«Նախագծին դեմ քվեարկած անձը դիրքորոշում է արտահայտել, ինչը հարգանքի արժանի է». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի բնորոշմամբ, հակասահմանադրական է այն հարցը, թե ո՞վ է եղել պատգամավորներից այն մեկը, որը դեմ է քվեարկել  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին:

«Գաղտնի քվեարկության ամբողջ տրամաբանությունն այն է, որ անձն իր խղճի առջև է միայն որոշում կայացնում: Եթե գաղտնի քվեարկություն է, ապա ինչպես կարող ենք պարզել, թե ով է եղել դեմ քվեարկած պատգամավորը:

Տարբեր կարծիքներ կարող են հնչել, ի վերջո ժողովրդավարական հասարակությունը ավտորիտարից տարբերվում է նրանով, որ ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի: Ինչ վերաբերում է մեկ դեմ քվեարթերթիկին, ապա սա վկայում է, որ գաղտնի քվեարկությունն ունի իր առավելությունները և եղել է անձ, որը դիրքորոշում է արտահայտել, ինչը հարգանքի արժանի է»,- այսօր խորհրդարանում նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ պատգամավորի, չպետք է հետաքննություն լինի և չի կարող լինել կապված այն հարցի հետ, թե ով է եղել դեմ քվեարկած պատգամավորը:

«Եթե ԱԺ-ում այս հարցի հետ կապված լիներ կոնսենսուս և կոնկրետ անձ քվեարկեր խմբակցության դիրքորոշման դեմ, ապա դա կարող էր և գուցե դառնար քննարկման առարկա: Բայց տվյալ պարագայում պետք է ասեմ, որ սա իրավական պետության հիմնադրույթներին հակասող հարց է»,- եզրափակեց Վ. Վարդանյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը դեմ չի քվեարկել նախագծին:

«Մեր խմբակցությունից մասնակցել է 15 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել, մեր խմբակցությունից դեմ քվեարկող չի եղել»,- ընդգծեց Է. Մարուքյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս