Ովքեր են հերթում
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու մասին։ Ու հիմա կարծես անցել է դրա իրականացմանը։ Թե ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու՝ վարչապետի նպատակը՝ դժվար չէ կռահել։ Բայց թե դրանից ինչ է շահում պետությունն ու հասարակությունը, այնքան էլ էական չէ։
Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, խոստանում էր բռնել բոլոր թալանչիներին և ժողովրդին վերադարձնել գողացված միլիարդավոր դոլարները։ Անցել է մեկուկես տարի, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է ու դարձյալ խոստանում է վերադարձնել գողացված փողերը։ Անցած մեկուկես տարում հաջողվել է հետ բերել ընդամենը 100-110 մլն դոլար։
«Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը. հարուցված 219 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 25,7 մլրդ դրամ, որից վերականգնվել է 8,9 մլրդ դրամը, 9,4 մլրդ դրամ երաշխավորված է քրեադատավարական գործիքակազմով (գույքի կալանքով): 2018թ. մայիսից մինչև 2019թ. օգոստոսի 31-ը հարուցվել է նմանատիպ 1665 քրեական գործ, պատճառված վնասը կազմել է 115 մլրդ դրամ, որից 54 մլրդ-ն արդեն իսկ վերականգնվել է»,- մամուլի ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Այնպես չէ, որ հարուցվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնում նախկինում չէր լինում։ Իհարկե, լինում է, գուցե ոչ այն ծավալներով, որ կա հիմա, բայց նաև այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո հաջողվել է շատ մեծ առաջընթաց ապահովել։ Ու դա՝ այն դեպքում, երբ թալանված գումարները բացահայտելու և պետությանը վերադարձնելու գործին իշխանափոխությունից հետո լծվեց ամբողջ պետական կառավարման համակարգը։ Պետք է հիշել, թե իշխանության եկած երիտասարդ պաշտոնյաները, իրենց բան ու գործը թողած, ինչպիսի ջերմեռանդությամբ էին քրքրում նախկինների գործերը` կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար։ Իրար հերթ չտալով` հայտարարում էին պետության պատճառած աննախադեպ վնասների մասին։ Ու թվում էր, թե ուր որ է՝ պետական գանձարանում տեղ ու դադար չի լինելու։
Բայց ի՞նչ ունենք այսօր։ Մեկուկես տարում վերադարձվել է ընդամենը 100-110 մլն դոլար։
Գուցե և փոքր գումար չէ։ Բայց և այն չէ, ինչի ակնկալիք ձևավորել էր իշխանության եկած քաղաքական թիմը։ Դժվար չէ պատկերացնել, թե դեռ ինչքան այդպիսի մեկուկես տարի պիտի անցնի, որպեսզի խոստացված միլիարդավոր դոլարները հնարավոր լինի հետ բերել։ Ու դեռ հարց է, թե դա ինչքանո՞վ է իրատեսական։ Այն, ինչ ունենք իշխանափոխությունից մեկուկես տարի հետո, բոլորովին էլ նման հեռանկարներ չի պարունակում։
Գումարները վերադարձնելու հարցում մեծ առաջընթաց չկա։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ սկսել։ Թեև նպատակը ոչ այնքան կոռուպցիան է, որքան նախկիններին լռեցնելը։
Այդ ճանապարհին նա պատրաստ է վտանգել անգամ բանկային համակարգը։ Քանի կար՝ դատարաններն էին խանգարում թալանածը վերադարձնելուն, այժմ էլ, պարզվում է, բանկային համակարգն է խոչընդոտներ ստեղծում։ Ու դրա համար կառավարությունը լծվել է այդ խոչընդոտների վերացմանը։
Խոսքը, մասնավորապես, բանկային գաղտնիքի մասին է։ Չնայած մասնագետները դրա վերանայման առումով լուրջ ռիսկեր են տեսնում` միևնույն է, վարչապետն իր էշն է քշում։ Նա անհնարին է համարում, որ կառավարությունը հետ կանգնի այդ օրենքի փոփոխությունից և այն չուղարկի Ազգային ժողով։
«Այդ օրենքը, միևնույն է՝ ընդունվելու է,- ասել է Նիկոլ Փաշինյանը,- Բոլոր նրանք, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն։ Ես չեմ պատկերացնում, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար պետք է լինի։ Կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար։ Մյուս կողմից էլ՝ հանրությունն ասում է, թե՝ բա թալանածը ինչի՞ չեք հետ բերում, ճիշտ է ասում։ Հետ բերում ենք, բայց ինչի՞ բավարար տեմպերով հետ չենք բերում, որովհետև բազմաթիվ սահմանափակումներ կան, որ չկարողանանք հասանելիություն ունենալ և ամբողջական պատկեր տեսնել»։
Կառավարությունն ուզում է բացարձակ հասանելիություն ունենալ։ Իսկ թե դա ի՞նչ հետևանքներ կթողնի բանկային համակարգի վրա` կառավարությանը կարծես այնքան էլ չի անհանգստացնում։ Եվ դեռ մեծ հարց է, թե ինչ կտա բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը։
Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, թե ինչպես է կառավարությունն իր անկարողությունն ու ձախողումները փորձել բարդել այլ մարմինների ու կառույցների վրա։ Ժամանակին էլ ներդրումների համար Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկին խորհրդարանին, ինչն առիթ դարձրեց դրանից ազատվելու համար։ Թե հետո որքանով ներդրողները վազեցին ու գումարները շաղ տվեցին Հայաստանի տնտեսության մեջ, երևում է նաև նոր և միաբևեռ խորհրդարանի ձևավորումից գրեթե մեկ տարի հետո։
Նման օրինակները քիչ չեն։ Հիմա էլ հերթը բանկերինն է։ Անիմաստ է կարծել, որ օրենքի փոփոխությունից հետո շատ բան կփոխվի, որովհետև խնդիրը դրանում չէ։
Այսպես ասած, կոռուպցիոն բացահայտումների շրջանակներում հարուցված քրեական գործերով առաջադրված վնասների վերականգնման մակարդակը ցածր է։ Այդպես է, որովհետև բազմաթիվ գործեր շինծու են։ Հաճախ դրանք բեմադրվում են` հասարակության շրջանում ոչ յուրայինների նկատմամբ ատելություն արթնացնելու համար։ Պատահական չէ, որ շատ ու շատ հնչեղ գործեր այդպես էլ մնացին կես ճանապարհին, և հայտնի չէ, թե ինչ եղան։
Այնպես, ինչպես հայտնի չէ, թե ո՞ւր են վերադարձված գումարները, և ինչպե՞ս կամ ինչի՞ վրա են ծախսում։ Կարևորը՝ կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է գործիք, որով փորձում են ճնշել քաղաքական իշխանության գծից դուրս գտնվողներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ