրել Արմավիրի մարզպետին։ Էջմիածնում տարածված խոսակցությունների համաձայն` Ներսիսյան Գրետան մինչև մրցույթն ասել էր, որ մարզպետարանի ու համայնքի ձայներն առել է, ու իրեն պակասում է ընդամենը 1 ձայն, որը ստանալու համար անհաջող բանակցության փորձ էր արել խորհրդի անդամ հանդիսացող ծնողներից մեկի հետ։ Դպրոցի խորհրդի նախագահն է մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանը։

Ըստ տնօրենի այլ թեկնածուների կողմից հնչեցված բողոքների ու դժգոհությունների` հենց վերջինս է խախտել քվեարկության կարգը։ Այս պատմության մեջ  հատկանշական է այն փաստը, որ այժմ Ներսիսյան Գրետան մարզպետի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի N 3 դպրոցի տնօրենի պաշտոնակատար այն դեպքում, երբ մարզպետն իր պաշտոնավարման ողջ ընթացքում հայտարարում էր, որ մրցույթի բոլոր մասնակիցների համար պետք է լինեն հավասար պայմաններ, և դպրոցի գործող տնօրեններին մինչև մրցույթների անցկացումը պաշտոնակատար չի նշանակել։ Դպրոցի մանկավարժները մի քանի անգամ դիմել են մարզպետարան՝ խնդրանքով և առաջարկով, որ պաշտոնատարի պարտականությունները շարունակի նախկին տնօրենը կամ նշանակվի դպրոցի այն աշխատողներից, ով մրցույթին չի մասնակցելու։ Նրանց պատասխանել են, թե մարզպետն ում հարմար է գտնում, նրան էլ նշանակում է: Սա, փաստորեն, այն դեպքում նույնիսկ,  եթե դա հակասում է նույն պաշտոնյայի նախկին հայտարարություններին)։

Հետաքրքիր է նաև այն, որ Գրետա Ներսիսյանն ազատվել է իր հիմնական աշխատանքից (Էջմիածնի N 12 դպրոցի) և աշխատում է՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հավանաբար ուսուցչուհու կողմից հիմնական աշխատանքից ազատվելու նման որոշման համար առնվազն կրկին ընտրվելու երաշխիքը կարող էր լինել, քանի որ իր նախկին, ռուսաց լեզվի ուսուցչի՝ թափուր  դարձած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ։

Իսկ կենացները, ըստ նույն աղբյուրների,  քաղցրանում և և թեմաները ծավալվում են Էջմիածնի N 3 դպրոցում, որտեղ Գրետա Ներսիսյանը շարունակում է իր հայտարարություններն արդեն ռևանշի ոգով՝ հատկապես դպրոցի այն մանկավարժների և ծնողների նկատմամբ, ովքեր փաստացի իր օգտին չեն քվեարկել։ Այժմ նա հնարավորություն և առավելություն է ստանում այլ թեկնածուների նկատմամբ, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը կայանալիք մրցույթը դպրոցում ազդեցություն դաշտ չունեն։

Ըստ Էջմիածին քաղաքում տարածված տարբեր լուրերի` օրերս Սոնյա Բուդաղյանը մարզպետարան է կանչել Էջմիածնի N 3 դպրոցի տնօրենի մրցույթի 4 հավակնորդներին: Գրետա Ներսիսյանի հիմնական մրցակիցը նույն դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Բադալյանն է, ում համակրում են դպրոցի մանկավարժները և ծնողները:

168.am-ը կապ հաստատեց նաև Արմավիրի մարզպետարանի Մշակույթի և կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի հետ:

Մեր այն հարցին, թե թիվ 3 դպրոցի տնօրեն պաշտոնի թափուր տեղի համար սեպտեմբերի 30-ին անցկացվող մրցույթը դպրոցի խորհրդի նույն կազմո՞վ է իրականացվելու, թե՞ կազմը փոխվել է, Սոնյա Բուդաղյանն ասաց, որ տնօրեն նույն խորհուրդն է ընտրելու:

Հարցրինք նաև, թե ինչ նպատակով են նշված թեկնածուները մարզպետարանում եղել, ինչու են իրեն այցելել, ինչ հարցեր են քննարկվել:

«Հինգ թեկնածուներ են ընդհանուր առմամբ, քննարկում չի եղել: Ուղղակի ծանոթացել ենք: Ընդամենը ճանաչողական հանդիպում է եղել»,- ասաց Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան:

Վերջինս հերքեց նաև այն տեղեկությունները, թե թեկնածուների մեջ ֆավորիտ ունի, ավելացրեց, որ ընդհանրապես այնտեղ ձայնի իրավունք էլ չունի:

«Ես դա բացառում եմ, որովհետև չկա այդպիսի բան: Ես չգիտեմ, թե ձեր տեղեկությունները որտեղից են: Ես դա կարող եմ բարձրաձայնել»,- այսպիսին էր Սոնյա Բուդաղյանի արձագանքը մեր այն հարցին, թե հիմնական հավակնորդ Գրետա Ներսիսյանն ամսի 30-ի ընտրություններում իր նախընտրելի թեկնածուն է:

Ինչևէ, սեպտեմբերի 30-ին քիչ ժամանակ է մնացել, և մի քանի օրից մենք կստանանք այս թնջուկի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Հասմիկ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս