Բաժիններ՝

Երեխաների և մեծերի միջև անջրպետ կա

Շատ է խոսվում Հայաստանի կրթական խնդիրների մասին։ Շատերի կարծիքով՝ մեր կրթության հիմնական խնդիրը վատ ծրագրերն ու դասագրքերն են։ Խնդիր է համարվում նաև կրթության համակարգի վատ կառավարումը։ Պակաս կշիռ չունեն նաև վատ դասավանդման և ցածր ֆինանսավորման խնդիրները։ Իրականում, եթե վերոնշյալները լինեին կրթության հիմնական խնդիրները, ապա աշխարհի շատ զարգացած երկրներ կունենային իդեալական կրթական համակարգ, քանի որ ունեն լավ դասագրքեր, կառավարման լավ համակարգ, վատ չէ նաև ֆինանսավորումն ու դասավանդման որակը։

Բայց կրթության սառցաբեկորն ունի ստորջրյա խութեր, որոնք առաջին հայացքից անտեսանելի են։ Հենց այդ խնդիրներն են կրթության զարգացման հիմնական խոչընդոտները։ Իմ կարծիքով՝ կրթության հիմնական խնդիրը դեռահասների աշխարհի օտարումն է մեծերի աշխարհից։ Բոլոր ժամանակներում էլ եղել է դեռահասների ենթամշակույթ։ Քանի որ երեխաները խաղում են իրար հետ, շփվում են, սովորում, ապա բնական է, որ այդ ամենի արդյունքում նրանք ձևավորում են իրենց ենթամշակույթը։ Նախկինում մեծերը կարողանում էին քիչ թե շատ վերահսկել այդ մշակույթը։ Երեխաներն ապրում էին մեծ ընտանիքներում։

Եթե ծնողներն աշխատանքի էին, ապա երեխաների հետ շփվում և նրանց հսկում էին տատիկները, պապիկները, հորեղբայրները, հորաքույրները։ Ավելին, երեխաների հանդեպ ուշադիր էին նաև հարևանները։ Այսօր մենք ունենք մի իրականություն, երբ ծնողների և երեխաների շփումը կտրուկ նվազել է, քանի որ ծնողներն ավելի երկար են աշխատում։ Ավելին, շատ ընտանիքներում հայրերն արտագնա աշխատանքի են մեկնում։ Բացի այդ, այսօրվա ընտանիքները հիմնականում ապրում են առանձին։ Այսինքն՝ տատիկ-պապիկները, հորեղբայրներն ու հորաքույրները շատ դեպքերում նույն տան մեջ չեն։

Շատ ընտանիքներ իրենց երեխաների տնային աշխատանքները կատարելու համար վճարում են դասապատրաստողներին։ Այսպիսով, ծնողների, ընտանիքի մեծերի շփումը երեխաների հետ կտրուկ նվազել է։ Սա նշանակում է, որ այսօրվա ծնողների մեծ մասը շատ ավելի քիչ է տեղյակ իր երեխայի առօրյայից։ Ճիշտ է, այսօր էլ կան «վագր կամ ուղղաթիռ» ծնողներ, ովքեր փորձում են վերահսկել իրենց երեխայի ամեն քայլը, այդուհանդերձ, երեխաների՝ մեծերից իրենց առօրյան թաքցնելու ու փախչելու հնարավորությունները կտրուկ մեծացել են։

Այս ամենին մեծապես նպաստում են նաև նորագույն տեխնոլոգիաները։ Նախկինում երեխաները միմյանց հետ շփվում էին տանը, բակում, դպրոցում։ Դա հնարավորություն էր տալիս մեծերին տեսնելու, թե ինչ են անում երեխաները, և անհրաժեշտության դեպքում՝ միջամտելու։ Այսօր ինտենսիվ գործող օնլայն հարթակներն այլևս հնարավոր չէ վերահսկել։ Ի՞նչ են երեխաները գրում միմյանց, ինչպե՞ս են հաղորդակցվում օնլայն հարթակներում։ Այս հարցերի մասին ծնողների մեծ մասը տեղյակ չէ։ Հատկապես 15 տարեկանից բարձր երեխաների առօրյան գրեթե անվերահսկելի է դարձել։

Սա նշանակում է, որ երեխաները ստացել են մեծ հնարավորություններ՝ ստեղծելու իրենց ենթամշակույթը, որի մասին մեծերը քիչ բան գիտեն։ Դեռահասների ենթամշակույթն ուսումնասիրող իմ գործընկերներից մեկը զարմացել էր, թե ճնշման ինչպիսի բազմապիսի ձևեր կան երեխաների շրջանում։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մեծերի ու երեխաների աշխարհի միջև առկա անջրպետը մեծացել է։ Երեխաների կյանքը, զգացողությունները, մտածողությունն էլ ավելի քողարկվել է մեզանից։ Այդ աշխարհն այնքան է ուժեղացել, որ երեխաների համար այն շատ ավելի ազդեցիկ է դարձել, քան մեծերի ազդեցությունը։ Երեխաների համար այսօր թիվ մեկ խնդիրն իրենց հասակակիցների խմբերին պատկանելու զգացումն է։

Վերջերս ընտանիքներից մեկում որոշել էին դեռահաս երեխաներին զրկել հեռախոսից, ինտերնետից, համակարգչից, քանի որ նրանք ոչ պատշաճ լուսանկարներ էին հրապարակել իրենց էջում։ 2 շաբաթ անց երեխաները խնդրել էին ծնողներին՝ հետ վերադարձնել իրենց հեռախոսները և հնարավորության տալ օգտվելու օնլայն հարթակներից։ «Մեր դասարանում բոլոր կարևոր հարցերը քննարկվում են օնլայն խմբում։ Եթե մենք չկանք այդ խմբում, ապա մեկուսանում ենք մեր ընկերներից և դառնում ենք ծաղրի առարկա, քանի որ ոչնչից տեղյակ չենք»,- ասել էին դեռահասները։

Ինչպե՞ս է այս ամենն ազդում կրթության վրա։ Խնդիրն այն է, որ կրթությունը մերձ ազդեցություն պահանջող գործընթաց է։ Երեխաները լավ են սովորում այն մարդկանցից, ում համարում են իրենց մոտ գտնվող։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու երեխաներն ավելի լավ են սովորում միմյանցից, քան մեծերից, թե ինչու ավելի ազդվում են հասակակիցներից, քան մեծերից։ Եթե այսօր ունենք մի աշխարհ, որում մեծերն ու երեխաներն իրարից ավելի են հեռացել, ապա ուսուցիչների՝ սովորեցնելու հնարավորությունները նվազել են։ Ուսուցիչներն ու երեխաները, ծնողներն ու երեխաներն իրար լավ չեն հասկանում, ինչի պատճառով չեն կարողանում միմյանցից լավ սովորել։ Սովորելու նախապայմանը միմյանց մոտ լինելն է։ Ուսուցիչները չեն հասկանում, թե ինչու երեխաներին չի հետաքրքրում իրենց դասը։ Երեխաներն էլ չեն հասկանում, թե ինչու իրենք պետք է սովորեն այդ թեմաները։

Այսօր ուսուցիչներից պահանջվում են ահռելի ջանքեր, մեծ ծավալի աշխատանք՝ երեխաների հետ լեզու գտնելու համար։ Ուսուցիչները և ծնողները երեխաների համար ընդունելի լինելու համար պետք է կարդան գրքեր, պետք է դիտեն բոլոր այն ֆիլմերը, որոնք հետաքրքրում են երեխաներին, պետք է հսկայական ժամանակ ծախսեն երեխաների հետ շփվելու համար։ Միայն այդ ամենն անելուց հետո ուսուցիչների, ծնողների և երեխաների միջև առկա անջրպետը կփոքրանա։ Բայց ինչպե՞ս ուսուցիչներն անեն այդ ահռելի աշխատանքը, եթե իրենց վճարում են միայն պարապած ժամերի դիմաց։ Պարապում ես 22 ժամ, ուրեմն կստանաս 80000 դրամ, պարապում ես 11 ժամ, ուրեմն կստանաս 40000 դրամ։ «Ժամավճար» հասկացությունը կրթության ոլորտի ամենավիրավորական հասկացություններից է։

Ցավոք, մանկավարժին վճարում ենք միայն իր պարապած ժամերի դիմաց։ Բայց այն ահռելի աշխատանքը, որ ուսուցիչը պիտի անի աշակերտներին հասկանալի ու հետաքրքիր դառնալու համար, ոչ ոք չի նկատում ու դրա համար չի վճարում։ Հենց դրա համար էլ ունենք մի վիճակ, երբ մի կողմում՝ ունենք դաս տվող ուսուցիչներ, իսկ հեռավոր հակադիր կողմում՝ դասը չլսող աշակերտներ։ Նաև դրա համար ճարահատյալ գոռում ենք՝ հուսալով, որ այդ ձևով կհաղթահարենք մեր և երեխաների միջև առկա անդունդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս