«Իմ օրակարգը նախկինում անհամատեղելի էր իմ քաղաքական թիմի հետ, հիմա կարող եմ հանդես գալ իմ նախաձեռությամբ». Արման Բաբաջանյան
Ես նոր եմ դարձել Ազգային ժողովի անկախ պատգամավոր և այլևս ազատորեն կարող եմ իմ օրակարգը ձևավորել, իսկ Հրայր Թովմասյանի դեմ դատախազություն ներկայացվող դիմումն այդ օրակարգի անկյունաքարային քայլերից մեկն է, որն անհամատեղելի էր իմ նախկին թիմի հետ։ Հիմա կարող եմ ազատորեն հանդես գալ այս նախաձեռությամբ։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության բակում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար դիմումին, ասաց Ազգային ժողովի պատգաՄավոր Արման Բաբաջանյանը։
Պատգամավորը նշեց՝ իր այս դիմումի մեջ առկա փաստերն իրեն բոլորովին վերջերս են հայտնի դարձել:
«Ես հիմա բերել եմ լյուստրացիայի վերաբերյալ իմ նախաձեռնությունը, որով առնվազն 2003 թվականից սկսած բոլոր համապետական ընտրությունների և վեճերի ժամանակ ՍԴ ներկայացված վեճերի պատճառները պետք է վեր հանենք, հասկանանք, թե ՍԴ անդամներից յուրաքանչյուրը ինչպես է քվեարկել, ում որդին ինչ պաշտոնի է նշանակվել, ով ինչպես է վարձատրվել»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Նա պնդեց, որ Հրայր Թովմասյանը, մնալով պատգամավորի կարգավիճակում, դարձել է ՍԴ անդամ, որից հետո՝ ՍԴ նախագահ՝ առանց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմում գրելու։
«Հիմնավորապես ստուգել եմ, որ Հրայր Թովմասյանը դիմում չի գրել: Դա ստուգել եմ նաև ԱԺ աշխատակազմից»,- ասաց Բաբաջանյանը։
Պատգամավորն իր դիմումը հանձնեց Գլխավոր դատախազությանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ