«ՌԴ-ն անհանգստանում է, որ ՀՀ-ում հեղափոխությունն այնքան կերկարաձգվի, որ կարևոր հարցերը կդառնան հեղափոխական զարգացումների զոհը»

«Ռուսաստանում որոշակի տագնապով են հետևում, որ Հայաստանում չի մարում հեղափոխությունը, չեն դադարում հեղափոխական գործընթացները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռուսաստանի Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» քննարկումների ակումբի ղեկավար կազմի անդամ, ռուս հեղինակավոր վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը, ԼՂ հակամարտությանն ու ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներին:

Ֆյոդոր Լուկիանովը նորմալ է գնահատում հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Ըստ նրա՝ քննարկվեցին բոլոր ընթացիկ հարցերը, լուծում տրվեցին այն հարցերին, որոնց շուրջ պայմանավորվածություններ կային:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցին Հայաստան, ապա ռուս փորձագետը գտնում է, որ պաշտոնական Մոսկվայի և Երևանի հարաբերությունները գործնական են և լիովին տեղավորվում են բավականին ընդարձակ գործընկերության շրջանակներում: Այս ամենը, Լուկիանովի խոսքով, այն դեպքում, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտնի է նրանով, որ բացարձակ չի սիրում հրաժարվել իր հին ու բարի ընկերներից, ինչ էլ որ նրանց հետ չպատահի:

«Ուստի Քոչարյանի տիկնոջ հետ հանդիպումը, որը շատերն ընդունեցին՝ որպես մարտահրավեր, ապացույց է, որ Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ նախագահի դիրքորոշումը մշտապես եղել է այնպիսին, որ Ռուսաստանն ունի գործընկերներ, որոնք հին են, ստուգված, ուստի նրանց հետ համագործակցում է, աջակցում է: Դա, ինչպես գիտեք, արտահայտվել է ամենատարբեր իրավիճակներում, աշխարհի տարբեր մասերում, և ոչ միայն՝ Հայաստանի հետ հարաբերությունների պարագայում:  Օրինակներով կարող եմ խոսել: Ռուսաստանին շատերը քննադատում էին այն բանի համար, որ նա աջակցել է Բաշար ալ-Ասադին, երբ նրան որևէ մեկը չէր աջակցում: Սակայն ներկայումս, ինչպես երևում է, այդ մոտեցումն իրեն արդարացնում է, քանի որ Մերձավոր Արևելքում նույնիսկ նրանք, ովքեր Ռուսաստանի քաղաքականության վճռական ընդդիմախոսներն էին, ընդունում են, որ Ռուսաստանի գիծը հետևողական ու հասկանալի է, իսկ ԱՄՆ քաղաքականությունը՝ ամբողջությամբ անհասկանալի, քանի որ նրանք իրենց նախկին հուսալի, լավ գործընկերներին կարող են հեշտորեն հանձնել: Դիտարկեք քրդերի հետ կապված ներկայիս իրավիճակը, որով ամերիկացիներն իրենց հեղինակությունը հարվածի տակ են դնում ավելի շատ, քան, եթե նրանք աջակցեին հետևողականորեն որևէ ուժի, որը նույնիսկ հեղինակավոր էլ չէ»,- Ռուսաստանի դիրքորոշումը ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ այսպես բացատրեց Լուկիանովը:

Ռուս փորձագետի խոսքով՝ մեծ հաշվով, Ռուսաստանում որոշակի տագնապով են հետևում նրան, թե ինչպես Հայաստանում չի մարում հեղափոխությունը, չեն դադարում հեղափոխական գործընթացները: «Ռուսաստանում միշտ խուսափում են և անհանգստանում, որ հեղափոխությունն այնքան կերկարաձգվի, կներքաշի գործընթացները, որ կարևոր հարցերը կդառնան հեղափոխական զարգացումների զոհը: Սակայն շեշտեմ, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը չի միջամտում որևէ զարգացման, քանի որ մեր գործը չէ, թե ինչպես է Հայաստանն իրականացնելու ներքին գործընթացները»,- ընդգծեց Ֆյոդոր Լուկիանովը:

Վերջինս հիշեցրեց, որ Ռուսաստանը և Հայաստանն անդամակցում են երկու հսկայական և կարևորագույն կազմակերպությունների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Իսկ անվտանգության ոլորտում, Լուկիանովի համոզմամբ, ըստ էության հայ-ռուսական հարաբերություններն այլընտրանք չունեն: «Իսկ այն, ինչ տեղի է ունենում բարձրագույն քաղաքականության մեջ, կարող է նույնիսկ այն չլինել, այս դեպքում այդքան էլ կարևոր չէ, քանի որ հարաբերությունների բազան է կարևոր»,- ասաց Լուկիանովը:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում անձամբ իր ներկայությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը՝ Լուկիանովը հստակեցրեց, որ հայ-ռուսական խնդիրները որևէ առնչություն չունեն այդ հայտարարության հետ: Նրա բնութագրմամբ՝ խնդիրներ կան Հայաստանում, և ոչ՝ հայ-ռուսական հարաբերություններում:

«Ռուսաստանը մշտապես բացասաբար է արձագանքում, երբ կողմերից ցանկացածը սկսում է սադրիչ և լարվածության մակարդակը բարձրացնող հայտարարություններ անել: Պարոն Փաշինյանը, առաջնորդվելով իր սեփական ներքին համոզմունքներով, անում է հայտարարություններ՝ շատ կտրուկ և նպատակաուղղված նրան, որպեսզի Հայաստանի ներսում և Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության շուրջ հարուցի հզոր ռեզոնանս: Ռուսաստանին, բնականաբար, դա դուր չի գալիս, քանի որ Ռուսաստանի համար ամենակարևորը ԼՂ հակամարտության գոտում պատերազմի չվերսկսումն է, ուղիղ բախումներից խուսափելն ու վերահսկելի իրավիճակը պահպանելը: Ուստի ի՞նչ զարմանալու բան կա: Փաշինյանը նման հայտարարություններ անելով, երևի թե, գլխի էր ընկնում, որ այն գործիչները, ովքեր կապ ունեն Ղարաբաղյան կարգավորման հետ, բացասաբար են արձագանքելու այդ հայտարարություններին: Բայց Փաշինյանն արեց այդ հայտարարությունը՝ հավատարիմ մնալով առաջնահերթությունների այն համակարգին, որը նա ունի»,- ասաց Լուկիանովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե՝ «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Խոսելով նույն միջոցառման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքները շարունակվելու են, Լուկիանովն ասաց, որ դա նոր թեմա չէ, այն ոչ մեկ անգամ է բարձրացվել: «Լիովին հասկանալի է, որ Հայաստանում կտրուկ են արձագանքում, երբ ՌԴ-ն այդ ոլորտում համագործակցում է Ադրբեջանի հետ: Դա կարելի է հասկանալ, բայց ռուսական մոտեցումը մշտապես եղել է կոնցեպտուալ կերպով ուղղված հակամարտության գոտում կողմերի փոխզսպմանը: Այսինքն՝ այդ մոտեցումը ենթադրում է, որ որքան կողմերն ավելի վստահ են սեփական ուժերի և հնարավորությունների վրա, այնքան նրանցից յուրաքանչյուրը ավելի պակաս է դիմում քայլերի շփման գծում, հետևաբար՝ ավելի պակաս է շփման գծում բռնկման հավանականությունը:

ՀՀ-ում դա տարբեր, այդ թվում՝ շատ բացասական արձագանքներ է առաջացնում, բայց այդպիսին է ռուսական դիրքորոշումը, և Սոչիում որևէ նոր բան տեղի չի ունեցել: Ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու հայտարարությունը Պուտին-Ալիև հանդիպման արդյունք չէր, քանի որ այդ հանդիպումը շատ կարճ է տևել և կրել է ընթացիկ բնույթ, ուստի ինձ թվում է, որ այդ հայտարարությունը պարզապես ընդհանուր մոտեցում էր»,- պարզաբանեց Ֆյոդոր Լուկիանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս