Բաժիններ՝

«Ամեն անգամ, երբ դուք առցանց գործողություն եք անում, ձեր մատները անպայման դիպչում են մի բանի, որը մեր կազմակերպությունից է դուրս գալիս». Յորան Մարբին

Հայաստանի օպերատորների միությունն առաջին անգամ կազմակերպել է հայկական ցանցային օպերատորների խմբի «Միասին դեպի թվային ապագան, N2 համաժողով», որտեղ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները հավաքվել են՝ քննարկելու ոլորտի հիմնական խնդիրները, փոխանակելու մտքեր Հայաստանում և տարածաշրջանում զարգացնելու ինտերնետը և հեռահաղորդակցության ոլորտը։ Համաժողովին ներկա էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Իր խոսքում Արշակյանը խոսեց  բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում ինտերնետի և թվային ենթակառուցվածքների մեծ դերի մասին։

«Ամբողջ թվայնացման գործընթացում, որպես թվային ենթակառուցվածքներ, նկատի ունենք թե՛ կապի համակարգերը, թե՛ ենթակառուցվածքները, թե՛ դատացենտրերը և օպտիկամալուխային կապի միջոցները, և այլն։ Ես կուզենայի նաև ասել, որ հաշվի առնելով այն, որ Հայաստանն իրականում լուրջ տեղեր է զբաղեցնում կապի ոլորտում, ամբողջ տարածքում գրեթե մենք ունենք 4G կապ, բացի դրանից, բոլոր քաղաքները և բազմաթիվ բնակավայրեր ունեն օպտիկամալուխային կապ։ Այնուամենայնիվ, դա մենք չենք համարում լավ՝ հաշվի առնելով այն կտրուկ զարգացումները, որոնք կան այսօր։ Պլանավորվում է Հայաստանում նոր ծրագիր իրականացնել, որը այս պահին մենք գործընկերների հետ քննարկում ենք և ծրագրում ենք։ Դա Հայաստանի բոլոր գյուղերը օպտիկամալուխային կապով ապահովելու ծրագիր է, որի մասին տարվա վերջում արդեն կունենանք գնահատական և դրա մասին արդեն կհայտարարենք։ Կարծում եմ, որ հաշվի առնելով, որ ազատական է այս ոլորտը, և առնվազն ինտերնետի մասով բազմաթիվ խաղացողներ կան շուկայում, նրանց դերն ու նշանակությունը նույնպես շատ կարևոր է»:

Արշակյանը կարևորեց համաժողովին օպերատորների միության և միջազգային գործընկերների մասնակցությունը։

«Ես ուզում եմ ասել, որ կապի ենթակառուցվածքների դերը մենք չենք թերագնահատում։ Ավելին, հասկանում ենք, որ, եթե չունենանք այդ ենթակառուցվածքները, ուղղակի անհնարին կլինի առաջանցիկ տեմպերով զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Հուսով եմ, որ մենք այստեղից դուրս կգանք կոնկրետ քայլերի հերթականությամբ, թե ինչպես ևս մեկ քայլ, կամ մի քանի քայլ առաջ տանենք կապի ոլորտը թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների իմաստով»:

Կարդացեք նաև

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը վստահ է, որ այսօր անհրաժեշտություն է առաջացել ոչ միայն ներդրումներ կատարել տեխնոլոգիաների մեջ, այլ նաև ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ և հնարավորություններ՝ կազմակերպություններին աշխարհում մրցունակ լինելու համար։

«Փաստ է, որ թվային փոխակերպումը բիզնեսի համար առաջնահերթություն է, սակայն վերջին տարիներին շատ արագ զարգացումը բերել է ոչ միայն առավելություններ, այլև մի շարք մարտահրավերներ՝ հիմնականում կազմակերպությունների համար։ Ըստ կանխատեսումների՝  2020 թվականին միջին հաշվով հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների եկամուտների կեսը կձևավորվի նորագույն թվային տեխնոլոգիաների միջոցով։

Համաժողովին ներկա էին նաև միջազգային հսկա կազմակերպություններ, որոնք ինտերնետում հայտնի են՝ որպես «ինտերնետի աստղիկներ»։ ICANN կազմակերպության նախագահ և տնօրեն Յորան Մարբին առաջին անգամ է Հայաստանում։ Կալիֆոռնիայում գործող ICANN ընկերությունը արդեն 20 տարի մարդկանց օգնում է ինտերնետից օգտվելու հարցում։

«Ամեն անգամ, երբ Դուք առցանց գործողություն եք անում, Ձեր մատները անպայման դիպչում են մի բանի, որը մեր կազմակերպությունից է դուրս գալիս։ Մենք մեր գործընկերների հետ միասին տալիս ենք դոմեյնների անուններ, համարներ, կարելի է ասել՝ ինտերնետի գոյության սյուներից մեկն ենք։ Մենք Կալիֆոռնիայում ստեղծված, շահույթ չհետապնդաղ կազմակերպություն ենք։ Եվ մեր աշխատանքը դարձնում է հնարավոր ինտերնետի գործը բոլորիդ համար։ Եվ մենք դա որպես ծառայություն՝ մատուցում ենք համայն աշխարհին։ Ամեն անգամ, երբ ուզում եք ինչ-որ սոցիալական ցանցից օգտվել, դուք պետք է օգտագործեք նույնականացում, և մենք հենց այն կազմակերպությունն ենք, որ դա տալիս է»:

Յորան Մարբին վստահ է, որ աշխարհում ինտերնետում շատ բան դեռ կանոնակարգված չէ.

«Աշխարհի բնակչության կեսը չունի մուտք ինտերնետ։ Մյուսն էլ՝ ինչ-որ զարգացման կարիք ունի։ Մենք շատ ռեսուրսներ ենք ծախսում, և մեզ պետք է, որ մեր համայնքները մասնակցեն, մեզ հետ աշխատեն, որպեսզի տեղական ինտերնետ ստեղծեն, որպեսզի մարդիկ ինտերնետից օգտվեն իրենց սեփական պայմաններով, որպեսզի մարդիկ հոգան, որ այն ինֆորմացիան, որ դնում են ինտերնետ, մատչելի լինի կոնկրետ տեղերում։ Դրանից բացի, կան անվտանգության հարցեր։ Սրանք են այն թեմաները, որոնց շուրջ մենք խոսելու ենք  առաջիկա օրերի ընթացքում»:

Աքսել Պավլիկի ղեկավար RIPE NCC ընկերությունը ևս «ինտերնետի աստղիկներից» մեկն է.

«Մեր գործի համար ամենակարևոր բառը կոորդինացիան է, որը շատ հետաքրքիր բառ է, և միգուցե ամենատեսանելի մեր անելիքների մեջ մենք համապատասխան կորդինացիոն հիմքեր ենք տեսնում։ Բացի դրանից, մենք նաև ունենք չափումներ, մենք ունենք տվյալների հոսքեր»:

Աքսել Պավլիկը այս օրերին մասնակցել է նաև  WCIT կոնֆերանսին, որտեղ իրեն մշտապես մեկ հարց են ուղղել՝ Հայաստանի պոտենցիալի մասին.

«Դա հարց է, որին այնքան էլ հեշտ չի պատասխանել, որովհետև այնքա՜ն տվյալներ են պետք այդ հարցին պատասխանելու համար։ Այս օրերին ինձ տարան մի դպրոց, որտեղ երեխաները կարողանում էին իրենց ՏՏ գիտելիքներով կազմակերպել իրենց ուսումնառությունը։ Շատ հետաքրքիր էր այդ ամենը։ Այս հարցին պատասխանելիս ես սովորաբար պատմում եմ Հայաստան արած իմ 3 այցերի մասին։ Առաջին անգամ, երբ շատ տարիներ առաջ եկա, ոչ մի ակնկալիք չունեի Հայաստանից, բայց շատ հաճելի մարդկանց հետ եմ հանդիպել միշտ։ Եվ ամեն անգամ հայտնաբերում էի, որ շատ հետաքրքիր, ակտիվ և ոգևորված ժողովուրդ է։ Ծանոթացել եմ ինտերնետ հանրության հետ։ Մեր գործունեության նպատակը հենց մարդկանց ինտերնետի հետ կապելն է, նրանց սովորեցնելը։ Այս անգամ քաղաքից դուրս եմ գնացել և շատ հետաքրքիր բաներ եմ տեսել։ Այստեղ միշտ ինչ-որ բան կա դիտելու։ Անպայման նորից եմ գալու։»

Համաժողովի առաջիկա 3 օրը մասնակիցները քննարկելու են տվյալների տեղայնացման, գաղտնագրման, կիբեռանվտանգության ու թվային ապագայի մասին։ Վստահ են՝ Հայաստանի ներուժը զարգացնելու համար պետությունը պետք է ականջալուր լինի հանրության առաջ քաշած հարցերին, իսկ տեխնիկական համայնքն էլ պետք է զարգացման լուծումներ առաջարկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս