
«Ես Ամերիկայի «Գրին քարտ» ունեմ, ես համ էլ այնտեղ եմ հարկ վճարում, «Գրին քարտ» չունենայի՝ այստեղ կվճարեի». Արման Հովհաննիսյան

Մոտ մեկ ամիս առաջ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած եկամուտները հայտարարագրելու իրենց կոչերին, շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներ չեն հայտարարագրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել, ՊԵԿ-ը վերջնագիր էր ուղարկել «աստղերին»:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը: Փորձեցինք շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ճշտել, թե ի՞նչ է փոխվել այս մեկ ամսվա ընթացքում, վճարե՞լ են հարկերը:
168.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանի հայր և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանն ասաց, որ հայտարարագրել են երգչուհու եկամուտները: Ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ դեռ փաստաթղթավորման փուլում են.
«Փաստաթղթավորումն ավարտել ենք, 2018-ի և առհասարակ բոլոր հարկերը վճարված են»:
Զրուցեցինք նաև երգիչ Արման Հովհաննիսյանի հետ: Նա պնդում է, որ այն օրվանից, ինչ սկսել է երգարվեստով զբաղվել, հայտարարագրել է եկամուտներն ու վճարում է հարկերը.
«Երբ ստեղծագործական աշխատանք ունեցել ենք, հարկերը պարտաճանաչ վճարել ենք, հիմա էլ վճարում ենք: 2018 թվականին ընդամենը երկու բարեգործական համերգ ենք ունեցել, դրա համար հարկ չենք վճարել: Ես Ամերիկայի «Գրին քարտ» ունեմ, ես համ էլ այնտեղ եմ հարկ վճարում, օրինակ 2018-ին թե 2017-ին Լաս Վեգասում համերգ եմ ունեցել, այնտեղ եմ հարկ վճարել, եթե համերգն այնտեղ ենք կազմակերպում, այնտեղ ենք վճարում կատարում, «Գրին քարտ» չունենայի՝ այստեղ կվճարեի»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ