Բաժիններ՝

Ամուսինները չպետք է բաժանվեն միմյանցից

Սուրբ Պողոս առաքյալը, խոսելով ամուսինների ճշմարիտ սիրո մասին, շեշտում է ամուսնության կարևորությունը՝ ասելով. «Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի» (Եփ. Ե 32):

Այս տողերն էլ գալիս են հուշելու, թե որքան մեծ և սուրբ է ամուսնական կապի նշանակությունը: Չէ՞ որ առաքյալն այն ուղղակիորեն համեմատեց Քրիստոսի և Եկեղեցու կապի հետ: Այսինքն, ամուսնությունը փոքրիկ պատկերն է երկնավոր փեսա Քրիստոսի և երկրավոր հարս Եկեղեցու կապի:

Սուրբ Պողոս առաքյալը, դարձյալ համեմատություն անցկացնելով Քրիստոսի և Եկեղեցու կապի հետ, ասում է. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով: Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը: Որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու, և Ինքն է Փրկիչը այդ մարմնի: Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում: Այրե՛ր, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար: Ով սիրում է իր կնոջը, իրեն է սիրում: Սրա համար այրը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ ետևից, և երկուսով պիտի լինեն մեկ մարմին: Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ» (Եփ. Ե 21-23):

Եվ ինչպես Քրիստոս չի զատվում Իր Եկեղեցուց, այնպես էլ պսակված ամուսինները չպետք է բաժանվեն միմյանցից, և ինչպես Քրիստոս միացավ Իր Եկեղեցուն՝ անսահման սիրուց ելնելով, այնպես էլ պսակի խորհուրդը երբեք ու երբեք չպետք է կատարվի առանց փոխադարձ սիրո:

Ինչպես Գրիգոր Տաթևացին է վկայում. «Յոթ խորհուրդները մեզ պատրաստում են՝ յուրացնելու յոթ առաքինությունները»:

Ով ընդունում է սուրբ խորհուրդները հավատքով ու երկյուղածությամբ, ստանում է աստվածային օրհնություն ու շնորհ, իսկ ով որ անհավատությամբ է վերաբերվում կամ ընդունում զուտ իբրև արարողություն, հայհոյում է Սուրբ Հոգուն և արժանանում դատապարտության ու անեծքի (Արշակ Տեր-Միքելյան, Քրիստոնեականը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2007 թ., էջ 380):

Երկուսի ազատ կամքով ամուսնական միությունը ենթադրում է հոգու, մտքի, սրտի և հետաքրքրությունների միավորություն, ինչն էլ հանգեցնում է «Երկուսը պետք է լինեն մի մարմին» խորհրդավոր և վեհ գաղափարին:

Ճշմարիտ սերն ամենամեծ պարգևն է, որ կարող է տրվել միայն Աստծուց: Եթե սիրող սիրտը կարողանում է դառնալ ավելի դրական, ավելի բարի, ներողամիտ ու հանդուրժող, սկսում է հավատալ հրաշքների և կատարում է հերոսական քայլեր, պարգևում անսահման ուժ ու եռանդ, խինդ ու ծիծաղ, արդեն իսկ վկայում է Աստծո կողմից ուղարկված շնորհի մասին: Եվ ինչպես առաքյալն է նշում. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. ԺԳ 4-7):

Տեղին է հիշել Գրիգոր Տաթևացու կողմից առանձնացված ճշմարիտ սիրո գլխավոր նշանները, հատկապես միմյանց հոժարությամբ լսելու ցանկությունը, մշտապես հիշելու, առանց ձանձրույթի ծառայելու որոշումը, այսինքն, սիրո հարատևության այն գլխավոր նախապայմանը, որ կոչվում է հարգանք, առանց որի սերը ուղղակի երկար չի ապրի:

Չկա կատարյալ մարդ, բոլորն էլ ունեն թերություններ, սակայն ճշմարիտ սիրո դեպքում նույնիսկ այդ թերություններն էլ դառնում են սիրելի և հարազատ: Այս դեպքում մինչև անգամ բառեր հարկավոր չեն, և ոչ էլ՝ երկար խոսքեր, քանզի աչքերն էլ միայն բավարար են սիրելիին հասկանալու համար, որովհետև աչքերը հոգու հայելին են, իսկ աստվածապարգև սիրո ժամանակ տեղի է ունենում երկու հոգիների հանդիպում:

Եվ ահա այս վեհ զգացմունքն է միայն, որ կարող է երկու սիրող սրտի առաջնորդել դեպի Սուրբ Խորան, դեպի այն սուրբ խորհուրդը, որի միջոցով միմյանց լրացնելով՝ իրագործվում է Աստծո կամքը կատարելու առաքելությունը:

Այս խորհուրդը մեծ է, քանզի քրիստոնեական ընտանիքը մանրակերտն է Հիսուս Քրիստոսի և Իր Եկեղեցու անխախտ միության: Ընտանիքի առաքելությունը միասնական կերպով Աստծո կամքը կատարելն է:

Սեր, խոնարհություն, մաքուր սիրտ, անկեղծ մտքեր, հավատարմություն: Ահա այն աստվածահաստատ բարձր արժեքները, որոնցով պետք է օժտված լինի ամուսնության պատրաստվող յուրաքանչյուր անձ, քանզի միայն այդ դեպքում ընտանիքը կլինի ամուր և օրինակելի: Աստվածահաճո ընտանիքն այն անսասան վեմն է, որը դառնում է հզոր Հայրենիք ունենալու գլխավոր պայմաններից մեկը:

Խորհելով այս բարձր արժեքների շուրջ՝ ակամայից հիշում ենք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևյալ խոսքերը. «Ընտանիքն է հարատևության պայմանը մեր ազգի, զորությունը՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Հայոց պետության: Աստծո Սուրբ տաճարի և ընտանեկան եկեղեցու ամրությամբ ենք դարեր շարունակ ապրել ու գոյատևել, դիմակայել բազում փորձությունների և տերը դարձել ազատ մեր Հայրենիքի»:

Արդ, ամուսնական կյանք մուտք գործելիս հնարավորինս պարուրենք մեր հոգին այս բարձ արժեքներով, որպեսզի մեր ընտանիքն էլ դառնա Քրիստոսի Եկեղեցու և մեր Հայրենիքի զորացման գլխավոր մասնիկներից մեկը:

Պատրաստեց
Լաուրա Աղաջանյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս