«Վիտալի Բալասանյանն իր մտահոգություններն է հայտնել՝ դառնալով քննադատության թիրախ ուղղորդված ուժերի կողմից». քաղաքագետ

«Հայաստանի ուժային կառույցներում սկսվել է տրոհման գործընթաց. Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպումից հետո ականատես եղանք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներին, իսկ հիմա էլ խոսվում է Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին»։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում «Սասնա ծռերի» հետ իր հանդիպումը։

«Փաշինյանը այդ հարցին դեռ պետք է պատասխանի, իսկ մինչ կպատասխանի՝ հասարակության մեջ շարունակում է գերիշխող մնալ այն տեսակետը, որ Փաշինյանը ցանկանում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Նույն «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ-ում վերջերս ընդունված նախագիծը, որը ես հենց Փաշինյանի նախագիծն եմ համարում, դրա մասին է վկայում։ Եկեք հիշենք, որ «Լուսավոր Հայաստանը»  նախապես առաջ էր քաշել մի նախագիծ, ըստ որի՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնային նախարարություններ և հաշվետու լինեին Ազգային ժողովին, սակայն Փաշինյանը մերժեց այդ նախագիծը, որից հետո ԼՀԿ-ն բերեց մի նախագիծ, որով պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, իսկ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնի համար սահմանվում են այլ չափանիշեր՝ դրանք դառնում են հայեցողական պաշտոններ»,- ասաց  Բոզոյանը՝ ընդգծելով, որ վարչապետը նման պահանջ է դրել, որպեսզի կարողանա փոխել ոչ միայն անձերին, այլ նաև կառուցվածքը՝ հասնելով նաև աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության։

Ըստ Բոզոյանի՝ աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության մասին վկայող «Սասնա ծռերի» հետ Փաշինյանի հանդիպումը միայն շարքային մերձեցման երեկո չէր, և դա գիտակցում են նաև արցախցիները, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վիտալի Բալասանյանն է, որը իր մտահոգություններն է հայտնել՝ դառնալով քննադատության թիրախ ուղղորդված ուժերի կողմից։

Քաղաքագետի փոխանցմամբ՝  այն, որ Բալասանյանի հարցազրույցին արձագանքել են «Սասնա ծռերը»՝ տարածելով հայտարարություն, վկայում է, որ սա այն շրջանակների պահանջն է, որոնք աջակցեցին հեղափոխություններին Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում։

«Այդ նույն շրջանակը աշխատում է Փաշինյանի հետ։ Հասկանալի է, որ նրանց կողմից ճնշումների արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կվատանան, և կարող  է բռնկվել պատերազմ Արցախում»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ  իշխանություններից պահանջել է ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:

Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ դատախազի գրությամբ ԱԱԾ է ուղարկվել Վիտալի Բալասանյանի հարցազրույցի տեսանյութը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս